Անորոշության եւ վտանգի արանքում. ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի` «կտրվելով աշխարհից, ընկնելու ենք ճահճի մեջ»

27-11-2014
517 դիտում
Անորոշության եւ վտանգի արանքում. ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի` «կտրվելով աշխարհից, ընկնելու ենք ճահճի մեջ»

«Մեդիալաբի» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան,  օրերս խորհրդարանական լսումներ անցկացվեցին Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համաձայնագրի շուրջ, որոնք, պետք է ասել, այնքան էլ բուռն չէին քաղաքական ուժերի մասնակցության առումով: Իշխող կուսակցությունն այս ընտրությունը ներկայացրեց դրական զարգացումների հեռանկարով: Իսկապե՞ս մեր երկրի տնտեսությունը կշահի եվրասիականացումից:

-Գիտեք, իրականությունն այն է, որ տնտեսական հեռանկարի առումով Հայաստանը չի կարող ապագա ունենալ մի կառույցում, որն ինքը չունի այդպիսի զարգացման ներուժ: Այդ կառույցն ինքը չկայացած է, որպես ինտեգրացիոն միավորում` կեղծ է, որովհետեւ չունի ինտեգրման համապատասխան նախապայմաններն ու ներուժը: Մտնել նման միավորման մեջ եւ ստանձնել քաղաքական պարտավորություններ, մեկուսանալ համաշխարհային տնտեսական զարգացումներից, բնականաբար չի կարող երկրի համար որեւէ զարգացում ապահովել: Այդ կառույց մտնելով մենք զրկվում ենք այլընտրանքային որոշում կայացնելու հնարավորությունից, որն ամենակարեւորն է եւ անհրաժեշտ է տնտեսական զարգացում ապահովելու համար: Մենք մտնում ենք մի միավորում, որը գլոբալ իմաստով հակամարդկային է, որի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, մի միավորում, որը լուրջ սպառնալիք է ինչպես միաջազգային տնտեսական կարգին, այնպես էլ անվտանգությանը: Այս պայմաններում խոսել դրական ասպեկտների մասին, անհնար է: Ես կարծում եմ, որ  շատերն արդեն հասկանում են դա, բայց չգիտես ինչու, ասում են` հնարավոր չի հրաժարվել այդ որոշումից:

- Դուք խոսեցիք տնտեսական պատժամիջոցներից, սրան գումարենք նաեւ ռուբլու արժեզրկումը, մեր երկրի վրա այս  ամենն ի՞նչ ազդեցություն կունենա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության վրա զգալի են ՌԴ-ից եկող տրանսֆերտները:

-Գիտեք, խնդիրը միայն ռուբլու արժեզրկումը չէ: Դրա մասին շատ է խոսվել, այն բացասաբար է ազդում մեր տնտեսության, արտահանման վրա: Ռուբլու արժեզրկումն  ընդամնեը մի դրվագ է այն տնտեսական իրողությունների, որոնք այսօր առկա են Ռուսաստանում` որպես  եվրասիական տարածքի դոմինանտ երկիր: Այսինքն, եթե նույնիսկ ինչ-որ մի պահ ռուբլին որոշակի կայունության դրսեւորումներ ունենա, Հայաստանի տնտեսությունը դրանից  չի շահելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն իր մասշտաբներով փոքրանում է, որպես շուկա ավելի փոքր շուկա է լինելու, քան  նախկինում է, իսկ եթե խոսում ենք Հայաստանի հնարավորությունների մասին, Հայաստանը փոքր հնարավորություններ  ունի այդ շուկայում: Բացի այս, պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի վրա, չեն կարող չդրսեւորվել նաեւ Հայաստանի վրա, եւ ամենակարեւորը, Հայաստանի ձեռքերը պարզապես կապված են: Ստեղծված իրավիճակում որեւէ առաջարկությունը կամ խորհուրդ անիմաստ է դառնում, միակ խորհուրդը` հնարավորինս շուտ ԵՏՄ-ից հրաժարվելն է :

-Պարոն Եղիազարյան, կառավարությունը անդամակցության տնտեսական օգուտներից խոսելիս, հատկապես շեշտում հայկական ապրանքների պահանջարկը եվրասիական շուկայում, խոսվում է արտահանման  ծավալների ընդլայնման հնարավորության մասին, Դուք կարծում եք, իրականում նման հեռանկարներ չկա՞ն : Հնարավո՞ր է արդյոք, հակառակ էֆեկտը ունենանք`մեր ապրանքներն անգամ ներքին շուկայում չդիմանան մրցակցությանը:

-Միանշանակ, կարող ենք սկսել վերջից, մրցունակ չեն կարող լինել, եւ ընդհանրապես, այդ միությունը ստեղծված չէ նրա համար, որ մեր ապրանքները մրցունակ լինեն այդ շուկայում:Այդ տարածքում խոսել տնտեսական զարգացման, մրցունակության  ու հեռանկարների մասին, իրական չէ: Այդ տարածքում  անորոշություններ ու ռիսկեր են լինելու, այդ տարածքը վտանգավոր է  նախ եւ առաջ քաղաքական իմաստով, որպես տնտեսական տարածք կայացած չէ, տարածքը նեղանում է: Մենք կտրվելով աշխարհից, ոչ մի հեռանկար չենք կարող ունենալ` ոչ ներդրումներ, ոչ տնտեսական աճ, ընդհանրապես, մենք ընկնելու ենք ճահճի մեջ:  Այդ հարցադրումներն ինքնին արհեստական են` արդարացնելու համար որոշումը, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ին: Նման հարցեր քննարկելն իրականում իրական խնդրից շեղում է, որովհետեւ Ռուսաստանն ունի իր խնդիրները` նա դոմինանտ պետություն է, նա ունի իր քաղաքական ու տնտեսական խնդիրներն աշխարհի հետ եւ ԵՏՄ-ն պետք է օգտագործի ի շահ իրեն` այդ խնդիրներն սպասարկելու համար: Այստեղ մենք ընդամենը քաղաքական պարտավորություններ ենք ստանձնում, ըստ էության  գնալով մեր շահերի դեմ:

-Էկոնոմիկայի նախարարության պնդումների համաձայն, մի քանի հարյուր անուն ապրանքների թանկացում առաջիկա հինգ տարիների ընթացքում չի լինի, քանի որ ըստ նրանց, դրույքաչափերն անփոփոխ թողնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել: Եթե նույնիսկ այդպես է, արդյո՞ք մի քանի տարի անց մեր տնտեսությունն ու սպառողները պատրաստ կլինեն փոփոխությունների:

-Գիտեք, այս հարցը նույնպես վերը նշված հարցերի շարքից է, որովհետեւ ոչ ոք չգիտի, որպես տնտեսական միավոր, հինգ տարի անց կամ մեկ տարի անց ինչ ճակատագիր կունենա ԵՏՄ-ն: Այն կայացած միավոր չէ, մենք զրկված ենք  որոշումներ կայացնելու հնարավորությունից եւ չգիտենք առաջիկայում ինչ զարգացումներ են  սպասվում: Մենք մեր վրա ավելորդ պարտավորություններ ու ռիսկեր ենք վերցնում: Ես չեմ կարծում, որ այդ բացառություններն արդարացուցիչ հանգամանք կարող են լինել, բացառություններ ժամանակին տրվել են նաեւ Բելառուսին, Ղազախստանին, բայց պարզվել է, որ այդ ամբողջ ժամանակահատվածը նրանք կորցրել են: Բացի այս, եթե ԵՏՄ-ն  համարվում է բարձր մակարդակի ինտեգրացիոն տարածք, պետք է հասկանանք` ինչ բացառութունների մասին է խոսքը, որովհետեւ այդ ինտեգրացիոն միավորը չի անցել այն բոլոր փուլերը, որոնք բնորոշ են  լինում ինտեգրացիոն  միավորներին մինչեւ տնտեսական միություն հասնելը: Լավ, Ազատ առեւտրի գոտին եղել է, ստեղծվել է Մաքսային միությունը, դեռ չստեղծված ընդհանուր շուկան, արդեն բացառություն է արվում: Տնտեսական  միությունը ենթադրում է տնտեսական, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության համընդհանրացում, այս ամենով հանդերձ բացառություններն իրենք  ձեւախեղում են ընդհանուր տնտեսական տարածքի ռեալությունը: Այսինքն, այդ տարածքում  կատարվող ամեն ինչ ձեւական բնույթ է կրում: Ռուսաստանը պարզապես փորձել է  արագացնել գործընթացները, իրականում Աստանայում Եվրասիական տնտեսական միությունը դադարել է գոյություն ունենալ, որովհետեւ այդպիսի միության համար հատկանշական քաղաքականությունն ու վերպետական մարմինները չեն ստեղծվել: Ռուսաստանը պարզապես նպատակ ունի ցույց տալ աշխարհին, որ այդ տարածքում գոյություն ունի համերաշխություն:

-Ստացվում է` ԵՏՄ-ն անհեռանկար միություն է, ո՞ւր կտանի այն մեր երկրին:

-Ոչ մի լավ բանի,բայց ես մի հույս ունեմ, որ ինչ- որ պահի մեր մտածողության մեջ փոփոխություն տեղի կունենա, վերջապես կհասկանանք, որ այս էր հետեւանքը, որ ինչ-որ պահի ակտուալ կդառնա այլընտրանքը` եվրոպական ասոցացման տարբերակի վերականգնումը: Զարգացումները ակտուալ ու անխուսափելի են դարձնում այդ ամենը, հակառակ դեպքում, եթե  դա տեղի չունենա, մյուս կողմը կատաստրոֆան է` պետականության կորուստ`դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Էմմա Քալաշյան

© Medialab.am