Հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ. նոր եկեղեցու շինարարությունը ի հաշիվ կինոթատրոնի բացօթյա դահլիճի մեծացնում է դժգոհության ալիքը

28-03-2010
242 դիտում
Հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ. նոր եկեղեցու շինարարությունը ի հաշիվ կինոթատրոնի բացօթյա դահլիճի մեծացնում է դժգոհության ալիքը

Ավելի քան 23.000 մարդ է միացել ընդամենը մի քանի օր առաջ կառավարության որոշման դեմ մեկնարկած ստորագրահավաքին, որով մայրաքաղաքի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնում Երևանի կենտրոնում գտնվող հայտնի «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի փոխարեն կառուցվելիք եկեղեցու նոր նախագածի դեմ:

«Լիքը ազատ տարածություններ կան, ինչի՞ համար են քանդում այդ սիրուն շինությունը,-«Մեդիալաբին» իր մտահոգությունն է հայտնում 60-ամյա Ասյա Եղոյանը: - Ինչո՞ւ: Պարտադի՞ր է միշտ քանդելը: Թե՞ եկեղեցի կառուցելը մեղքերին թողություն տալու մի միջոց է»:

Իր ձևով եզակի համարվող ամառային դահլիճը կառուցվել է 60-ականներին, երբ ԽՍՀՄ տարիներին քանդվել է նույն տեղում կառուցված Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին: Կառավարության փետրվարի 25-ին որոշմամբ կարծես թե փորձ է արվում հետ վերադարձնել անցյալը:

Փոփոխություններ անելով Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում` կառավարությունը պետական ցանկից հանել է ամառային կինոթատրոնը, ապա ամառային դահլիճի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով օտարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Մայր Աթոռը պատրաստվում է նույն տեղում քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան եկեղեցի կառուցել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս դեպքում պետք է նպատակարմարությանը նայել` ավելի գերադասելի է ամառային դահլի՞ճ, թե՞ Աստծո տաճար ունենալը և թե ո՞րն է հասարակության համար ավելի օգտակար:

«Եկեղեցին միշտ էլ մեր ազգապահպան օջախն է եղել, և ես չեմ հասկանում` ինչի են այսքան աղմուկ բարձացրել,- «Մեդիալաբին» ասում է 50-ամյա Գագիկ Համբարձումյանը: - Առանց եկեղեցու մենք մինչև այսօր չէինք էլ հասնի, և ինձ համար ամեն մի նոր կառուցվող եկեղեցի ողջունելի է»: Սակայն տուրիզմի մասնագետ, 27-ամյա Քրիստինե Ասատրյանը նշում է, որ եկեղեցին կարելի էր և այլ վայրում կառուցել: «Ես դեմ չեմ եկեղեցուն, բայց կարելի է այլ վայրում կառուցել այն,- «Մեդիալաբին» ասում է Քրիստինե Ասատրյանը: - Միացել եմ կինոթատրոնի պահպանման ստորագրահավաք նախաձեռնությանը, որպեսզի անօրեն որոշումներ չընդունվեն, քաղաքս չքանդեն»:

«Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ նախաձեռնությունը, որում որում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների, հասարակության տարբեր տարիքային խմբերի ավելի քան 5000 մարդ, օրերս նամակ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ վարչապետին` նշելով հասարակական քննարկումների անհրաժեշտության մասին:

«Մենք` ներքոստորագրողներս, մեծագույն հավատով առ Աստված և հարգանքով առ Հայոց եկեղեցի`լիահույս ենք, որ մեծահոգաբար կհրաժարվեք այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության և հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»,- նշված է նամակում: Նախաձեռնող խմբի լիդերներից մեկը` ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասում է, որ առաջիկա օրերին` ստորագրահավաքի ավարտին, դիմելու են նախագահին:

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճը լավագույն շինություններից մեկն է միջազգային առումով, Երևան քաղաքի արդի ճարտարապետության լավագույն օրինակներից»,-«Մեդիալաբին» ասում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Սակայն քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հավատացնում է, որ եկեղեցին առավել, քան մեկ այլ կառույց կարող է ծառայել իր նպատակին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը պնդում է, որ ինչպես դպրոցները, այնպես էլ եկեղեցիները չեն կարող շատ լինել: «Մեր հասարակության մեջ որոշակի տկարություն է նկատվում բարոյականության, հոգևոր արժեքների առումով, և Աստծո կառուցվող տաճարը ուղորդված է հենց հոգևոր այդ կարիքները հոգալուն»,- «Մեդիալաբին» ասում է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» ղեկավար, հայտնի պատմաբան Սամվել Կարապետյանը, որը ևս միացել է նախաձեռնությանը, ասում է, որ անընդհատ քաղաքը քանդելու հետևանքով այսօր մենք չունենք հին Երևան: Նա մատնանշում է, որ ամառային դահլիճից ընդամենը 200 մետրի վրա կա 13-րդ դարում կառուցված ճարտարապետական գոհար համարվող Կաթողիկե եկեղեցին:

«Կարելի է հազարավոր շենքեր կառուցել, բայց ոչ մի արդյունք էլ չունենալ ո´չ հավատի, ո´չ գաղափարի, ո´չ էլ հիշյալ բարոյականության դաստիարակման առումով,- «Մեդիալաբին» ասում է Կարապետյանը: - XXI դարի շեմին ուզում են նմանվել բոլշևիկներին` քանդելով, փոխանակ շենացնեն և սա` միայն շահից ելնելով»: 30-ամյա մասնագիտությամբ ուսուցչուհի Կարինե Մանուկյանն էլ ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես է գործող մշակութային կառույց քանդվելու:

«Այնքան սիրուն պահեր ենք ունեցել ամառային դահլիճում, ինչպե՞ս կարող եմ համակերպվել այդ մտքի հետ, որ այն այլևս չի՞ լինելու,- հարցնում է նա: - Մի՞թե եկեղեցին չի հասկանում, որ քանդելը քրիստոնեության հետ կապ չունի»: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության Ասողիկ քահանա Կարապետյանն ասում է, թող լռեն բոլոր զազրախոսություններն ու դատարկաբանությունները և դադարի չար քամին, որպեսզի փառք տանք Աստծուն, որ շնորհ ունենք նորանոր աղոթքի տներ բացելու և մեր զավակներին քրիստոնեական լույս առաքինություններով սնելու և մեծացնելու:

Հակառակ դեպքում քահանան մեջբերում է հայ հայրապետներից մեկի խոսքերը. «Ո~վ Տեր, Քո ամենակարող զորությամբ փշրի´ր և խորտակի´ր նրանց, ովքեր կհարվածեն այն Վեմին, այլև կուրացրու նրանց աչքերը, ովքեր նենգությամբ կնայեն Քո իսկ հաստատած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»:

© Medialab.am