«Աուդիոգրքերը կօգնեն մարդկանց իրենց իրավունքները պաշտպանելու եւ ոչ թե մշտապես խեղճ խնդրողի դերում լինելու». Ալիկ Խառատյան

20-11-2014
20980 դիտում
«Աուդիոգրքերը կօգնեն մարդկանց իրենց իրավունքները պաշտպանելու եւ ոչ թե մշտապես խեղճ խնդրողի դերում լինելու». Ալիկ Խառատյան

Մեկ ամսից պատրաստ կլինի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի աուդիո տարբերակը, ինչը Իջևանի բնակիչ Ալիկ Խառատյանը երկար ժամանակ փորձում էր կյանքի կոչել:

Աուդիոգիրքը հնարավորություն կտա հաշմանդամություն եւ մասնավորապես տեսողության հետ  խնդիրներ ունեցողներին արդյունավետ տարբերակով իրազեկվել սեփական իրավունքներին:

Աուդիոգիրք ստեղծելու Խառատյանի ծրագիրը հաղթող է ճանաչվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Տեղական իրավապաշտպանության խթանում» երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա նախաձեռնությունս իրականացնելու,- «Մեդիալաբին» ասում է Ալիկ Խառատյանը,- աուդիոգրքի շնորհիվ մարդիկ կիրազեկվեն իրենց իրավունքների մասին եւ կփորձեն պաշտպանել իրենք իրենց եւ ոչ թե տարբեր հաստատություններում մշտապես խեղճ խնդրողի դերում կհայտնվեն: Աուդիոգիրքը հասանելի կլինի համացանցում` բոլորի համար»:

Ալիկ Խառատյանը աուդիոգրքեր ստեղծելու մասին վաղուց էր մտածում: 29-ամյա Խառատյանը խորությամբ  է ծանոթ բոլոր այն խնդիրներին, որոնց առնչվում են տեսողության խնդիր ունեցող մարդիկ:

«Ութ տարեկան էի, երբ մեր տան խոհանոցում արկի պայթյունից կորցրեցի տեսողությունս և ձախ ձեռքս»,-ասում է Խառատյանը:

Ալիկ Խառատյանը կույր է: Նա նաեւ առաջին կարգի հաշմանդամություն ունի:

Այդ դեպքից անցել է 21 տարի, որոնց հետադարձ հայացք նետելիս, Ալիկ Խառատյանը հիշում է իր ծանր փորձություններն ու դառը զգացողությունները, որոնք կարողացել է հաղթահարել անկոտրում կամքի ճանապարհը բռնելով:

Իջևանի շրջանի՝ Աչաջուր գյուղում  ծնված և մեծացած Ալիկ Խառատյանը սովորել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելուց հետո, ցանկություն է հայտնում ստանալ բարձրագույն կրթություն:

«Ընդունվեցի Երևանի պետական համալսարանի՝  Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի պատմության և իրավունքի հիմունքներ բաժինը: Ես գիտակցում էի, որ իմ տեսողության խնդիրը ուսման ընթացքում բազմաթիվ խոչընդոտների առջև է կանգեցնելու ինձ, բայց ուսում ստանալու մեծ ձգտումն ինձ առաջ էր տանում: Համալսարանում սովորելիս մեծ եղբայրս էր ինձ ուղեկցում, իսկ դասախոսությունները լսարանում ձայնագրում էի, հետո բերում էի տանը նորից լսում ու սովորում: Եթե չէի հասցնում, կուրսեցիներիս էի խնդրում, որպեսզի գրած լեկցիաները ձայնագրեն ու տրամադրեն ինձ»,-պատմում է ասում է Ալիկ Խառատյանը:

Նրա բարեկամների և ծանոթների շրջանում շատ քչերն էին հավատում, որ նա կարող է ընդունվել ԲՈՒՀ: Կուրսում Ալիկ Խառատյանը միակ տեսողության խնդիր ունեցող ուսանողն էր:

