Ի՞նչ կա մտքին. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունները թեժանում են

08-04-2010
378 դիտում
Ի՞նչ կա մտքին. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունները թեժանում են

Տևական լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության հասցեին, ինչպես նաև վերջին ժամանակներում արտերկյա այցերի ակտիվությունը, նորովի զարկ են տվել նրա` մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնությունների մասին խոսակցություններին:

Մինչ երկրորդ նախագահի գրասենյակը հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, քաղաքական որոշ ուժեր զգուշավորությամբ, ոմանք էլ բացահայտորեն կապ են տեսնում Քոչարյանի` հատկապես կառավարության աշխատանքները քննադատելու և նրա «քաղաքական ցանկությունների միջև»:

«Վերջին շրջանում կարելի է նկատել, որ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, վերադարձի քայլեր է անում, այցելելով Իրան և Ֆրանսիա, որոնք նախորդեցին այդ երկրներ ՀՀ նախագահի այցերին,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

- Սակայն կանխատեսումներ անել հնարավոր չէ, երբ հստակ կլինի, նոր կխոսենք այդ մասին»:

56-ամյա Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտոնավարման ավարտին (1998-2008) հայտարարել էր, թե չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել` շեշտելով, թե իր` վարչապետի աթոռի հավակնությունների մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, մարտի վերջին քննադատության ենթարկելով ներկայիս կառավարության աշխատանքները` նշել է, թե իր պաշտոնավարման տարիներին իրավիճակն անհամեմատ լավ էր:

Մարտի 23-ին «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցի ժամանակ` նշելով, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր, ինչը գիտակցելով պետք է նախապատրաստվել դրան, նա մի քանի թվեր է մեջբերել իր կառավարման տարիներից` շեշտելով, թե այդ տարիներին ինֆլյացիան կազմել է 2-4%՝ տնտեսության 12-14% աճի պայմաններում:

«2008 թվականի սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 միլիարդ դրամ՝ իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր՝ աշխատած միջոցների մի մասը պահելով «սև օրվա» համար»: Սակայն ընդդիմադիր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասում է, որ ներքաղաքական խառը ժամանակներում, երբ երկրում սոցիալական լարվածությունը մեծանում է, առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում, Քոչարյանի շեշտադրումներն ուղիղ նպատակ ունեն ազդելու մարդկանց վրա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` անցյալ տարի Հայաստանում ՀՆԱ-ի տարեկան անկումը կազմել է 14,4%` արձանագրված 6,5% պաշտոնական գնաճի դեպքում:

Գործազրկության ցուցանիշներն անցյալ տարվա ընթացքում պաշտոնապես աճել են ավելի քան 10%-ով: ԿԲ կանխատեսումների համաձայն` մայիսին գնաճը կկազմի մոտավորապես 7-8%:

Փորձագետները նշում են, որ ապրիլի 1-ից գազի սակագների շուրջ 37,5% բարձրացումն էլ ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը: «Միանշանակ է, որ Քոչարյանի պատվիրված հարցազրույցները, այցելությունները խոսում են նրա` իշխանություն վերադառնալու հավակնությունների մասին»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանը նշում է, որ Քոչարյանը, ակնհայտ ձախողվելով արտաքին աջակցությամբ վարչապետ նշանակվելու փորձերում, ինչն արել է մոսկովյան, փարիզյան և թեհրանյան այցերի շրջանակներում, փորձում է օգտագործել կոալիցիայի ներսում սկիզբ առած տեղաշարժերը:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ևս համոզված է, որ «նա վերադառնալու մտադրություն ունի», քանի որ, ըստ ընդդիմադիր գործչի, գործող ռեժիմը կայուն չի համարում:

«Ես կարծում եմ` Քոչարյանը մտահոգված է, որ գործող իշխանությունը արտաքին ճնշումների ներքո ֆիասկո կապրի, որից հետո իր անվտանգության երաշխիքները ի չիք կդառնան»,-«Մեդիալաբին» ասում է Սուրեն Սուրենյանցը:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի համոզմամբ` երաշխիքներն առաջին հերթին կապված են օլիգարխների հետ, որոնց համար տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանը «հենարան» է հանդիսացել:

«Այսօր չկան բարենպաստ պայմաններ Քոչարյանի վերադարձի համար: Այլ խնդիր է, որ Քոչարյանի շրջապատը դժգոհ է ներկա իշխանություններից, որոնք խնդիր են դրել կենտրոնացնել ֆինանսական հոսքերը, ինչն ուղղակիրոեն հարվածում է օլիգարխներին»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Նա մատնանշում է Քոչարյանի ամենահզոր աջակիցներից մեկի` կուալիցիայի մաս կազմող ԲՀԿ նախագահ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին, որը մարտի կեսին սուր քննադատության ենթարկեց գործող կառավարությանը` շեշտելով, թե ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր տեղում չէ և չի տիրապետում ո´չ էկոնոմիկայի, ո´չ էլ երկրի տնտեսական վիճակին:

«Օլիգարխներին հենարան է պետք, և նրանք այդ հենարանը տեսնում են Քոչարյանի դեմքով, քանի որ իշխանությունները փորձում են հրաժարվել այդ դերակատարությունից»,- ասում է Բոզոյանը:

Առաջին նախագահ և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 6-ին կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշել է, որ եթե Քոչարյանը վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը, գոնե մինչև նախագահական ժամկետի ավարտը, կմնա իր պաշտոնին, նման հավակնություններ չէր ունենա, թե կորցնելով Սարգսյանի «տանիքը»` կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռք բերած հսկայական կարողությունը, այլև կկանգնի արդարադատության առաջ:

«Դա շատ նորմալ է, երբ նախկին նախագահներն իրենց կարծիքն են արտահայտում այս կամ այն հարցի շուրջ,- «Մեդիալաբին» ասում է Էդուարդ Շարմազանովը:

- Երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, չի՞ վերադառնա` դա բացառապես իր որոշելիքն է»:

© Medialab.am