ԼՂ հիմնախնդիր. միջնորդներն ակնկալիքներ ունեն Աստանայից

01-12-2010
350 դիտում
ԼՂ հիմնախնդիր. միջնորդներն ակնկալիքներ ունեն Աստանայից

Միջազգային հանրությունն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդները լուրջ ակնկալիքներ ունեն Աստանայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից:

Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը, որի ընթացքում  նաև նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսի ղեկավարները` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, չեն մասնակցելու գագաթնաժողովին: ԱՄՆ-ը գագաթնաժողովում կներկայացնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիան` վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Փոխարենը Աստանայում ներկա կգտնվի երրորդ համանախագահող երկրի` ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

Ավելի վաղ ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Աստանա է մեկնել  կազմակերպության քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, ԵԱՀԿ տարբեր առաքելությունների ղեկավարներ։

Նոյեմբերի 29-ի երեկոյան Վատիկանից Աստանա են ժամանել պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերնոտեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Առաջիններից մեկը չարթերային չվերթով Աստանա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նոյեմբերի 30-ին Աստանայում կլինի նաև Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահի մասնակցությունը արդեն հաստատել է նախագահականի լրատվականը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետնախարար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսով արդեն քննարկել են դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման փուլն ու բովանդակային բաղադրիչը:

Ինչպես հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն Աստանայում, «ԵԱՀԿ հռչակագրի ամփոփիչ տարբերակի վրա աշխատանքը շատ ակտիվ է ընթանում»: Նա նշել է, որ Ղազախստանի նախագահությամբ մշակված փաստաթուղթը լավ կընդունվի ԵԱՀԿ գագաթնաժողովի մյուս անդամների կողմից:

ԵԱՀԿ հակամարտությունները կանխող կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերն արդեն հայտարարել է, որ Աստանայում կայանալիք  գագաթնաժողովը դրական ազդակ կդառնա ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։

«Չարժե սպասել, որ հարցը կլուծվի այս գագաթնաժողովի շրջանակներում, բայց գոնե կարելի է դրական մթնոլորտի հաստատման հույս ունենալ: Պետք է իրատեսորեն վերաբերվել այս հակամարտությանը, որը 20-ամյա պատմություն գնացող արմատներ ունի»,- Աստանայում ասել է Զալբերը:

Զալբերի խոսքով`ղարաբաղյան հակամարտությունը չի կարող երկար շարունակվել, և կողմերը պետք է համաձայնության գան փոխզիջումների հիման վրա:

ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն է անդրադարձել նաև ԵԱՀԿ նախագահող երկրի` Ղազախստանի ԱԳ նախարարությունը: Ինչպես հաղորդում են այդ երկրի ԱԳ նախարարությունից, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը հայտարարել է, թե Ղազախստանում և ԵԱՀԿ-ում անկեղծորեն հուսով են, որ կազմակերպության առաջիկա գագաթնաժողովը կարագացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը:

«Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- ասված է  Ղազախստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Աստանայի հանդիպումից առաջ ԼՂ հակամարտության կարգավորմանն է անդրադարձել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը:

Պոպովը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում իրենք պատմել են, թե ինչպես է ընթանում հիմնարար սկզբունքների նախապատրաստման շուրջ աշխատանքը: Ռուսաստանցի համանախագահը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովը կարևոր հարթակ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման համար:

Միաժամանակ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ըստ ադրբեջանական Тrend-ի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովում տեղաշարժեր կարձանագրվեն ղարաբաղյան գործընթացում:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Աստանա է ժամանել նոյեմբերի 29-ին:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am