«Հայաստանը տոմս գնեց դեպի «Տիտանիկ», որն արդեն բախվել է այսբերգին` վճարելով մեր ապագայով». Ըստ վերլուծաբանի, ԵՏՄ-ն ապագա չունի

06-12-2014
630 դիտում
«Հայաստանը տոմս գնեց դեպի «Տիտանիկ», որն արդեն բախվել է այսբերգին` վճարելով մեր ապագայով». Ըստ վերլուծաբանի, ԵՏՄ-ն ապագա չունի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Պարոն Մեհրաբյան, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ համաձայնության են եկել: Ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել այդ երկրի նկատմամաբ նոր պատժամիջոցների կիրառումը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նրա հետ տնտեսական միեւնույն դաշինքի անդամ է:

Ռուբեն Մեհրաբյան -Այն, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ՌԴ նկատմամաբ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ, նշանակում է, որ ԵՄ-ի մեջ, փաստորեն, այլեւս այդ հարցում տարաձայնություններ չկան, ինչի վրա մինչեւ այժմ հույս ուներ  Կրեմլը, երկրորդ` նշանակում է, որ նախկինում ընդունված պատժամիջոցներից հետո որեւէ փոփոխություն չկա ռուսական քաղաքականության մեջ, այն քաղաքականության մեջ, որը հանգեցրեց  պատժամիջոցների: Պատժամիջոցների փաթեթը, որ գործում է ընդդեմ Ռուսաստանի, բերել է բանկային համակարգի, շուկաների կաթվածի, դա հանգեցրել է ածխաջրածնային վառելիքի գնի անկմանը: Մի խոսքով,  ռուսական տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ: Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի` Դաշնային Ժողովին ուղղված ուղերձում որեւէ ադեկվատ շեշտադրումներ չտեսանք, թե ինչ-որ հետեւություններ են արված  այս` թե քաղաքական, թե տնտեսական: Ավելին, նույն ագրեսիվ եւ ավտորիտար ոճի դրսեւորումը բերեց նրան, որ նույնիսկ այդ ճառի ժամանակ ՌԴ տարադրամային շուկաներում, մասնավորապես, Մոսկվայի միջբանկային բորսայում ցնցում եղավ: Տպավորություն է, որ այն ամենը,  ինչ անում է ՌԴ իշխանությունը, իր տնտեսության դեմ է ուղղված: Թե որքանով  է  ադեկվատ այդ քաղաքականությունը, ցույց են տալիս ՌԴ տնտեսության ներքին ցուցանիշները: Այս իրադարձությունները համընկան ԵՏՄ պայմանագիրը վավերացնելու ՀՀ ԱԺ խայտառակ որոշման հետ: Հայաստանը, փաստորեն, տոմս գնեց դեպի Տիտանիկը, որը արդեն իսկ բախվել է այսբերգին, իսկ խորտակվող նավի տոմսի համար վճարվեց մեր ապագայով:

-Բայց Հայաստանի իշխանությունները համառորեն տնտեսական առաջընթացի ու զարգացման հեռանկարներից են խոսում: Նույնը նաեւ խորհրդարանում ԵՏՄ պայմանագրի քննարկմանը լսեցինք: 

-Անգամ ՌԴ ֆինանսների նախարարությունն է պաշտոնապես արձանագրում, որ 2015-ը ռեցեսիայի տարի է լինելու, բայց մեր իշխանությունների հերթապահ օպտիմիզմը չի  վերանում: Նրանց մոտ ամեն ինչ պետք է աճի, զարգանա, ընդլայնվի` թե ներմուծումը, թե արտահանումը, թե ներդրումների ծավալը, իսկ թե որտեղի՞ց է լինելու, ԱԺ քննարկումների ընթացքում մի որեւէ բանական պատասխան չլսեցինք: Այդ ամենը հիշեցնում էր մի կոմերիտական ժողով, որտեղ բոլորը հավաքված էին ծափահարելու եւ հանձնարարված նախադասությունները կրկնելու համար: Այնտեղ քննարկում չկար: Բոլոր հակափաստարկները, որոնք բերվում էին, անպատասխան մնացին մի պարզ պատճառով` դրանց պատասխանները գոյություն չունեն անգամ ռուսական կառավարության մոտ, ՀՀ կառավարության մոտ, անկասկած, գոյություն ունենալ չէին կարող, ուղղակի հանձնարարություն կար` միացնել քվեարկության մեքենան: 

