«Լավ մարդ ես, ափսոս` հայ ես». թիֆլիսահայերը բողոքում են իրենց հանդեպ վրացիների խտրական վերաբերմունքից

12-11-2010
438 դիտում
«Լավ մարդ ես, ափսոս` հայ ես». թիֆլիսահայերը բողոքում են իրենց հանդեպ վրացիների խտրական վերաբերմունքից

Թիֆլիսահայ Սամվել Աղաբաբյանը գործազուրկ է: Նա ասում է, որ չի կարողանում աշխատանք գտնել, և որ անարդյունք փնտրտուքի պատճառն իր ազգային պատկանելությունն է:

«Ես բախվել եմ հայերի հանդեպ վրացիների բացասական վերաբերմունքին: Դա միշտ չէ, որ արտահայտվում է ինչ-որ գործունեությամբ: Այսինքն` քեզ կարող են աշխատանքի ընդունել, բայց ընթացքում այնպիսի հոգեբանական իրավիճակ կստեղծվի, որը կոչված է ճնշելու հայերին»,- «Մեդիալաբին» ասում է Սամվելը:

Նրա խոսքով`մարդը կարող է խնդիրներ չունենալ, եթե վառ արտահայտված հայ չի, եթե չի խոսում իր ազգի, իր պատմության մասին: Քանի որ, եթե, օրինակ, խոսի իր պատմության մասին, նրա վրա կարող են ծիծաղել:

«Օրինակ` ես չեմ կարող վրացական միջավայրում ասել` գիտե՞ք` մեր պատմության մեջ այս-այս է եղել: Գիտեմ, որ ի պատասխան քմծիծաղ կտան»,- ասում է Սամվել Աղաբաբյանը:

Նրա կարծիքով` այս խտրականության հիմնական պատճառը վրացիների «հատուկ» վերաբերմունքն է հայերի հանդեպ, որը ոչնչով չի պատճառաբանվում:

«Պարզապես վրացիները չեն սիրում հայերին և վերջ»,- ասում է նա:

«Երբ ծառայում էի վրացական բանակում, սկզբում, երբ չգիտեին ազգությունս, հայերի մասին խոսելիս վրացիները միշտ ասում էին, որ հայերը վտանգավոր են իրենց պետության համար: Ես, օրինակ, լսել եմ, որ վրացին ասել է. ամեն անգամ, երբ մենք վատ վիճակում էինք, հայերը միշտ մեզ թիկունքից խփում էին»,- պատմում է Սամվել Աղաբաբյանը:

Թբիլիսիում, սակայն, բոլորը չեն, որ նման կարծիք ունեն: Ծրագրավորող Նադյա Սարկիսովան վաղուց է աշխատանք գտել և գոհ է իր կյանքից:

«Դժվարությունը երևի թե այն է, որ հայերը հիմնականում ռուսական կրթություն են ստանում, իսկ ռուսական դպրոցները փակվում են: Չնայած գուցե դա լավ է: Եթե ապրում ես Վրաստանում, պետք է հարմարվես: Իսկ գործում և առօրյա կյանքում երբեք ոչ մի դժվարություն չեմ զգացել»,- «Մեդիալաբին» ասում է Նադյան:

Նրա ամուսինը` դիզայներ Ալեքսանդր Սուքիասովը, համաձայն է կնոջ հետ և ընդհանրապես չի հասկանում այն մարդկանց, ովքեր բողոքում են իրենց կյանքից և խոսում են հայերի հանդեպ ճնշումների մասին:

«Դժվարություններ կարող են հայտնվել այն մարդկանց մոտ, որոնք փնտրում են դրանք: Կան մարդիկ, որոնք իրենց ձախողումները վերագրում են այն բանին, որ իրենք հայ են: Օրինակ` կարող են ասել` աշխատանք չունեմ, որովհետև հայ եմ: Դրանք անհեթեթություններ են: Հայ լինելը երբեք չի կարող խանգարել: Նորմալ, կրթված մարդը նման դժվարություններ չի ունենում: Այստեղ ազգային փոքրամասնությունները շատ են, և մեր հանդեպ վերաբերմունքը շատ վատ չէ: Գուցե կարող են ինչ-որ պահի ինչ-որ բան ասել: Բայց, դե, թքա´ծ: Հիմնականում ոչ մի ճնշում չկա»,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանդր Սուքիասովը:

Վրաստանում Հայկական համագործակցության կենտրոնի տնօրեն Սանդրո Օհանյանի կարծիքով` հենց այդ «ինչ-որ պահի ասված խոսքերն» են, որ կարող են ընկճել հայերին և ճնշել նրանց:

«Այս ամբողջն այնպիսի հոգեբանական իրավիճակ է ստեղծում հայերի մոտ, որ նրանք արդեն համոզված չեն, որ իրենց աշխատանքի կընդունեն և անգամ չեն էլ փորձում ընդունվել»,- «Մեդիալաբին» ասում է Սանդրո Օհանյանը:

Նրա խոսքով` կան շատ խտրական պահեր, որոնք օրենքով չպետք է խտրական լինեն, բայց իրականում խտրականությունը գործում է մի շարք սոցիալական հարցերում:

«Օրինակ` ըստ Վրաստանի օրենքի` բոլոր քաղաքացիները հավասար են, ունեն հավասար իրավունքներ: Բայց մարդը կարող է գնալ աշխատանքի ընդունվելու և ոչ պաշտոնապես ստանալ բացասական պատասխան, առանց պարզաբանումների: Այսինքն` որոշ ոլորտներում կա հայերին չընդունելու չգրված օրենք, օրինակ` ռազմական հաստատություններում»,- ասում է Սանդրո Օհանյանը:

Մշակութային անկախ մենեջեր, ազգությամբ հայ Ելենա Մեչիտովան Սանդրո Օհանյանի համակուրսեցին է եղել: Նա լավ գիտի վերջինիս բողոքի պատճառները, սակայն այնքան էլ համամիտ չէ նրա հետ: Ելենայի կարծիքով` շատ դժվարությունների պատճառը հենց հայերն են:

«Այսպես ասեմ. եթե աշխատանքի են ընդունվում հավասարաչափ պրոֆեսիոնալ հայն ու վրացին, ապա գործատուն կընդունի վրացուն: Բայց եթե հայը որպես մասնագետ ավելի լավն է, քան վրացին, ապա կընդունեն հային: Ես իմ գործում նման խնդիրների չեմ բախվել: Ես շատ հայերի եմ ճանաչում, որոնք նորմալ աշխատում են»,- ասում է Ելենան:

Նա վրացական մի անեկդոտ պատմեց: Ասում են` մի օր հայերն ու վրացիները իրար միջև պատ շարեցին, բայց վրացիները մի փոքրիկ անցք թողեցին: Ժամանակ առ ժամանակ վրացին այդ անցքից նայում է և կանչում. «Հա~ա~ա~յ»: Ու դրանից հայը շատ է բորբոքվում: Սա խոսում է այն մասին, որ հաճախ հայերն իրենք են նեղվում, երբ վրացիները շեշտում են նրանց ինքնությունը:

«Երբ ինձ հայ են ասում, ես չեմ վիրավորվում: Ես ուրախ եմ, որ հայ եմ: Ես իմ ինքնության հետ խնդիրներ չունեմ»,- ասում է Ելենան:

Վրաստանի հայկական համայնքի «Միություն» թերթի գլխավոր խմբագիր Թամարա Հակոբյանը, սակայն, նման անեկդոտների համար իր պատասխանն ունի: Ինչպե՞ս չնեղվես, երբ քո հայ լինելը դիմացինի համար խնդիր է:

«Կարող են ասել` լավ մարդ ես, ափսո~ս` հայ ես: Դա միգուցե մի քիչ ծիծաղելի է, բայց այդ հոգեբանությունը վրացիների մեջ նստած է»,- «Մեդիալաբին» ասում է Թամարա Հակոբյանը:

Նրա խոսքով` վրացիների նման վերաբերմունքն ուղղված չէ ընդհանրապես բոլոր ազգային փոքրամասնությունների դեմ: Ադրբեջանցիները, օրինակ, ավելի քիչ են խտրականության ենթարկվում:

«Երեք օր առաջ շուկայում սկեսուրս և սկեսրայրս խնձոր գնելիս,- «Մեդիալաբին» պատմում է Թամարա Հակոբյանը,- սկեսուրս ասել է` ես քո ուզած գինը տալիս եմ, կարելի՞ է ջոկեմ: Վաճառողը պատասխանել է` չէ´, դու հայ ես»:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարները` Յուլիաննա Սիրանյանի

© Medialab.am