Վտանգավոր մասնագիտություն. Փորձագետները պնդում են, որ Հայաստանում վաղ է մամուլի ազատության մասին խոսելը

04-05-2010
238 դիտում
Վտանգավոր մասնագիտություն. Փորձագետները պնդում են, որ Հայաստանում վաղ է մամուլի ազատության մասին խոսելը

Մինչ ամեն անգամ լրագրողների դեմ ոտնձգություններն ավարտվում են լավագույն դեպքում իշխանությունների` մեղավորներին պատժելու պատրաստակամ, սակայն անարդյունք հայտարարություններով,  մայիսի 3-ը` Մամուլի ազատության համաշխարհային օրը, Հայաստանը կրկին անգամ դիմավորում է ազատ խոսքի մտահոգիչ ցուցիչներով:

«Ազատ լրագրողների համար այսօր դրսևորվելու դաշտ չկա։ Խոսքի ազատության ժամանակն օբյեկտիվորեն դեռ չի եկել Հայաստան,- ասում  է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մայիսի 3-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ- «Այն պայմաններում, որում ապրում է մեր հասարակությունը առայժմ լրագրողի մասնագիտությունը պիտի լինի վտանգավոր, կամ մենք չենք ունենա լրագրություն, որպես մասնագիտություն»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009-ի զեկույցի համաձայն Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների դաշտում «իրավիճակը եւ միտումները չեն կարող տագնապ չհարուցել»:

Նախորդ տարվա վիճակագրության համաձայն, արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ԶԼՄ-ների եւ աշխատակիցների վրա ճնշումների 14 դեպք:

Այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա 3-ի փոխարեն, Կոմիտեն արդեն իսկ արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք:

«Հայաստանում լրատվամիջոցների վիճակը բավականին բարդ է, որի վրա ազդում է եւ երկրի քաղաքական, եւ տնտեսական եւ թե իրավական մթնոլորտը,- «Մեդիալաբին» ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը,-էլ չենք խոսում  լրագրողների հանդեպ պարբերաբար դարձած ֆիզիկական բռնությունների մասին»:

Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր Freedom House-ը, Human Rights Watch-ը, «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ  կազմակերպություններ հրապարակվող  տարեկան զեկույցներում պարբերաբար  ահազանգում են Հայաստանի մամուլի «ոչ ազատ» մթնոլորտի եւ լրագրողների հանդեպ բռնությունների մասին:

Փետրվարի 16-ին Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեի  «Հարձակումներ մամուլի վրա 2009. Հայաստան» զեկույցն արձանագրել է, որ նախագահական ընտրություններից հետո էլ բեւեռացված մթնոլորտում լրագրողների նկատմամբ  անհանդուրժողականությունը, թշնամանքն ու բռնությունները շարունակվում են:

«Իշխանությունները շարունակում են վերահսկել հեռարձակվող մամուլի մեծ մասը, իսկ մասնավոր հեռուստա եւ ռադիոկայանները պատկանում են իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական գործիչներին եւ գործարարներին,-ասվում է  զեկույցում` շեշտելով 2002 թվականից ի վեր եթերազրկված «Ա1+»-ի մասին:

Անցյալ տարեվերջին «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած մամուլի ազատության զեկույցի համաձայն, Հայաստանը 2008-ի համեմատ  զիջել է դիրքերը միանգամից 10 կետով` 101-ից զբաղեցնելով 111-րդը հորիզոնականը:

Իսկ ընդամենը օրեր առաջ, ապրիլի 29-ին, Հայաստանը կրկին անգամ  «դեղին քարտ» է ստացել Վաշինգտոնում տեղակայված միջազգային Freedom House-ից` մամուլի ազատության զեկույցում դասվելով «մասամբ ազատ» երկրների շարքին` 196 երկրների շարքում, մամուլի ազատության նույն ցուցիչները 146-151 hորիզոնականներում կիսելով Կամերունի, Մարոկկոյի, Կատարի եւ Կոտ դ’Իվուարի հետ:

Սակայն, ի զարմանս շատերի, նախորդ տարվա  համեմատ  Freedom House-ը   Հայաստանում մամուլի ազատության ցուցիչներով  աննշան «առաջընթաց» է արձանագրել երկու կետով` նախորդ տարվա  68-ի փոխարեն, ստանալով  66 միավոր: Զեկույցում նշվում է, որ  Հայաստանում գրաքննության կրճատում եւ լուրերի թողարկման վրա վերահսկողության նվազեցում է նկատվում:

