«Եթե մարդիկ ամեն մի դժվարությունից թուլամորթի նման փախնում են, իշխանություններն իրենց գործն են անում». Արշակ Զաքարյան

27-08-2014
381 դիտում
«Եթե մարդիկ ամեն մի դժվարությունից թուլամորթի նման փախնում են, իշխանություններն իրենց գործն են անում». Արշակ Զաքարյան

 «Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, լրացավ Հայաստանի անկախության հռչակագրի 24 տարին, ո՞րն է մեր անկախության ամենամեծ ձեռքբերումը:

-Անկախությունն ինքնին արդեն ամենամեծ ձեռքբերումն է: Անկախության օրոք մաքրվեց ազգը, ամբողջ կեղտը լքեց երկիրը, իհարկե, սկսած թուքերից: Դա է ինձ համար անկախության ամենամեծ ձեռքբերումը: Եվ, իհարկե, Սովետական լծից ազատումն էր մեր ձեռքբերումը:

-Վերջին մեկ տարում ՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից սկսած, շատ է խոսվում այն մասին, որ իշխանությունները երկրի անկախությունը զիջում են Ռուսաստանին:

-Ամեն ինչ մեր ձեռքում է,կզիջենք, թե չենք զիջի: Ոչ նախագահների ստորագրությամբ է անկախությունը զիջվում, ոչ էլ վարչապետերի, դա ժողովրդի ձեռքում է: Եթե մենք այսօր հանձնվում ենք, լքում ենք երկիրը, մենք արդեն զիջում ենք մեր անկախությունը: Եթե այսօր մենք գնում ենք ու ապրում ենք «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, դա արդեն անկախության կորուստ է հենց այդ մարդկանց համար: Երկիրը դատարկելով ենք հանձնում անկախությունը, ոչ թե այս կամ այն նախագահի ստորագրությամբ: Եթե ժողովուրդը չկամենա, այդ անկախությունը ոչ մի նախագահ ու վարչապետ չի կարող մեզանից խլել:

-Իսկ այսօր արժանապատիվ կյանքո՞վ է ապրում անկախ Հայաստանի քաղաքացին:

-Ոչ, այսօր արժանապատիվ չի ապրում անկախ Հայաստանի քաղաքացին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պայքարը, հանձնվենք ու լքենք մեր երկիրը: Մի ձևով կարելի է փրկել մեր անկախությունը, դա հայրենադարձությունն է, ամբողջ հայության վերադարձը Հայաստան: Երբ պնդում են, որ մեզ այսօր պետք է հզոր Սփյուռք, դա ուրիշ ազգերի հորինած միֆերն են, դա նրանց քաղաքականությունն է, ովքեր ուզում են դատարկել Հայաստանը, Հայաստանը տեսնել առանց հայերի: Մենք տվյալ պահին դժվարություններով և ամեն ինչով հանդերձ ունենք անկախ Հայաստան, և այդ անկախ Հայաստանի գոյատևման միակ գրավականն այն է, որ այստեղ ապրեն հայեր: Եթե հայերն այսօր այս ծանր վիճակում չվերադառնան հայրենիք, ապա սա քեֆի սեղան չէ, որ մենք գցենք ու պատրաստենք, ամեն ինչը տեղը տեղին դրած լինի, նոր իրենք գան Հայաստան վայելելու: Այդպես հայրենիք չեն սիրում, հայրենիքը հեռվից չեն սիրում, հայրենիքը սիրում են հայրենիքում:

-Այսինքն՝ կոչ եք անում բոլոր հայերին, հաշվի չառնելով դժվարությունները, գան Հայաստան: Դա իրատեսակա՞ն է, չէ որ դրսում էլ շատ հայեր դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից:

