Սկանդալային կիզակետ. վերլուծաբանները համոզված են, որ WikiLeaks-ի հրապարակումները և Հայաստանի շուրջ վերջին աղմկահարույց պատմություններն անհետևանք չեն մնա

02-12-2010
354 դիտում
Սկանդալային կիզակետ. վերլուծաբանները համոզված են, որ WikiLeaks-ի հրապարակումները և Հայաստանի շուրջ վերջին աղմկահարույց պատմություններն անհետևանք չեն մնա

Հայաստանը հայտնվել է հերթական միջազգային կրիմինալ սկանդալային պատմության մեջ. բրիտանական հայտնի The Guardian-ը նոյեմբերի 29-ին տպագրել է WikiLeaks սկանդալային կայքի հրապարակած գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնցում շոշափվում է նաև Հայաստանի անունը, և ըստ որի` Հայաստանից զենք է տեղափոխվել Իրան, որով հետագայում Իրաքում սպանվել են ամերիկացի զինվորներ:

Հրապարակված փաստաթղթերի մեջ է 2008-ի դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը`ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային, պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին, որտեղ էլ հենց մտահոգություն էր հայտնվում Հայաստանից Իրան փոխադրված զենքի մասին:

Հայաստանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս փաստերի հրապարակումը, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էլ դատապարտել է կայքի կողմից այս փաստաթղթերի հրապարակումը:

Փորձագետները պնդում են, որ այս կարգի պատմություններում Հայաստանի անվան շոշափումն անհետևանք չի անցնի, առավելևս, որ սա արդեն առաջին դեպքը չէ:

Ընդամենը շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ այս տարվա մարտին Վրաստանում ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք փորձել են ապօրինի ճանապարհով ուրան տեղափոխել այդ երկիր և վաճառել իսլամիստական կազմակերպություններին:

Մինչ այդ էլ` հոկտեմբերի 8-ին, Մալազիայի պաշտպանության փոխնախարար Աբու Սեման Յուսուպը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե թմրանյութերը Իրանից Մալազիա են տեղափոխվում` սովորաբար օգտագործելով «Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհները»:

Դրանից առաջ ԱՄՆ-ում ձերբակալվել էր հայկական հանցավոր մի խմբավորում, որը խարդախություններ կատարելով բժշկական ապահովագրության ոլորտում թալանել էր հարյուրավոր միլիոններ: Այդ գումարները, ինչպես հետագայում հայտարարել են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հետագայում փոխանցվել են Հայաստան և ներդրվել անշարժ գույքի մեջ:

Անցյալ տարվա օգոստոսին էլ հերթական բացահայտումը եղավ. իտալական Corriere della sera պարբերականում լույս տեսավ մի հոդված, որտեղ գրված էր, որ նույն թվականի հուլիսի 15-ին պարսկական Քավզին քաղաքի մոտ վթարված Թեհրան-Երևան չվերթի Caspian-Airlines ընկերության Տու-154 ինքնաթիռի վթարի և 153 ուղևորների ու անձնակազմի 15 անդամների մահվան պատճառը եղել է բեռնախցում գտնվող զինամթերքի պայթյունը:

Ըստ հրապարակման` զինամթերքը նախատեսված է եղել «Հըզբոլլահի» համար, որը Իրանից, Հայաստանի և Սիրիայի միջոցով, պետք է հասցվեր այդ ռազմական կազմակերպությանը:

Փորձագետները պնդում են, որ եթե այս բոլոր բացահայտումները գումարենք իրար, ապա միայն բացասական հետևանքներ կարող ենք տեսնել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ այս բոլոր բացահայտումներից կարող են մի քանի եզրակացություններ արվել:

«Առաջին` այսպիսով ապացուցվում է, որ Հայաստանի իշխանությունները շատ կոռումպացված են, որովհետև առանց կոռուպցիոն ռիսկերի հնարավոր չէ նման գործողություններ անել: Երկրորդ` դա նաև խոսում է այն մասին, որ իշխանություններն անմիջական մասնակցություն են ունեցել մասնավորապես զենքի վաճառքի պատմության մեջ: Այսինքն` քրեական էլեմենտը իշխանությունների ներսում հասել է վտանգավոր չափերի»,- ասում է իրավապաշտպանը:

Երրորդը` ըստ նրա, այն է, որ հատկապես վերջին մեղադրանքը խոսում է նաև մեր անվտանգության ծառայությունների և հետախուզության աշխատանքի մասին. ըստ Սաքունցի` առանց այդ կառույցների իմացության հնարավոր չէ նման ճանապարհով զենք տեղափոխել:

«Այս ամենի հետևանքն այն կլինի, որ իշխանությունները կկորցնեն իրենց վստահությունը որպես գործընկեր: Առանց այդ էլ նրանք արդեն կորցրել էին իրենց լեգիտիմությունը»,- ասում է Արթուր Սաքունցը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի հավատում այս հրապարակումներին: Մանոյանը լրագրողներին ասել է, թե նման բան չի եղել Հայաստանում. ոչ մի զենք չի վաճառվել Իրանին:

«Ամերիկյան կողմը սպառնալիքով ուզեցել է դրա դեմն առնել, որպեսզի հանկարծ զենք չվաճառվի կամ չփոխանցվի իրանական կողմին: Եթե նման բան իսկապես եղած լիներ, ապա բանակցությունների և նոր պայմանավորվածությունների հարց չէր դրվի, այլ միանգամից ՀՀ-ին պատժամիջոցների ենթարկելու հարցը կդրվեր»,- ասել է Մանոյանը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման սկանդալային պատմությունները բոլորի համար էլ մի հետևանք ունենալու են:

«Ընդհանրապես նման մեղադրանքները կարող են բացասական, վատագույն ազդեցություն ունենալ: Սակայն, ամեն դեպքում, ակնհայտ է նաև, որ ընդհանուր քաղաքական գիծ կա, և դեռ վաղ է հստակ կանխատեսումներ անել»,- ասում է Մանվել Սարգսյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատահական չի համարում այն, որ Աստանայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ նման սկանդալային քրեական փաստաթղթեր են հրապարակվել:

«Մեդիալաբի» հետ զրույցում Սաֆարյանն ասում է, թե այս հրապարակումից հետո Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ «ուղիղ խոսքը միայն էշին են ասում»:

Սաֆարյանի խոսքով` նման բացահայտումներից հետո շատ երկրներ ուղղակի կփոխեն իրենց վերաբերմունքն ու քաղաքականությունը:

«Պատահական չէ, որ Աստանայից առաջ նաև հայտարարվեց, որ դեռ հազար փաստաթուղթ էլ կա: Այսինքն` սա մեսիջ է կողմերին`Աստանայում ձեզ լավ պահեք, այդ փաստաթղթերը չենք հրապարակի, ոչ` կհրապարակենք»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ պետքարտուղարությունը Wikileaks-ի ղեկավար Ջուլիան Ասսանջին հորդորել է խուսափել գաղտնի փաստաթղթերի հրապարակումից, քանի որ դա, Վաշինգտոնի պնդմամբ, կվտանգի հազարավոր մարդկանց կյանքը:

Պետքարտուղարության փաստաբան Հարոլդ Կոխն իր նամակում Ասսանջին խնդրել է վերացնել փաստաթղթերի պատճենները, իսկ բնօրինակները վերադարձնել իրենց:

Կայքի ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը վախենում է այդ փաստաթղթերի հրապարակումից, և խոստացել է նոր բացահայտումներ հրապարակել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am