Իրավունքների պաշտպանություն. քաղաքացիական հատվածն ակտիվանո՞ւմ է

27-11-2010
349 դիտում
Իրավունքների պաշտպանություն. քաղաքացիական հատվածն ակտիվանո՞ւմ է

Անցած երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող բողոքի բազմաբնույթ դրսևորումները արդեն իսկ տարվա ընթացքում եղած բազմաթիվ ակցիաների ֆոնին շատերին հիմք են տվել պնդելու, որ հայաստանյան քաղաքացիական կյանքում «լուրջ» փոփոխություններ են սկսվել:

«Հայաստանում կարծես թե ինչ-որ բան սկսել է փոխվել»,- ասում է մասնագիտությամբ իրավաբան 30-ամյա Սյուզան Հարությունյանը, որը նոյեմբերի 25-ին` կանանց դեմ բռնությունների միջազգային օրը մասնակցում էր ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիային:

Եթե մինչ այս Հայաստանում բողոքի ցույցեր էին նախաձեռնում հիմնականում ընդդիմության ներկայացուցիչները, ապա վերջին շրջանում «բողոքողներին» փողոց են հանում ամենատարբեր ոլորտների խնդիրներն ու տարաձայնությունները:

Նոյեմբերի 8-ին ցույցի էին դուրս եկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սանահինի լոկոմոտիվի աշխատակիցները, ովքեր բողոքում էին ընկերության տնօրենի նոր որոշման դեմ, որի պատճառով կարող է գործազուրկ դառնալ 250 մարդ: Սրանից հաշված օրեր անց բողոքողների հերթը «Նաիրիտ» գործարանի շուրջ 200 աշխատակիցներինն էր, ովքեր նախագահական նստավայրի մոտ պահանջում էին իրենց 3-4 ամսվա չվճարած աշխատավարձերը։

Ցույցի ժամանակ նաիրիտցիները հայտարարում էին, որ «վճռական են լինելու և պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին»:

Մինչ նաիրիտցիներին խոստանում էին վճարել աշխատավարձերը, նույն ժամանակ Կապանում բազմահազարանոց բողոքի ցույց էր`ընդդեմ ուրանի հանքերի շահագործման ծրագրի: Հայաստանի մյուս կողմում ևս հանգիստ չէր. Վանաձորում յոթ ամսվա աշխատավարձերի վճարման պահանջով փողոց էին դուրս եկել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության աշխատակիցները:

Հասարակական ալիքի «ամենաթարմ» ընդվզումներից մեկը թերևս նոյեմբերի 24-ին էր, երբ նախագահականի մոտ էին հավաքվել մի խումբ հղի կանայք և ապագա մայրեր, ովքեր պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը չվավերացնի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը, որի վավերացման դեպքում զգալիորեն պակասելու է հղի կանանց տրվող նպաստների չափը:

Ցույցի ժամանակ կանայք հայտարարում էին, որ եթե նույնիսկ նախագահ Սարգսյանը վավերացնի նախագիծը, ապա իրենք դիմելու են միջազգային ատյաններ` իրենց իրավունքները պաշտպանելու համար:

«Հայաստանը երեխա ունենալու տեղ չէ», «Դուք սպառնում եք Հայաստանի բնակչության աճին» այս և նման բովանդակությամբ պաստառներով երիտասարդ կանայք ասում էին, որ պայքարելու են մինչև վերջ:

Բնապահպանական խնդիրներից մինչև քաղաքականություն, հասարակական հնչեղություն ստացած բռնությունների դեմ պայքարից մինչև հղիների իրավունքների պաշտպանություն` Հայաստանում կարծես թե սկսվում է մի նոր ժամանակաշրջան:

Փորձագետներն ասում են, թե հիմքեր ունեն հայտարարելու, որ քաղաքացիական հասարակությունն ակտիվանում է, ինչը նրանք կապում են վիճահարույց վերջին նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակի հետ:

Ընդդիմությունն ու հազարավոր ցուցարարներ, չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, օրեր շարունակ շուրջօրյա ցույցեր անցկացրին Երևանի Ազատության հրապարակում, որոնք ավարտվեցին մարտիմեկյան իրադարձություններով, երբ ուժայինների և ցուցարարների բախման հետևանքով առնվազն տասը զոհ և հարյուրավոր վիրավորներ արձանագրվեցին:

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը «Մեդիալաբին» ասում է, որ հասարակական աճող ակտիվությունը նույնիսկ մի փոքր ավելի վաղ է սկսվել, և դա «2007-ի Շարժման հետևանքն է»:

«Մի բան, որ բոլորս կանխատեսում էինք` նշելով, որ Շարժումով սկիզբ առած քաղաքացիական ընդվզումն անհետևանք չի անցնի և շղթայական ռեակցիայով կտարածվի սոցիալական տարբեր ոլորտների վրա՝ ներառելով մարդկանց, որոնք բուն Շարժման մեջ չեն»,- ասում է նա:

Ղազարյանն ասում է, որ սեփական իրավունքների համար պայքարն ու տարբեր սոցիալական ախտերի բացահայտումը սովորաբար վարակիչ են դառնում ընդվզման մշտապես ակտիվ պահվող հարթակի առկայության պայմաններում:

«Քանի որ այդ պլատֆորմն ապահովում է կամ ժամանակի ընթացքում կուտակում է այն բավարար չափի «համարձակությունը», որն անհրաժեշտ է բռնատիրական հասարակարգում վախը հաղթահարելով որևէ գործողության դիմելու համար»,- ասում է նա:

Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Մեդիալաբին» ասում է, որ ավելացել է ոչ այնքան տարբեր խնդիրների համար պայքարող ակտիվ քաղաքացիների թիվը, այլ այդ ամենի շուրջ ստեղծված հնչեղությունը:

Պատգամավորի խոսքով` ուղղակի այդ ակցիաներին ավելի շատ ուշադրություն են սկսել դարձնել ԶԼՄ-ները, դրանք քննարկումների առարկա են դարձել սոցիալական ցանցերում, ինչի արդյունքում էլ նման հնչեղություն է նկատվել:

«Խնդիրն այն է, որ պետական մարմինները չեն կարողանում համապատասխան դիրքորոշում հայտնել, իսկ իրենց արտահայտած դիրքորոշումներն էլ համարժեք չեն, ուստի մարդիկ ստիպված են իրենց բողոքի ձայնն արտահայտել»,- ասում է պատգամավորը:

Հասարակական ակտիվության առաջին ծիլերի արդյունք համարվող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության ղեկավարներից Արայիկ Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում, սակայն, ասում է, որ միանշանակ է, որ վերջին շրջանում հասարակական ակտիվության միտումներ են նկատվում:

«Այդ առումով հատկապես ուզում եմ հիշատակել օրերս նախագահականի մոտ տեղի ունեցած կանանց բողոքի ակցիան: Մասնակիցների մեջ կային բազմաթիվ ապահով ընտանիքների ներկայացուցիչներ, ինչը մինչ այդ հազվադեպ երևույթ էր»,- ասում է Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` իր նկատած ակտիվությունն ինքը կապում է վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումների և, մասնավորապես, մարտիմեկյան իրադարձությունների հետ, երբ «ակնհայտ դարձավ, որ երկրում հաստատված ապօրինությունների դեմ և հասարակ քաղաքացիների շահերի պաշտպանության համար բավարար չէ քաղաքական «ակցիաները» միայն խոհանոցում անցկացնել»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am