«Հայաստանը թեթեւակի բարելավում է արձանագրել այս տարի, բայց դա արդյունք է այն բանի, որ թուլացել են արտակարգ դրության ու անհանգստությունների ժամանակ կիրառված միջոցները, որ գործադրվել էին նախորդ տարում,-ասել է Freedom House-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը`նշելով, թե դա չի նշանակում, թե Հայաստանում նշանակալից բարելավվել է լրագրության որակն ու մամուլի ազատությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ նույնիսկ աննշան առաջընթաց ինքը չի նկատում:

«Հենց անցյալ տարի լրագրողների հանդեպ բռնությունների բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին,- «Մեդիալաբին»  ասում է Արթուր Սաքունցը,- «Եւ ես իրավիճակին ծանոթ լինելով, կարող եմ ասել, որ Հայաստանում խոսքի ազատության առումով վիճակն անփոփոխ է, ինչպես եղել է, այնպես էլ մնացել է. մտահոգիչ»:

Աշոտ Մելիքյանն հավելում  է, որ նույնիսկ երկու միավորով բարելավվումը իրավիճակի փոփոխություն չի նշանակում:  Նա ասում է, որ Հայաստանը դեռեւս մնում է այն երկրների շարքում, ուր մամուլի ազատությունը մտահոգիչ է:

«Երբ հեռուստաընկերությունները շարունակում են աշխատել  իշխանության վերահսկողության տակ, երբ լրագրողների դեմ կատարած  բռնություն կատարողները չեն պատժվում, ինչ մամուլի ազատության մասին կարող է խոսք գնալ»,-«Մեդիալաբին» ասում է «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը:

Բազմաթիվ տեղական եւ միջազգային լրագրական մրցանակների արժանացած հետաքննող լրագրողը, 2008-ի նոյեմբերի 17-ին հարձական է ենթարկվել անհայտ անձանց կողմից` գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվելով հիվանդանոց:

«Հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ է ընթացնում եւ մենք համոզված ենք, որ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն»,-Էդիկ Բաղդասարյանին հիվանդանոցում այցելելով` ավելի քան մեկ ու կես տարի առաջ լրագրողներին վստահեցնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սակայն հետաքննության «արագ տեմպերով» հանդերձ, առ այսօր ոչ բռնություն կատարողները, ոչ էլ պատվիրատուն պատժված չեն: Բաղդասարյանն ասում է, որ սեփական հետաքննության արդյունքները հարձակման վերաբերյալ պատրաստվում է հրապարակել մոտ ժամանակներս: Նա ասում է, որ լրագրողների հանդեպ բռնությունների բացահայտման համար իշխանությունները պետք է կամք ունենան:

«Բացահայտումների համար ժամանակ է պետք»,- «Մեդիալաբին»  ասում է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը վստահեցնում է, որ իշխանություններն ունեն կամք բռնարարքների կազմակիերպիչներին բացահայտելու համար:

Սակայն, մեկ այլ լրագրող «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանն ասում է, որ չի տեսնում այդ կամքը:

Անցյալ տարի, ապրիլի 30-ին Կիվիրյանը բիտաներով դաժան ծեծի ենթարկվելով անհայտ անձանց կողմից,  բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հարձակման ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ:  Կիվիրյանը, որն իր վրա հարձակումը կապում է լրագրական գործունեության հետ, հիվանդանոցում ապաքինվել է մոտ մեկ ամիս:

«Այսօրվա դրությամբ որեւէ լրագրող չունի այն երաշխիքը, որ դուրս կգա տնից, խմբագրությունից եւ հարձակման, բռնության չի ենթարկվի,- «Մեդիալաբին» ասում է Կիվիրյանը-Մի երկրում, ուր տիրում է անպատժելիության մթնոլորտ, երբ որեւէ լրագրողի դեմ կատարված հանցագործություն չի բացահայտվում, ի՞նչ մամուլի ազատության կամ առաջընթացի մասին կարող է խոսք գնալ»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւս երկուշաբթի նշել է լրագրողների դեմ բռնությունների բացահայտմանն ուղղված հետեւողական քայլերի անհրաժեշտության մասին:

«Մենք հորդորում ենք Հայաստանի իշխանություններին հետեւողականորեն քննության առնել եւ բացահայտել լրագրողների նկատմամբ հարձակումները,-Մամուլի ազատության համաշխարհային օրվա իր ելույթում նշել է դեսպանը,- քանի որ անպատժելիության մթնոլորտը կարող է խթանել հետագա ոտնձգությունները»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am