«Մարդիկ կան, որ ցանկանում են սադրիչ գործողություններ կատարել, իրավիճակը խառնել, մենք դա թույլ չենք տա». ՀՀԿ խմբակցության ղեկավար

05-12-2014
419 դիտում
«Մարդիկ կան, որ ցանկանում են սադրիչ գործողություններ կատարել, իրավիճակը խառնել, մենք դա թույլ չենք տա». ՀՀԿ խմբակցության ղեկավար

 «Մեդիալաբի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն ապացուցեց, որ ոչ իշխանական եռյակը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դա սպասելի՞ էր իշխանությունների համար:

-Եռյակը, բնակաբանար, արդեն գիտակցում է, որ չկան այդ հիմքերը և ժամավաճառությամբ չի զբաղվում: Եթե չկան հիմքեր, ի՞նչ պետք է պահանջեն: Կա՞ որևէ մեկը, որ կարող է հիմնավորել այնպես, որ այսօր այդ գործընթացը կարելի է շարունակել, չկա նման բան: Եռյակի անդամներն ի սկզբանե տարբեր կարծիքներ են հայտնել իրենց ելույթներում, չկար միասնական կարծիք, պայմանավորվածություն չի եղել հանրապետության նախագահի հրաժարականի մասով: Ընդհանուր իշխանափոխություն են պահանջել, որի հիմքերը նույնպես չկան: Այսինքն, մարդիկ ցանկություն ունեն պարզապես, այսպես ասած, իշխանության գալու: Այդ ցանկությունը քիչ է, բոլորն են ցանկանում իշխանության գալ: Եվ այդ հիմքերը չեն եղել, նրանք որևէ անգամ համատեղ չեն հայտարարել, առանձին քաղաքական գործիչներ կարող է հայտարարեություններ են արել, բայց որպես քաղաքական ուժ՝ նրանք նման որոշում չեն ունեցել: Հետևաբար, նրանք չեն խախտել իրենց պայմանավորվածությունը:

-Երբ հանրահավաքների ժամանակ հարթակից Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էին արմատական իշխանափոխության մասին, ի՞նչ նկատի ունեին ձեր կարծիքով:

-Դա իրենց պետք է հարցնել, թե ինչ նկատի ունեին: Բա էդքան մարդ էին հավաքել, հետաքրքրություն պետք է մտցնեին իրենց հավաքների մեջ:Իրենց ասելով՝ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքել, բնականաբար պետք է հետաքրքրություն մտցնեն: Արմատական իշխանափոխության սահամանումը իրենք պետք է տան, թե դա ինչ է նշանակում: Ես հասկանում եմ, որ արմատական իշխանափոխությունը դա կատարվում է սահմանադրական եղանակով՝ ընտրությունների ժամանակ: Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է մոդելի փոփոխությունը, որը իշխանության նոր մոդելի առաջարկություն է: Եվ այդ մոդելի առաջարկության ժամանակ իրենց իշխանափոխություն ասածը կարելի է նաև իրականացնել այդտեղ, որովհետև իշխանության նոր ձևեր են ի հայտ գալիս, նոր ղեկավարման մոդել է ի հայտ գալու: Եվ դա, ինձ թվում է, բավական լուրջ քայլ է, քաղաքական քայլ է հետագա գոծընթացների համար:

-Կարծում եք այսօր հիմքեր չկա՞ն, որպեսզի ժողովուրդը պահանջի իշխանափոխություն:

-Ոչ, չկան նմանատիպ երևույթներ: Եվ ընդ որում ես պետք է ասեմ՝ շատ ճկուն արտաքին քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք թույլ չենք տա, որպեսզի լինեն ցնցումներ՝ ուկրաինական դեպքեր, սիրիական դեպքեր: Ինչ-որ մարդիկ կան, որ ցանկանում են սադրիչ գործողություններ կատարել, իրավիճակը խառնել, մենք դա թույլ չենք տա:

-Նիկոլ Փաշինյանի փաստարկները համոզիչ չէի՞ն ձեզ համար, թե ինչու պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

-Ես ընդհանրապես ցանկություն էլ չեմ ունեցել նայել, որովհետև չկան այնտեղ փաստարկներ: Այսօր Հայաստանի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը, որն անմիջական ազդեցություն ունի նաև երկրի քաղաքականության վրա, բավականին ճկուն է: Այս նոր իրավիճակում, երբ դուք տեսնում եք ինչ է կատարվում շրջապատում՝ տնտեսության հետ կապված խնդիրներ, Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ միջև այդ պայքարի ընթացքում մենք պետք է կարողանանք լուրջ գործով զբաղվել և ճիշտ կողմնորոշում ունենալ, ճիշտ քաղաքականություն տանել, որ դրանից լուրջ վնասներ չկրենք, նույնիսկ կարելի է օգուտներ քաղել:

-Ասում եք՝ իշխանափոխության հիմքեր չկան, բայց վերջին օրերին դարձյալ գնաճի նոր ալիք սկսվեց, դրամն արժեզրկվում է, դժգոհությունը համատարած է:

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, բնական է, ազդեցություն են ունենում նաև Հայաստանի վրա: Այս իրավիճակը 70 տոկոսով ռուբլու արժեզրկման վրա է ազդեցություն ունեցել, բայց մենք կարողանում ենք դեռ պահպանել: Ամեն ջանք պետք է նաև կարողանա գործադրել Կենտրոնական բանկը, որպեսզի դրամի արժզրկման սահմանված չափը չհատենք: Մենք պետք է կարողանանք նաև գնաճի զսպող քաղաքականություն վարել:

