Աշոտ Ադամյան.«Մեր իսկ ջանքերով փորձում ենք մեծ եղբայր գտնել և մտնել նրա տաքուկ թևի տակ կամ մեկ այլ տեղ...»

11-09-2014
1000 դիտում
Աշոտ Ադամյան.«Մեր իսկ ջանքերով փորձում ենք մեծ եղբայր գտնել և մտնել նրա տաքուկ թևի տակ կամ մեկ այլ տեղ...»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը:

-Պարոն Ադամյան, չնայած հասարակության հիասթափությանը, այս փուլում քաղաքական ուժերը դարձյալ «թեժ աշուն» են խոստանում: Ի՞նչ հույսեր պետք է ունենալ:


-Ճիշտն ասած, քանի որ ես ինքս որևէ քաղաքական միավորի անդամ չեմ, ընդամենը սպասում եմ, որ տեսնեմ մեր քաղաքական ուժերի կամքի դրսևորման ապացույցները: Եթե ասում են, հակված եմ հավատալ, աշունը թող սկսի թեժանալ, ես իմ եզրահանգումները կանեմ:

-Հաշվի առմելով նախորդ փորձը՝ կասկածնե՞ր ունեք:

-Ընդհանրապես ես վերջին տարիներին մի բան եմ սովորել՝ խոսքեր չեմ սպասում, գործողություններ եմ ուզում տեսնել և դրանից անեմ իմ եզրահանգումները:

-Ո՞րը պետք է լինի «թեժ աշնան» նպատակը, ի՞նչ փոփոխություն պետք է այն բերի Հայաստանում:

-Իմ կարծիքով՝ նման իշխանությունները պետք է հետ կանգնեն երկիրը դեպի տապալում տանելուց: Միակ ցանկությունս դա է, որ Հայաստանը վերջապես դառնա նորմալ ժողովրդավար, բոլորի համար հարմար, թող մի քիչ աղքատ, բայց բարենպաստ երկիր:

-Իսկ իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունը դեպի ո՞ւր է տանում:

-Այս փուլում նկատում ենք, որ մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը և մեր իսկ ջանքերով փորձում ենք մեծ եղբայր գտնել և մտնել նրա տաքուկ թևի տակ կամ մեկ այլ տեղ:

-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էիք արել, որ սեպտեմբերի 3-ի հետ կապված հայ ժողովուրդը երկու տարբեր և իրար հակասող հիշողություններ ունի: Մեկը Արցախի անկախության օրն է, մյուսը՝ նախորդ տարի այդ օրը Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որը Հայաստանը մտնում է Մաքսային միություն: Այդ հայտարարությունից հետո վերջին մեկ տարում ի՞նչ փոփոխություն է եղել Հայաստանում:

-Մենք ոչ միայն այս մեկ տարվա ընթացքում կորուստներ ունեցանք, այլ սեպտեմբերի 3-ը դարձավ այն ջրբաժանը, երբ այս ապաշնորհ իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք՝ որպես այդպիսին, չունեն հստակ ծրագիր, թե ուր պետք է գնա մեր երկիրը: Ես ոչ թե կողմնակից եմ արագ այս կամ այն լուծմանը, մեկ կամ երկու օրում որոշում կայացնելուն, այլ դրա համար ուղեղ է պետք բանեցնել և հստակ շատ բարդ խնդիրներ լուծել: Ես ասում եմ, որ մեկ խնդրից միագամից մյուսին թռնելը, ընդ որում՝ սեփական ցանկությունների համաձայն, չեմ կարծում, որ դա լուրջ պետականության դրսևորում է:

-Արդեն կարծես հստակեցվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը վերջնականապես կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:

-Իհարկե, այդ քայլով սպասվում է Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորուստ, որովհետև դառնում ենք մարզի, գավառի կարգավիճակով չգիտեմ ինչ: Բայց իրականում ես չեմ հավատում այդ Եվրասիական միությանը, նախ իրենք թող իրար մեջ լուծեն բացահայտ իրար հակասող իրենց շահերի, փոխհարաբերությունների հետ կապված խնդիրները: Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն անդադար կծում են իրար: Նման կծիկի մեջ, եթե հայտնվի մեր նման դեռ պետականությունը չձևավորած երկիրը, կնշանակի, որ ինքը սեփական ձեռքով ստորագրում է սեփական տապալման որոշումը:

-Մյուս կողմից Հայաստանում շատերն են ոգևորված Ռուսաստանում  հայ միգրանտների համար պայմանների բերելավմամբ: Որտեղի՞ց է գալիս ժողովրդի այս ոգևորությունը, միգրացիոն տրամադրություններն ակտիվանում են:

-Ես միգրացիոն տրամադրությունները վերագրում եմ մեկ այլ բանի՝ մարդիկ ամեն դեպքում իրավունք ունեն մտածելու իրենց երեխաների, փորի, ընդհանրապես իրենց բերեկեցիկ կյանքի մասին: Դա ընդհանրապես ոչ մի կապ չունի պետականության ներկայիս ծրագրերի հետ, քանի որ իրենք չգիտեն, թե ուր են գնում: Երբ մարդիկ երկրից արտագաղթում են, գնում են փողի ու հացի հետևից, թող ոգևորված գնան, բայց դրանով իրենց երկիրն ուժ չի ստանալու: Թող գնացողներն իմանան՝ միգրանտների ընտանիքները կստանան լրացուցիչ փողեր, որոնք այս երկրի գլխին նստած տզրուկներն իրենց ձեռքից կվերցնեն և մսխեն հօգուտ իրենց:

-Արտագաղթի ծավալների ահագնացում տեսնո՞ւմ եք:

-Իհարկե, տեսնում եմ, և գնալով ավելի կահագնանա, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր անկախություն են տենչում և արժանապատվություն, չեն կարող երկրորդ անգամ մտնել մոտավորապես ԽՍՀՄ-ատիպ հակամարդկային կառույցի մեջ, որտեղ ամեն ինչ պետք է թելադրեն, անդադար փայտով խփեն գլխիդ կամ քամակիդ:

-Պարոն Ադամյան, արդյոք իշխանությունները զգո՞ւմ են, որ տապալվել են: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն օրերս նկատողություն արեց իր թիմին՝ կոչ անելով աշխատել, սա ի՞նչ է նշանակում:

-Ես այդ մարդուն չեմ հավատում, որովհետև նա երկար ժամանակ ուներ՝ ապացուցելու, որ իսկապես պետության մասին մտածում է: Իսկ եթե ինքը նոր է գլխի ընկնում, թե ումով է շրջապատված, ես մտածում եմ, որ այդ մարդը օր առաջ պետք է իշխանությունից հրաժարվի:

Մարի Ներսեսյան

© Medialab.am