-Իշխանությունների համար շատ հեշտ է նման քաղաքականություն վարել, երբ չկան պայքարողներ: Իսկ եթե գան 5-6 մլն հայեր լցվեն այստեղ ու բոլորը պայքարեն արդարության համար, ապա ոչ մի իշխանություն դրան չի դիմանա: Այդ դեպքում իշխանություններն ստիպված կլինեն այնել այն, ինչ ժողովուրդն է պահանջում: Բայց եթե իշխանությունները տեսնում են, որ թուլամորթի նման ամեն մի դժվարության պատճառով մարդիկ փախնում են, իրենք էլ իրենց գործն են անում:  Ո՞վ պետք է դրա դեմն առնի: Այսօր ինձ հետ շատ են վիճում համացանցում, ասում են՝ հայերին ո՞ւր եք հրավիրում, գան այստեղ ի՞նչ անեն: Այսօր պառակտող նյութեր են տարածվում՝ սիրահայերին ծեծեցին: Ինչո՞ւ չեն գրում՝ երևանցուն ծեծեցին, չարբախցուն ծեծեցին: Եթե մեկ սիրիահայի ծեծում են, դա չի նշանակում, որ սիրահայերի դեմ արշավ կա այստեղ: Նման տեղեկություններն են ամեն ինչ փչացնում, մարդիկ վախենում են նման նյութերից, նման պառակտող հոդվածներից: Ես կարծում եմ, որ բոլոր հայերի հանգրվանը Հայաստանն է: Այսօր Իրաքում են մորթվում, Հալեպում են հայերը մորթվում, վաղը մյուս օրն անպայման կմորթվեն Լիբանանում, Քուվեյթում, Եգիպտոսում: Ավելի լավ է գան այստեղ ու մի քիչ դժվարությամբ ապրեն, քան իրենց զավակներին զոհեն այդ իսլամին:

-Դուք կոչ եք անում վերադառնալ Հայաստան, այնինչ այս փուլում Ռուսաստանը հայ միգրանտների համար հեշտացնում է ՌԴ տարածքում ապրելու և աշխատելու պայմանները: Հայաստանում շատերը ոգևորված են ՌԴ իշխանությունների այդ քաղաքականությունից և պատրաստվում են արտագաղթել:

-Իհարկե, Ռուսաստաին ձեռնտու է, որ հայերի նման խելոքները գնան այնտեղ աշխատելու: Թող չգնան հայերը, ո՞վ է իրենց ստիպում: Ինձ համար էլ այնտեղ հեշտ աշխատանք կա, ինչո՞ւ ես չեմ գնում: Շատ բարձր աշխատավարձով ինձ արդեն հինգ տարի է՝ առաջարկում են գնալ, աշխատել ու ապրել Ռուսաստանում: Ես չեմ գնում, իմ գիտակցությունն ինձ թույլ չի տալիս դա անել: Ես երբեք չեմ ասում՝ երբեք, բայց մինչև վերջին հնարավորությունը պայքարելու եմ, որ ես լավ ապրեմ իմ երկրում, ոչ թե լավ ապրեմ ուրիշի համար, քոձություն անեմ ուրիշի համար: Ես օրերս սահման էի գնացել, սահմանը պահող տղաների հետ էի խոսում, ովքեր պայմանագրային զինծառայողներ են: Այդ տղաներից մեկը շատ լավ բացատրեց, ասաց՝ ավելի լավ է ես 120 հազար դրամով գամ այս լեռներում իմ հայրենիքի սահմանը պահեմ, քան թե գնամ 300 հազար դրամի դիմաց ռուսի մոտ քոձություն անեմ ու նրա ոտքի տակ ասֆալտ գցեմ: Շատ լավ ու հասկանալի բացատրություն է սա:

-Իսկ ի՞նչ պետք է անել, որ դա գիտակցեն մեր ժողովրդի մեծամասնությունը, արտագաղթի ճանապարհը բռնողները:

-Ես անում եմ, իմ հնարավորության սահմաններում դա անում եմ: Գնացել եմ, երեք օր սարերում այդ տղաներին նկարել եմ: Շուտով ֆիլմ կցուցադրեմ, թե ինչ են այդ մարդիկ մտածում հայրենիքի մասին: Ես այդ ֆիլմում կցուցադրեմ, թե ինչպես եմ ամաչում, երբ մի փոքր անհարմարությունից դժգոհում եմ, այնինչ այնտեղ մարդը քարի վրա մեկ ամիս քնում է ու սահման է պահում՝ առանց լույսի, գազի ու նույնիսկ առանց լվացվելու: Որ դա տեսնում ես, մեր այսօրվա անհարմարություները ծիծաղելի են թվում: Այն մարդը գիտակցաբար է գնում ու դա անում, ոչ թե նրան ստիպել են: Այ նա է հայը, նրանք որ կան, մենք մեր անկախությունը չենք կորցնի: Երբ որ նրանք էլ կգնան, ուզում է ստրագրեն վարչապետն ու նախագահը, ուզում է չստորագրեն, մենք մեր անկախությունն ինքնըստինքյան կկորցնենք:

-Պարոն Զարյան, աշունը մոտենում է, շատերը «թեժ» աշուն են կանխատեսում: Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ոտքի կկանգնի՞ աշնանը:

-Այդ «թեժ» աշունների, ձմեռների ու ամառների մասին ես առաջին անգամ չեմ լսում: Արդեն քանի տարի է՝ ամեն մեկը մի «թեժ» աշուն, մի «թեժ» ձմեռ խոստանում է: Ես նման բաների չեմ հավատում, ավելի լավ է, որ ժողովուրդը ոչ թե ոտքի ելնի, ճիշտ է պայքարելը լավ բան է, բայց ավելի լավ է գիտակցի իր ով լինելը և ապրի այդ արժեքներով: Այդ ժամանակ նա թույլ չի տա, որ իրեն խաբեն: Ներքևից է այդ ամենը գալիս, եթե ես գնում եմ լոլիկ գնելու, այդ լոլիկ վաճառողն ինձ խաբում է, ի՞նչ կապ ունեն այստեղ նախագահը, վարչապետը կամ որևէ ընդդիմադիր գործիչ: Մեկս մյուսին չպետք է խաբենք ու գցենք: Դրսում ապրող հայերը շատ օրինապաշտ են, ես շատ կուզեի, որ նրանք գային Հայաստան, որովհետև նա չի համաձայնի քեզ կաշառք տալ: Պետք է կաշառք տվող լինի, որ վերցնողը լինի:

-Վերջին օրերին դարձյալ հանրության ուշադրության կենտրոնում են բյուջետային ծախսերը, մարդիկ քննադատում են, որ բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում ԱԺ նախագահի ու վարչապետի համար թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելուն: Դուք այս դժվարությունների պայմաններում այդ շռայլ ծախսերն ինչպե՞ս կբնութագրեք:

-Բացասական եմ գնահատում, թող վարաչապետն էլ, մնացածն էլ հայրենական արտադության մեքենա քշեին՝ «Երազ»: Դրանց վրա ես այդքան ուշադրություն չեմ դարձնում, դա նրանց չտեսության և ագահության դրսևորումն է: Ես արդեն սկսել եմ քիչ-քիչ ուշադրություն չդարձնել նրանց վրա: Եթե այդ բյուջեն մնա տեղում, մեկ է, նրանք այնքան ագահ ու չտես են, որ մեզ վրա չեն ծախսելու: Այդ ամենն այսպես, թե այնպես գողանալու են:

-Այնինչ այդ գումարներով, օրինակ, կարելի էր սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի անվտանգությունն ապահովել:

-Շատ բաներ կարելի էր ապահովել, մենք շատ բացեր ունենք: Իմ կոչն այն է, որ մենք ոչ միայն խոսենք, այլ միասին այդ բացերը վերացնենք: Հիմա բոլորը միայն սիրում են խոսել: Ես իմ գործով ուզում եմ ինչ-որ բան շտկել: Կստացվի, փառք Աստծո, չի ստացվի, էլի կփորձեմ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am