«Ներկա իշխանության պարտվող, անողնաշար պահվածքից շատ երկրներ կփորձեն դիվիդենտներ քաղել». Վարդան Հակոբյան

11-08-2014
415 դիտում
«Ներկա իշխանության պարտվող, անողնաշար պահվածքից շատ երկրներ կփորձեն դիվիդենտներ քաղել». Վարդան Հակոբյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան, վերջին շրջանում շփման գծում լարվածության ուժեղացումն ու բախումները ինչո՞վ եք պայմանավորում:

-Իրավիճակն այս փուլում սրվեց աշխարհաքաղաքական իրադրությունների պատճառով: Մի կողմից Ադրբեջանում է անկայուն վիճակ, մյուս կողմից քաղաքական անկայունություն կա Հայաստանում, մյուս կողմից օրեցօր Ռուսաստանի վիճակն է թուլանում աշխարհով մեկ: Այս երեք շահերը համընկնում են այս կատարված գործողությունների բովանդակության հետ: Ռուսաստանն ամեն դեպքում կփորձի ռևանշ վերցնել, վերկանագնել այն դիրքերը, որոնք կորցրել է: Թե ինչ պատասխան կստանա, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց ոնց կպահեն, հետո կերևա:

-Ի՞նչ եք կարծում՝ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը որքանո՞վ է նպաստել այս փուլում Ղարաբաղյան հիմնախնդրի սրմանը: Ընդհանրապես, ճիշտ դիվանագիության դեպքում հնարավո՞ր էր խուսափել նման դեպքերից:

-Մեր երկրում դիվանագիտության բացակայությունը նպաստեց նրան, որ Ադրբեջանը մտածեց, որ կարող է ինչ-որ նկրտումներ ունենալ հայկական տարածքների նկատմամբ: Եթե մենք ունենայինք ադեկվատ դիվանագիություն, ճիշտ ազգային քաղաքականություն, ոչ մեկի մտքով երբևէ չէր անցնի, որ հնարավոր է նման սցենարի կիրառում հայկական սահմանների վրա: Բայց փառք և պատիվ մեր զինվորներին, որ ամենակոպիտ և ամենաաչալուրջ ձևով պատասխանեցին հակառակրդի նկրտումներին:

-Հատկապես իշխանությունների վարած վերջին մեկ տարվա քաղաքականությունը, ի նկատի ունեմ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, կապ ունի՞ այս իրավիճակի հետ:

-Ոչ միայն այդ քաղաքականությունը: Ներկա իշխանության արտաքին քաղաքականությունը պարտվող, չկողմնորոշված, անողնաշար պահելաձև է: Բնականաբար, շատ երկրների համար անհասկանալի է այդ քաղաքականությունը: Եվ նրանք կփորձեն ինչ-որ կերպ իրենց համար դիվիդենտներ քաղել այդ անողնաշար պահվածքից:

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել:

-Ես չէի ուզենա կանխատեսումներ անել: Միայն մեկ բան չէի ուզի, որ հանդիպման նախօրեին, ինչպես նախորդ անգամ էր, սահմանում էլ ավելի չսրվի իրավիճակը, քան այսօր է: Հայտնի է, որ մի քանի տարի առաջ նմանատիպ հանդիպման ժամանակ կտրուկ սրվեց իրավիճակը, լուրջ միջադեպեր եղան սահմանի վրա: Անցանկալի է, եթե նման միջադեպերը կրկնվեն:

-Վերջին օրերին սահմանում տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ Հայաստանն ինքնուրույն կարող է պաշտպանել իր սահմանները և հակառակորդին մեծ վնասներ հասցնել: Այսինքն՝ մենք չունե՞նք արտաքին աջակցության և Արցախում խաղաղապահների տեղակայման խնդիր, ինչի մասին խոսվում է վերջին ժամանակաշրջանում:

-Հայկական բանակն այսօր ապացուցեց այն, ինչ որ հայկական աշխարհազորն ապացուցեց 1918 թվականին: Երբ որ ամբողջ երկրի ղեկավարությունը դիվանագիտական ճակատում տանուլ էր տևել իր պատերազմը, հայ ժողովուրդը 1918 թվականին իրադրությունը վերցրեց իր ձեռքը և Սարդարապատում ապացուցեց, որ ինքը պատրաստ է տեր լինելու իր երկրին: Նույն կերպ այսօր վարվեց հայկական բանակը: Հայկական բանակը շատ ավելի կազմակերպված ու ադեկվատ պահեց իրեն, քան ամբողջ կառավարությունն իր արտաքին գործերի նախարարությունով:

-Ի՞նչ հետևեություններ պետք է անեն սրանից իշխանությունները:

-Ես չեմ կարծում, որ իշխանություններն ընդհանրապես ունակ են ինչ-որ հետևություններ անելու: Նրանց գործելաոճը վերլուծելով՝ հասկանում ենք, որ շատ կարճաժամկետ և մանևրային քաղաքականություն է վարվում, ժամանակ ձգողի տրամաբանությամբ են աշխատում: Այսինքն՝ երկարաժամկետ ինչ-որ հետևություններ իրենցից ակնկալելն անիմաստ է: Այս դեպքերը մեզ համար ինդիկատոր էին, որ անկախ ամեն ինչից Հայաստանն իր բանակով, թեկուզ այս վիճակում գտնվող բանակով, որը փոխանակ զինված լիներ լավագույն զենքով, զինված է պահածոներով, ի վիճակի է բանակն իր պետությանը տեր կանգնել: Փառք ու պատիվ մեր բանակին ու երիտասարդներին, այսօր 18-19 տարեկան հայ զինվորը կարողանում է Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներին համարժեք պատասխան տալ: Այստեղ հայի գենն է խոսում, ինչ իշխանություն, ինչ կառավարություն:

-Այս փուլում Արևմուտքը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ի՞նչ եք կարծում, ինչ քաղաքականություն պետք է  որդեգրի Հայաստանի կառավարությունը, որպեսզի պատժամիջոցները լուրջ ազդեցություն չունենան մեր երկրի տնտեսության վրա:

-Այն հանգամանքը, որ Ռուսաստանը ֆինանսական հատվածը լուրջ կորուստներ է ունենալու, կարծում եմ, ոչ ոքի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Քանի որ Հայաստանի մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսը գալիս են Ռուսաստանից, նշանակում է, որ մենք 80 տոկոսի չափով կախվածություն ու կորուստներ ենք ունենալու այն տնտեսական ծանր վիճակից, որը կլինի Ռուսաստանում:

Եթե այդ իրավիճակում Հայաստանի կառավարությունը ճիշտ եզրակացություններ չանի, մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու: Եթե այսօր Հայաստանը Մաքսային միության հեռանկարից բացահայտ չհրաժարվի, մենք շատ ավելի վատ վիճակում կհայտնվենք: Այդպես անորոշությունն ավելի երկար կձգվի: Ես կարծում եմ, որ վաղուց պետք էր հրաժարվել Մաքսային միությունից, բայց դրա համար պետք է ունենալ քաջություն և կամք՝ դա անելու համար: Հայաստանը պետք է ունենա շատ կոնկրետ ինքնուրույն քաղաքականություն:

Մեր տեսակետն այն է, որ Հայաստանը չպետք է որևէ միությունից կառչած լինի և դրանով սահամանփակի մանևրելու իր հնարավորությունները: Տարածաշրջանում արդեն բազմաբևեռ աշխարհաքաղաքական գործոններ կան, մենք տեսնում ենք, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն ինչ հեռանկարներ է բացում Հայաստանի համար: Եվ աշխարհը պատկերացնել միայն Մաքսային միության կամ Եվրամիության՝ կամ-կամ-ի ենթատեքստում, արդեն կոպիտ սխալ է:

Մարի Ներսեսյան

© Medialab.am