Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

27-01-2010
880 դիտում
Առաջին, բայց ոչ վերջին. «Սասնա ծռեր» առաջին լիամետրաժ մուլտֆիլմը որպես այլընտրանք մանուկներին

Հայաստանի անկախությունից ի վեր նկարահանված առաջին լիամետրաժ մուլտֆիլմը` հայկական «Սասնա ծռեր» էպոսի էկրանավորումը, շատերը հավատացած են, որ լավ հակադարձ կլինի վերջին տարիներին եթերը հեղեղած տեղական արտադրության կրիմինալ սերիալներին:

Հովհաննես Թումանյանի մշակած տարբերակի հիման վրա նկարահանված մուլտֆիլմի ստեղծման վրա ստեղծագործական խումբն աշխատել է մոտավորապես ութ տարի:

Մեծ մասամբ պետական միջոցների հաշվին նկարահանված մուլտֆիլմը, ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` «ժողովրդի քաղաքակրթական մակարդակի մասին խոսող գործ է»:

Վառ կերպարներ, ուժեղ ձայն, հաջողված պատկերներ, հայկական մուլտերից խիստ տարբերվող կերպարներ. հայկական դյուցազնավեպը ներկայանում է հանդիսատեսին, շատերի համոզմամբ` «հոլիվուդյան կերպարներով»:

«Մենք աշխատել ենք մոտենալ համաշխարհային կերպարային լուծումներին և հեռանալ հայկական կարծրատիպերից` գանգուր մազեր, կպած հոնքեր,- «Մեդիալաբին» ասում է մուլտֆիլմի ստեղծման առանցքային դերակատարներից մեկը`հայտնի գլխավոր բեմադրող նկարիչ Վարդան Զաքարյանը: - Ես արել եմ մի գործ, որով հպարտանում եմ»:

Ֆիլմի պրոդյուսեր, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասում է, որ ֆիլմով երեխաները կծանոթանան հայկական էպոսին, որը շատերին անծանոթ է, ինչպես նաև հայ դյուցազուններին, կտեսնեն հայ առնական հաղթող ու վեհ կերպարը:

«Ես շատ ուրախ եմ, որ վիզուալ և բովանդակային առումով մեր կյանք է մտնում մի գործ, որը կհանդարտեցնի աղտոտված դաշտը»,- «Մեդիալաբին» ասում է հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: - Մանկական հասցեագրումով նյութ մենք քիչ ունենք, իսկ այս դեպքում հարազատ անուններ, վեհ կերպարներ… Ազդեցությունը, կարծում եմ` միայն դրական կարող է լինել»:

«Վիզուալ դաշտում» մեծ լարվածություն և հետաքրքրություն առաջացրած մի քանի հայկական կրիմինալ սերիալներ, որոնց հասցեին արդարացի քննադատությունները շարունակվում են առ այսօր, երեխաների և երիտասարդների վրա, ըստ մասնագետների, ուղղակի ազդեցություն ունեն` բառապաշարից մինչ ֆիլմերում ներկայացված հանցագործ աշխարհի հերոսների պահվածքի ընդօրինակում:

Ավելի վաղ «Մեդիալաբին» տված հարցազրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան նշել էր, թե կրիմինալ սերիալները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել դպրոցներում` անկառավարելի դարձնելով երեխաներին, դպրոց բերելով գողական բառապաշար և դաստիարակության առումով դժվարին կացություն ստեղծել:

Իսկ երբ անցյալ տարի պաշտոնապես հանցագործությունների «աննախադեպ» աճ արձանագրվեց նախորդ տարվա համեմատությամբ` գերազանցելով 60-70 տոկոսը, վերլուծաբաններն «ակտիվությունը» կապեցին ոչ միայն տնտեսական ճգնաժամի և սոցիալական վիճակի, այլև մեծ ժողովրդականություն վայելով կրիմինալ սերիալների ազդեցության հետ:

