Հակակոռուպցիոն պայքար. առասպե՞լ, թե՞ իրականություն

10-12-2009
300 դիտում
Հակակոռուպցիոն պայքար. առասպե՞լ, թե՞ իրականություն

Դեկտեմբերի 9-ին մինչ աշխուժանում են խոսակցությունները կոռուպցիայի մասին, իսկ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները հասցեագրվում են ՄԱԿ-ի հռչակած` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան, Հայաստանում չնայած բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրերին և իշխանությունների շարունակաբար «պատրաստակամությանն» ուղղված ուղերձներին, իրավիճակը մնում է «խիստ մտահոգիչ»:

«Առ այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք չկա»,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լոռու մարզում հակակոռուպցիոն գործունեություն ծավալող իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Սաքունցը հավատացած է, որ կոռուպցիայի դրսևորումների դեմ նման ոչ «կոշտ» դիրքորոշմամբ հնարավոր չէ էական արդյունքների հասնել: Նա մատնանշում է կոռուպցիայի դրսևորման այն բազմաթիվ դեպքերը, որոնք իրենց գրասենյակը հայտնաբերել և ներկայացրել է համապատասխան ատյաններ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների կոպիտ չարաշահումների մասին, սակայն առանց ռեալ «հետևանքների»:

«Հայտարարվում է, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, սակայն ըստ էության քրեական գործեր են հարուցվում մանր-մունր պաշտոնյաների, տնտեսավարող սուբյեկտների դեմ, ինչը ոչ թե պայքար է, այլ աչքակապություն»,- ասում է Արթուր Սաքունցը:

Թեև տարեսկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրությանը հավատացնում էր, թե վարչակազմը «թափանցիկ և շարունակական պայքար կմղի կաշառակերության դեմ», միևնույն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե կոռուպցիան Հայաստանի համար «առաջին հիմնախնդիրն է, որը խափանում է բոլոր բարեփոխումները» և հայտարարել, թե հետևողական պայքար են մղելու այդ արատի դեմ, այնուամենայնիվ, Հայաստանյան «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանն ասում է, որ, ըստ էության, 2003-ից առ այսօր կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում զարգացում չի նկատվում:

«Ոստիկանության վաշտի հրամանատարը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ»,- նոյեմբերի 11-ին ծանուցում է ՀՀ դատախազությունը: Խոշոր չափերի կաշառքը 2500 դոլարն է: Պարբերաբար Հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով տարածվող հաղորդագրությունները հայտարարում են իշխանությունների` կոռուպցիայի դեմ ծավալած պայքարի մասին:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չորեքշաբթի Երևանում կայացած հակակոռուպցիոն համաժողովի ելույթում նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 307 գործ է հարուցվել, ինչն ավելին է նախորդ տարվա համեմատությամբ: Ամալյա Կոստանյանն ասում է, որ համեմատած նախորդ տարիների հետ առաջընթաց տեսնում է, սակայն միևնույն ժամանակ համոզված է, որ պայքարը «ցածր օղակների դեմ է»:

«Մենք գիտենք, թե որքանով են սերտաճած տնտեսական և քաղաքական օղակները: Սակայն եթե դու թիրախ չես դարձնում բարձր օղակներին` նախարար, պատգամավոր,- ասում է Ամալյա Կոստանյանը,- իրական պայքար, քաղաքական կամք չկա, որը ցույց կտար իշխանությունների`մեծ շնաձկների դեմ պայքարելու պատրաստակամությունը: Ուստի հասկանալի է, թե ինչով է պայմանավորված կոռուպցիայի համաթվի անկումը Հայաստանում»: Բեռլինում տեղակայված միջազգային «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Ադրբեջանի, իրավիճակը վատթարացել է:

©Transparency International Աշխարհի 180 երկրների շարքում Հայաստանը Մոնղոլիայի, Եթովպիայի, Ղազախստանի և Վիետնամի հետ կիսում է 120-րդ հորիզոնականը` անցյալ տարվա 2,9 կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) իջնելով մինչև 2,7-ի: ԿԸՀ-ն գնահատվում է 0-10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացված, իսկ 10-ը` չկոռումպացված լինելու ցուցանիշն է:

Ադրբեջանը 143-րդն է 1,9-2,4 դրական միտումով, Վրաստանը` Հարավային Կովկասում լավագույն ցուցանիշով` 66-րդ տեղում է` 3,9-4,1 բարելավված համաթվով: «Կոռուպցիան է այն հիմնական պատճառը, որ Հայաստանը չի կարողանում ամբողջությամբ դուրս գալ միջազգային շուկա, որովհետև կաշառակերությունն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման և արտասահմանյան ներդրումների քանակի հետ»,- այսօր հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, որը շեշտել է, թե ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետական մակարդակով Հայաստանում սկսվեց հանգուցյալ 2003-ին: Սակայն 2003-2007 թթ. տևողության ծրագրի ավարտին, ԹԻ-ն, թեև, ի տարբերություն այս տարվա, ավելի լավ համաթիվ գրանցեց` 3,0, սակայն նաև ցույց տվեց, որ կոռուպցիայի ընկալման փոփոխություն տեղի չի ունեցել և Հայաստանին չի հաջողվել այս տարիների ընթացքում հաղթահարել ԿԸՀ-ի 3,0-ի կարմիր գիծը, որը բնորոշում է համակարգային կոռուպցիա ունեցող երկրներին:

2009-2012 թթ. ծրագիրը, ըստ կառավարության, տարբերվելու է նախորդից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե ամեն տարվա ավարտին գնահատվելու են ոչ թե կատարված գործողությունները, այլ ստացված արդյունքները։ Սակայն շատ քաղաքացիներ թերահավատ են, թե խորհրդային տարիներից կաշառք տալու և կոռուպցիոն դրսևորումները կարելի է հեշտորեն հաղթահարել:

«Չեմ կարծում, թե առաջիկա տասնամյակի ընթացքում Հայաստանում ինչ-որ բան փոխվի կոռուպցիայի մասով,- «Մեդիալաբին» ասում է Երևանի բնակիչ թոշակառու Արտավազդ Մկրյանը: - Տասնամյակներ շարունակ կոռուպցիան և կաշառակերությունը արմատացած են մեր հասարակության մեջ, ամբողջ համակարգն այնպես է կառուցված, որ ուզած-չուզած կաշառք ես տալիս` գործերդ առաջ գցելու համար»:

Մայրաքաղաքի ծայրամասային տաքսի ծառայությունների մի քանի վարորդներ «Մեդիալաբին» ասում են, որ սեփական մաշկի վրա են զգացել կոռուպցիայի դեմ պայքարի «պտուղները»: Կոռումպացված ճանապարհատրանսպորտային ոլորտում, ըստ վարորդների, իրավիճակն ավելի քան բարդացավ օրենսդրական բարեփոխումներից հետո, երբ տուգանքների չափերը կտրուկ բարձրացան:

«Եթե նախկինում կարող էիր 500-1000 դրամ կաշառքով պետավտոտեսուչից ազատվել, հիմա տուգանքների հետ 5-10 անգամ աճել են կաշառքի գները: Մի՞թե սա բարեփոխում է»,- ասում են նրանք: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ առաջին հերթին հենց ոստիկաններն են կոռուպցիոն ռիսկերի դիմում` ապօրինաբար վարորդներից վերցնելով վարորդական իրավունքը, մեքենայից հանելով պետհամարանիշը կամ դարանակալելով չթույլատրված վայրերում:

«Փոփոխություններն ինչ-որ չափով նպաստում են կոռուպցիայի մակարդակի բարձրացմանը, սակայն ամեն դեպքում առաջընթաց կա, գոնե կարող ենք ասել, որ մեր վարորդները զանգում են մեզ, փորձում են տեղեկանալ իրենց իրավունքների մասին, պաշտպանել իրենց շահերը»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը նշում է կոռուպցիոն դրսևորումների հաճախակիացման մասին, քանի որ «տնտեսական վիճակը բավական լարված է»:

Նա ասում է, որ պետական պաշտոնյան, որի աշխատավարձը ամենացածրն է, չի կարող անձնուրաց աշխատել, և «ամեն առավոտ սափրված ու կոկիկ հագնված աշխատանքի գնալ` չմտածելով կաշառքի մասին»:

«Չեմ կարծում, թե մեր որդեգրած քաղաքականությունը բերի արմատական փոփոխությունների,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը: - Ժամանակ առ ժամանակ թեթև զոհ գտնելով և հայտարարություններ անելով` չեն պայքարում կոռուպցիայի դեմ»: Չնայած շատերի թերահավատությանը` նոյեմբերի 28-ին ՀՀԿ համագումարի ժամանակ այս խնդրին կրկին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, թե աղքատության, կոռուպցիայի և պետության առջև ծառացած այլ մարտահրավերների դեմ պայքարն առաջին հերթին «իշխող կուսակցության պայքարն է»:

«Եվ նման պայքարը հասու է միայն ուժեղ կուսակցությանը»,- հայտարարել է ամբիոնից Սարգսյանը:

© Medialab.am