«Ժողովուրդն այսօր պատրաստ չէ երկարատեւ պայքարի, Ժողովրդի ստվար հատվածն ավելի շուտ պատրաստ է լքելու Հայաստանը». Մանվել Եղիազարյան

06-04-2013
358 դիտում
«Ժողովուրդն այսօր պատրաստ չէ երկարատեւ պայքարի, Ժողովրդի ստվար հատվածն ավելի շուտ պատրաստ է լքելու Հայաստանը». Մանվել Եղիազարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեցիք, որ անհայտ է, թե ինչով կավարտվի հետընտրական այս պայքարը, թերահավա՞տ եք:

-Մինչև հիմա այնպես է եղել, որ ամեն մի ժամը ոչնչացրել է մեր ժողովրդին, ամեն մի ուշացում: Վիճակը կատաստրոֆա է, մեր ժողովուրդը հոգևարքի մեջ է, հասկանո՞ւմ եք: Խաղաղ պայքարը միշտ ավարտվել է ինչո՞վ՝ կամ սառեցրել են, կամ պառակտել են, գնել են, ծախել են: Ես չեմ ասում՝ զինված ապստամբություն պետք է բարձրացնենք: Պայքարը պետք է ուժեղացվի, ժողովրդին պետք է ասվի այն, ինչ որ ժողովուրդն ուզում է լսել: Ժողովուրդը հոգնել է, ուզում է վերջակետ դնել ամեն ինչին: Ես ասում եմ, որ հարկավոր է մարդկանց հավաքել ու բոլորին իր տեղը դնել, ասել՝ բավական է: Բոլորն ընտանիք ունեն, երեխա են պահում, ապագա են ուզում կերտել մեր երեխաների համար, բայց հայը գնում է, մենք փախնում ենք, ո՞վ է այստեղ ապրելու:

-Իսկ ինչո՞ւ մեր ժողովուրդը չի անում այնպես, ինչպես դուք եք պատկերացնում՝ հավաքվել ու ասել՝ բավական է, վերջ դնել այս ամենին:

-Ես չեմ ուզում քար գցել ոչ մեկի բոստանը, բայց շատ քաղաքական գործիչներ բավականին լավ խաբեցին ժողովրդին: Ժողովուրդը թևաթափ եղավ, ես վախենում եմ՝ վաղը, մյուս օրը ժողովուրդը տարերային պայքարի դուրս գա, էլ չկարենանք դեմն առնել ու դա վերածվի մի ամբողջ քաոսի: Այդպիսի դեպքեր են լինում ժողովուրդների պատմության մեջ: Դրա համար հարկավոր է ժողովրդին կազմակերպել ու հավաքել: Իսկ այն մարդը, ով պետք է ժողովրդին կազմակերպի ու վստահեցնի, դեռ գոյություն չունի:

-Այսինքն՝ դուք Րաֆֆի Հովհաննիսյանին չե՞ք դիտարկում նման գործիչ:

-Եթե մեկը պատշար է, մեկը՝ ներկարար, դա չի նշանակում, որ մենք ներկարարին չենք ընդունում, նա էլ է տուն սարքում: Բայց այսօր պատշարի հրամայականն է: Ճիշտ հասկանանք, ես Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը գնահատում եմ, բայց նախ պետք է լինի պատը բարձրացնող, որ ներկարարը ներկի: Այ այդ վիճակն է՝ հիմա պատշարի, հիմքը գցողի կարիք կա: Իսկ խաղաղ այս պայքարը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տանում է, կարծում եմ, Աստված չանի, բայց հաջողությամբ չի պսակվի:

-Իսկ ինչո՞ւ հայ ժողովուրդը չունի «պատշար», ո՞րն է պատճառը:

-Մեր ժողովուրդը միշտ ընդունակ է դա ծնելու: Ես ինչո՞ւ եմ ձեռնպահ որոշ գործողություններից, որովհետև վախենում եմ հիասթափեցնել ժողովրդին: Ամսի 9-ին մենք գնում ենք երդմնակալության, ասենք՝ ոստիկանները փակում են ճանապարհները, և ընդհարում է լինում: Ես էլ հրամանատար, ինձ հետ լիքը մարդ է լինելու՝ 200-300 հոգի, կռվո՞ւմ ենք հանուն ժողովրդի, թե փախչում ենք: Եթե կռվում ենք, ասում են՝ սադրանքը դուք սարքեցիք, փախնում ենք, կասեն՝ ժողովրդին թողեցին փախան: Ես ի՞նչ անեմ: Իսկ եթե իմանամ, որ ժողովուրդը որոշել է, վերցնում ենք ցախավելը, վերցնում ենք պոլի փայտը, խփում ենք փայտերով, չենք սպանում, խփում ենք, պաշտպանվում ենք, դիմացը կանգնած հաստագլուխը կհասկանա, որ գլուխը կարող է ջարդվել, ժողովրդի վրա էլ ձեռք չի բարձրացնի: Այ այդ պայքարը պետք է տարվի, ուրիշ միջոց չկա Հայաստանում:

-Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմակիցները ժողովրդին կոչ են անում ապրիլի 9-ին նոր Հայաստան հռչակել Ազատության հրապարակում, դա ի՞նչ կտա:

-Ես չգիտեմ, դա կարող է բերել ավելի ծանր պայքարի՝ նա ասի՝ նախագահը ես եմ, նա ասի՝ ես եմ: Դա կարող է ծանր ու երկարատև պայքար լինել, որին մեր ժողովուրդն այսօր պատրաստ չէ: Ժողովրդի ստվար հատվածն ավելի շուտ պատրաստ է լքելու Հայաստանը: Հարցումներին արել են, Հայաստանի բնակչության 40 տոկոսը պատրաստ է հենց վաղը լքելու Հայաստանը: Իսկ գիտեք, դա ի՞նչ է նշանակում՝ մի քանի տարի հետո մի քանի հաստագլուխ կենդանիներ են մնալու երկրում:

-Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, մարդիկ համատարած լքում երկիրը:

-Ինչ էլ արեց իշխանությունը, ժողովրդին չկարողացավ հաղթել: Կա միայն մի երևույթ՝ վաղվա օրվա հանդեպ անորոշությունը: Այդ անորոշությունը սպանում է մեր ժողովրդին: Ոչ մեկս չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, և մարդիկ լքում են երկիրը: Մենք դիմացել ենք սովին, 90-ականներին կռվել ենք սովի ու համաճարակի պայմաններում: Մեզ չկարողացան քշել երկրից, չէ՞: Ինչո՞ւ, որովհետև մենք գիտեինք, որ կերտում էինք Հայաստան, մենք ամեն ինչ անում էինք կռվի ժամանակ կարգ ու կանոն պահելու համար: Այ դրա համար մենք հաղթանակ տարանք և չէինք լքում Հայաստանը: Իսկ այսօր հայ ժողովրդի համար ո՞վ պետք է հաղթանակ տանի: Անորոշությունն սպանում է ժողովրդին, նրանք էլ լքում են Հայաստանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am