 «Սկզբում ուսանողներն էլ չէին պատկերացնում, որ կարող եմ իրենց հետ հավասար սովորել: Ոչ թե շատ էին խնդիրները, այլ ամեն ինչն էր խնդիր: Պետության կողմից աուդիոգրքեր չկային, որ տրամադրվեին ինձ: Բայց ես սկզբից էլ գիտեի, որ բոլոր  խնդիրները ինքնուրույն պետք է հաղթահարեմ, ու երբ որ ձայնագրելու տարբերակով որոշեցի սովորել ու կուրսեցիներիս խնդրել, որպեսզի աջակցեն ինձ, արդեն իրենք էլ պատկերացրեցին, որ կարող են օգտակար լինել ինձ: Եվ իրենք էլ սկսեցին իրենց օգնությունը առաջարկել»,-պատմում է Ալիկ Խառատյանը:

Ուսման տարիներին գործնականում բախվելով բազում խնդիրների, Ալիկը հասկանում է, որ  խիստ սահմանափակ հնարավորություններ ունեցող Հայաստանի տարբեր ոլորտներում  թեմատիկ ընդգրկուն աուդիոգրքերը մեծ օգնություն կլինեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Համալսարանում ուսումը գերազանց ավարտելուց հետո Ալիկը փորձում է իր ներուժը ունենալ և օգտակար լինել իր նման տեսողության խնդիր ունեցող անձանց համար:

«Նոր ձեռքբերումների գնալը անհատական խնդիր է և մարդու ձգտումից, ցանկությունից, կամքի ուժից է կախված: Իմ նման մարդկանց համար խնդիրները շատ դժվար է հաղթահարել, բայց կախված է քո մոտեցումներից: Ինձ օգնեց ուսման հանդեպ մեծ սերն ու առաջադիմությունը»,-ավելում է Ալիկը:

Քանի որ դպրոցից նա տիրապետում էր  համակարգչային խոսող ծրագրերի, բուհն ավարտելուց հետո 3 տարի ինքնուս սովորում է աուդիոմոնտաժային ծրագրեր: Տեսողության խնդիր ունեցող մարդկանց ուսման համար առաջնային պահանջ են ներկայացնում այսօր աուդիոգրքերը, ուստի Ալիկ Խառատյանի ամենակարևոր նպատակն է դառնում ստեղծել աուդիոգրքեր ձայնագրելու ծրագիր, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդիկ ստանան լավ կրթություն, իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և ինտեգրված լինեն հասարակությանը: 

«Ծրագիրը և  դպրոցական դասագրքերի, և բուհերի մասնագիտական գրքերի ձայնագրում է իր մեջ ներառում: Տեսողության խնդիր ունեցող շատ անձիք կան, ովքեր ցանկություն ունեն սովորել և ունակ են լավ սովորելու, բայց նրանցից շատերը չեն դիմում բուհ,  քանի որ ուղեկցող չունեն, կամ տանը իրենց համար գիքր կարդացող չկա:  Իսկ դա լուրջ խնդիր է: Եթե բուհերում լինեն  աուդիոգրքեր, մարդիկ անգամ կկարողանան հեռակա կերպով և շատ արագ կրթություն ստանալ, տանը իրենց համար մի քանի անգամ լսել աուդիոգրքերը  ու սովորել»,-ասում է Խառատյանը:

Նա նշում է, որ ոչ միայն բուհերում, այլև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներում գոյություն չունեն աուդիոգրքեր: Իր դպրոցական ուսման տարիներին նա հիշում է, թե ինչպես էին ուսուցիչները բարձրաձայն ընթերցում դասագրքերը:

«Բայց ժամանակը սուղ էր և նրանք մեկ անգամ էին հասցնում կարդալ, իսկ երեխաների մոտ ընկալունակությունը տարբեր է, մեկը շուտ է ընկալում, մեկն` ավելի շուտ: Բրայլյան գրքեր էլ գրեթե չկային, ընդամենը մեկ, երկու գիրք էր: Իսկ աուդիոգրքերի առկայության պարագայում ուսուցումը շատ ավելի հեշտ և արագ կլինի տեսողական խնդիրնր ունեցող անձանց համար»,-նշում է Ալիկը:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի պաշտոնական տվյալների` Հայաստանում այսօր կա տեսողության խնդիր ունեցող շուրջ 13 հազար մարդ: Նրանցից 1797-ը համարվում է առաջին խմբիի, իսկ 3731-ը երկրորդ խմբի հաշմանդամ, այսինքն, կամ ընհանրապես կույր են,կամ շատ նվազ են տեսնում:

Պետության աջակցությունը նվազագույն է: Որպես առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ, օրինակ, Ալիկ Խառատյանի` պետությունից 19 հազար դրամ թոշակ է ստանում:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը նշում է, Հայաստանում տեսողության խնդիր ունեցող երեխաների կրթության ապահովմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացնում ` համագործակցելով տարբեր ՀԿ-ների և  ՀՀ Կառավարության հետ:

«Կրթության ծրագրերի ներքո մեր նպատակներից մեկն է ստեղծել բարենպաստ միջավայր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների համար` լինի դա ֆիզիկական, թե մտավոր խնդիր: Մեր ծրագրերի նպատակը Հայաստանում ներառական կրթության զարգացումն է: Մենք իրականացնում ենք նաև ուսուցիչների վերապատրաստում, թե ինչպես պետք է ներառական կրթություն տրամադրել և  դասավանդել»,-ասում է Զառա Սարգսյանը:

Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիˋ 2013-ին անցկացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» հարցման արդյունքների, հարցվածների 93 տոկոսը դրական է արձագանքել  ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, բայց 50 տոկոսը բացասական է պատասխանել այն հարցին, թե երեխաները պետք է հաճախեն ներառական դպրոց:

«Խնդիրը ավելի շատ երևում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: Հարցվածների 30 տոկոսն դեմ է եղել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, և  80 տոկոսը կողմ է արտահայտվել, որպեսզի նրանք հաճախեն հատուկ դպրոց, այլ ոչ թե ներառական: Այդ իսկ պատճառով մեր մյուս կարևոր ուղղություններից մեկը  հանրային վերաբերմունքի փոփոխումն էˋ ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների, որպեսզի նրանք ազատ կարողանան հաճախել դպրոց և  բացասական վերաբերմունքի չարժանանան»,-ասում է Զառա Սարգսյանը:

Փորձը ցույց է տալիս, որ դպրոցն ավարտելուց հետո տեսողության խնդիրներ ունեցող երեխաները  բարձրագույն ուսումը նախընտրում են շարունակել հիմնականում ԵՊՀ-ի պատմության, իրավագիտության, բանասիրության, կամ հոգեբանության ֆակուլտենտներում, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայում:

Ալիկ Խառատյանը հավաստիացնում է, որ եթե մի օր իրեն հաջողվի դպրոցական և բուհական դասագրքերը աուդիո տարբերակով ձայնագրելու իր նախագիծը կյանքի կոչել, ապա նա դրանք անվճար կտրամադրի տեսողության խնդիր ունեցող դպրոցականներին, բուհերին, հաշմանդամների հարցերով զբաղվող միություններին և հասարակական կազմակերպություններին:

«Եթե ֆինանսավորում լինի իմ այս ծավալուն և ամբողջական ծրագրի իրագործման համար, ես ինքս էլ աշխատանքային զբաղվածություն կունենամ, և կստեղծեմ աուդիոգրքեր, որոնք հասանելի կլինեն համացանցում բոլորի համար: Դրա արդյունքում հաշմանդամություն ունեցող անձիք ավելի հեշտ կկարողանան ստանալ կրթություն եւ ինտեգրվել հասարակությանը,-հավելում է Ալիկ Խառատյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am