-Պարոն Մեհրաբյան Հայաստանի ֆինանսական շուկան խուճապի մեջ է, դրամն արժեզրկվում է, դոլարի փոխարժեքը` բարձրանում: Սա կապո՞ւմ եք ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հետ: 

-Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանից արտաժույթը դուրս է գալիս, թե որ անցքից է դուրս գալիս, այդքան էլ բարդ չէ կռահել: Հայաստանում այսօր մի քանի ռուսական պետական ընկերությունների մասնաճյուղեր են աշխատում, որոնք փոխարժեքի այս տատանումների վրա փորձում են իրենց կապիտալը փրկել: Սա նույն բանն է, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 1991-92 թվականներին, երբ Հայաստանի կառավարությունը մի քիչ ավելի ուշացած ներդրեց դրամը, որպես ազգային տարադրամ, երբ ռուբլին արդեն  անկում էր ապրում: Այսօր, ցավոք, մենք տեսնում ենք հակառակ պրոցեսը` վտանգ կա, որ ուղղակի այս ամենը դուրս կգա հայաստանյան իշխանության  վերահսկողությունից ու քաոսային իրավիճակ կստեղծվի: 

-Ի՞նչ ապագա եք տեսնում ԵՏՄ-ի համար, երբ միության առանցքը հանդիսացող Ռուսաստանը տնտեսական լուրջ խնդիրներ ունի: 

 -ԵՏՄ-ի հետ կապված բազմիցս նշել եւ կկրկնում եմ` այդ միությունը ոչ միայն ապագա , նույնիսկ ներկա էլ չունի: Դրա համար շատ պարզ պատճառ կա: Հաստատումը ռուս-բելառուսական հարաբերություններն են: Մենք տեսնում ենք, որ Մաքսային Միությունը չի գործում: Վլադիմիր Պուտինը իբր թե հակապատժամիջոցներ է կիրառում արեւմտյան  արտադրանքի նկատմամբ` ընդհանրապես չխորհրդակցելով նույն ՄՄ մեջ մտնող սուբյեկտների հետ, եւ նրանց ոչ միայն փաստի առաջ է կանգնեցնում, այլեւ փորձում է ճնշում գործադրելով նրանց եւս դնել այդ պատժամիջոցային  ռեժիմի մեջ, ինչը ամենեւին չի բխում ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի շահերից եւ դրա մասին նրանք արդեն բարձրաձայնում են: Լուկաշենկոն բաց տեքստով մեղադրանք ներկայացրեց Պուտինին, որ նա փաստորեն պայթեցնում է ՄՄ-ն: Սա ցույց է տալիս, որ ոչ միայն ինքը` ՄՄ տնտեսության լոկոմոտիվ ռուսական տնտեսությունն է տիտանիկ հիշեցնում այլեւ հենց ՄՄ-ն, որտեղ մեր  իշխանությունները փորձում են օր առաջ մտնել: Սա ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին, այլ տանում է միջազգային մեկուսացման, այն մեկուսացման, որին այսօր Արեւմուտքը ենթարկում է Ռուսաստանին: Թե որքանով է սա բխում մեր շահերից, պատասխան չկա, թե ինչ կապ ունի սա  մեր անվտանգության հետ, ինչը որպես փաստարկ նշում են իշխանական ու այսպես կոչված ոչ իշխանական ուժերը, նույնպես, բացատրություն չկա: 

-Կարծում եք Հայաստանի իշխանությունն այս ամենը չի՞ գիտակցում: 

-Մենք գործ ունենք տոտալ քաղաքական անպատասխանատվության եւ ոչ կոմպետենտության հետ, մենք գործ ունենք նաեւ կամային ու ինտելեկտուալ կաթվածի հետ, որին ենթարկվել է ՀՀ պետական համակարգը եւ պետությունը թողել է ինքնահոսի: Այսօր փաստորեն, որեւէ պետական ինստիտուտ ի զորու չէ անգամ դիմագրավել փորձելու այն մարտահրավերներին, որոնց առջեւ դեմ առ դեմ կանգնել ՀՀ քաղաքացին եւ միակ  ելքը մնում է քաղաքացիների ինքնակազմակերպումը եւ դիմադրությունը այս ամենին: Մենք, փաստորեն, ԵՏՄ անդամակցության պայմանագիրը վավերացնելով,  ԱԺ-ն վերածեցինք Հայաստանի երրորդ Հանրապետության լուծարային հանձնաժողովի, որը օկուպացրեց Հայաստանը, իսկ օկուպացված երկրում քաղաքականություն չկա, միակ քաղաքականությունը դիմադրության շարժումն է:

Էմմա Քալաշյան

© Medialab.am