«Ես համոզված եմ, որ մուլտֆիլմը միանշանակ դրականորեն կանդրադառնա երիտասարդության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը`անդրադառնալով կրիմինալ սերիալներին: - Էպոսը շատերը չեն կարդա, սակայն մուլտը հաստատ կդիտեն և կտեսնեն ուժեղ, արժանավոր կերպարներ»:

Գունազարդ, վեհ կերպարներով և հիմնական հերոսներից մեկի` Առյուծ Մհերի որդի, անհավանական ուժի տեր, սակայն միամիտ Սասունցի Դավիթը, ըստ Երևանի բնակչուհի Նատալյա Նազարյանի` պետք է երեխաների համար լինի այն կերպարը, որին կուզենան նմանվել երեխաները և, ինչու չէ, նաև մեծերը:

«Ես ուղղակի հպարտ եմ, որ մենք վերջապես ունեցանք մեր հերոսին, և շատ ուրախ եմ, որ այսօր երեխաներիս բերել եմ կինոթատրոն մեծ էկրանին մուլտը դիտելու»,- «Մեդիալաբին» ասում է 37-ամյա Նազարյանը: - Եվ նրանք էլ շատ ոգևորված են»:

Հունվարից 25-ից Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում օրական մի քանի անգամ ցուցադրվող գրեթե 80 րոպե տևողությամբ «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ներառում է հայկական էպոսի չորս ճյուղերից երեքը, վառ կերպարներով, վառ գույներով, հայկական երգ- երաժշտությամբ և «5+1» ձայնային համակարգի հնչողությամբ դիտելն այնքան էլ մատչելի չէ. տոմսի արժեքը 1500 դրամ է:

Սակայն տոմսավաճառները «Մեդիալաբին» ասում են, որ տոմսերի ամրագրման նման «բում», այն էլ`մուլտֆիլմի համար, իրենք չեն հիշում:

«Նման հետաքրքրություն մուլտի հանդեպ ես չեմ հիշում»,- «Մեդիալաբին» ասում է կինոթատրոնի տոմսավաճառը:

Լաուրա Հարությունյանն ասում է, որ տոմսը թեև թանկ է, սակայն ինքը շատ էր ուզում, որ թոռնիկները հայկական էպոսին փոքր տարիքից ծանոթանան:

«Տարիներ շարունակ մենք կինոթատրոն չէինք եկել, բայց այս անգամ ցանկությունը շատ մեծ էր»,- «Մեդիալաբին» ասում է 60-ամյա Հարությունյանը: - Ֆիլմում պահեր կային, որոնք ինձ շատ հուզեցին, միգուցե երեխաների համար մի քիչ բարդ է: Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին: Սակայն, չեմ կարծում, որ մեկ մուլտֆիլմը կարող է այլընտրանք լինել օրական մի քանի անգամ ցուցադրվող սերիալներին: Կարծում եմ` երեխաներն ավելի մեծ ուշադրության են արժանի»:

Ֆիլմից ավելի մեծ սպասելիքներ ունեցող մեկ այլ հանդիսատես գոհ չէր անորոշ վերջաբանից, իսկ վեցամյա մի աղջնակ «Մեդիալաբին» ասում է, որ ինքը մուլտի լեզվից բան չհասկացավ:

«Գյուղի լեզվով էին խոսում, ես բան չհասկացա ու շատ հոգնեցի»,- ասաց աղջիկը «Մեդիալաբին»:

Մուլտֆիլմի պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը համաձայն է, որ ֆիլմում որոշակի չկանխատեսված «թերություններ կան», սակայն միևնույն ժամանակ հավելում է, որ այն արդեն բարձր գնահատականների է արժանացել միջազգային մասնագետների կողմից:

Գևորգյանն ասում է, որ արդեն սկսել են մեկ այլ անիմացիոն լիամետրաժ ֆիլմի` «Անահիտի» աշխատանքները, իսկ «Սասնա ծռերը», ըստ նրա, առաջիկայում կներկայացվի միջազգային կինոփառատոների:

«Սա լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու մեր առաջին փորձն է անկախ Հայաստանում, բայց միանշանակ լուսավոր կետ է իրականության մեջ»,- ասում է Գևորգյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am