-Հայաստանի իշխանությունները մեղքի որևէ բաժին չունե՞ն այս հարցում:

-Բացարձակապես չունեն: Եթե տնտեսությունը նորմալ հասկացող մարդիկ մեկնաբանեն, այս երևույթներով պայմանավորված՝ այս գործընթացը չէր կարող չլինել: Գնացեք տեսեք Եվրոպայում ինչ է կատարվում: Տեսա՞ք Գերմանիայում Անգելա Մերկելին ինչ արեցին ՌԴ նկատմամբ սանկցիաների հետ կապված: Այսինքն՝ նրանք խաղում են իրենց երկրի տնտեսության հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանը իր տնտեսական հարաբերությունները խզի Եվրոպայի հետ: Դա միայն մի երկրի կարող էր ձեռնտու լինել: Բնականաբար, ԱՄՆ-ն բավականին ուրախ կլինի այդ հարաբերությունների խզման համար:

-Հայաստանի իշխանությունները կանխատեսո՞ւմ էին այսօր տնտեսությունում ստեղծված իրավիճակը և ինչո՞ւ էին անընդհատ հայտարարում, թե տնտեսությունում ցնցումներ չեն սպասվում:

-Ես չէի ասի, թե դրանք ցնցումներ են, սա նորմալ  երևույթ է: Եթե ուսումնասիրեք, Նոր տարվանից առաջ անընդհատ նման երևույթներ արձանագրվում են: Այ սրանից հետո հարկավոր է շատ ճկուն լինել դրամավարկային քաղաքականության մեջ, որ այս երևույթը շարունակական չլինի: Մենք պետք է կարողանանք ձևերն ու մեթոդները գտնել: Հայաստանում գրանցվել է դեպք, երբ դոլարն արժեզրկվել է՝ հասնելով մինչև 570-580 դրամի, հետո իջել է միանգամից 300-ի: Մենք լողացող քաղաքականություն ենք վարում, իհարկե, նման արագ փոփոխությունների ազդեցությունը բացասակայն կլինի ընդհանուր շուկայի վրա: Բայց մենք պետք է կարողանանք զսպող քաղաքականություն վարել, որպեսզի այդ ցնցումները չզգացվեն:

-Բայց մինչ կառավարությունը մտածում է, թե ինչ քաղաքականություն վարի, բնակչությունն իր մաշկի վրա թանկացումների հետևանքն է զգում: Սա այն դեպքում, երբ պաշտոնական թվերով՝ երկրում աղքատությունը 32 տոկոս է:

Դա անխուսափելի է, չենք կարող խուսափել, հարևան երկրների փորձը կարող եք ուսումնասիրել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունը միշտ կախվածության մեջ է եղել ավելի խոշոր երկրների տնտեսություններից: Երբ մի տեղ որևէ ցնցում է լինում, դա չի կարող անմիջապես ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Մենք թելադրող չենք: Նույնիսկ ԱՄՆ նման երկրներում են նման երևույթներ լինում: Պետք չէ անհանգստանալ: Չնայած մեր համապատասխան կառույցները պետք է անհանգստություն ունենան, եթե հանգիստ լինեն, ցնցումները կարող են իրոք մեծանալ:

-Դարձյալ անդրադառնանք եռյակին, խոսում են դեկտեմբերի 10-ին հուժկու հանրահավաք անելու մասին, հնարավո՞ր է շարժումը նոր թափ ստանա:

-Սովորական, հերթական հանրահավաք է լինելու, որի ականատեստը եղել ենք, ցանկանում են, որ շատ մարդ հավաքվի, որ շատ մարդ իրենց լսի:

-Այսինքն, եռյակն իշխանությունների համար այլևս վտանգ չի՞ ներկայացնում:

-Բայց ե՞րբ է վտանգ ներկայացրել, որևէ անգամ մեր անհանգստությունը նկատե՞լ եք: Ընդհակառակը, ցանկալի կլինի, որ կառուցողական ու առողջ ընդդիմություն ձևավորվի, որ երկխոսության միջոցով մենք կարողանանք մեր ապագային միտված գործողություններ կատարել: Թե չէ հայհոյելով, ասելով՝ մենք իշխանություն ենք ուզում, թողեք մի անգամ էլ մենք լինենք իշխանության, մենք թեկնածու ունենք, դրա համար սահմանադրական փոփոխություններ չենք ուզում, նման ձևով երկիր չեն կառուցում:

-Այսինքն՝ ձեր կարծիքով նրանք միայն աթոռակռի՞վ են անում:

-Ի սկզբանե, դեռ քառյակի ժամանակ ես հայտարարել եմ և նորից եմ հայտարարում՝ այդ քաղաքական ուժերը Հայաստանի անկախության օրվանից մինչև այսօր ունեցել են տարբեր ուղղվածություններ, նրանք չեն կարող միասնական ճանապարհ գնալ: Եթե նրանք ինչ-որ նպատակի շուրջ են համախմբվել, այդ նպատակն էլ ձևակերպված չէ, չկա այդ նպատակը: Եվ անհասկանալի է, թե ինչ նպատակի շուրջ են նրանք հավաքվել, և նրանց ճանապարհը դատապարտված է բաժանման:

-Եվ ստացվում է, հերթական անգամ խաբվո՞ւմ է ժողովուրդը:

Ժողովուրդը հերթական անգամ պետք է հասկանա, որ նույն ժամավաճառությունն է, նորից հավաքվում են, բայց ասելիք չկա: Պետք չէ ժողովրդի հետ խաղալ, ժողովորդը բավական նուրբ օրգանիզմ է, պետք չեն ցնցումներ, առանց այն էլ ունենք շատ խնդիրներ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am