STOP. ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ձախողվեց: Կազմակերպիչ Գեորգի Վանյանն առաջիկա ասուլիսում կասի, թե իրականում ինչ է տեղի ունեցել

16-11-2010
345 դիտում
STOP. ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ձախողվեց: Կազմակերպիչ Գեորգի Վանյանն առաջիկա ասուլիսում կասի, թե իրականում ինչ է տեղի ունեցել

Գրեթե մեկ տարի տևած բազմաթիվ փորձերից և տարբեր անոնսներից հետո նոյեմբերի 12-ին Հայաստանում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախաձեռնած STOP ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կրկին ձախողվել է:

Թեև նախապես հայտարարվել էր, թե փառատոնի չկայանալու պատճառը հերթական անգամ վերջին պահին վարձակալված տարածքի սեփականատիրոջ կողմից հրաժարվելն է, սակայն նախաձեռնության հեղինակ, կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը «Մեդիալաբին» ասել է, թե «ամեն ինչ շատ ավելի խորքային է ու բարդ»:

«Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում ոչ թե ձախողվել է, այլ արգելափակվել,- ասում է Գեորգի Վանյանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 10 անգամ փառատոնի հայտարարված օրվա նախօրեին կանգնել է փակ դռների առջև, քանի որ դահլիճի պատասխանատուները վերջին պահին հրաժարվել են տարածք տրամադրելուց: - Ես իմ մտադրությունից հետ չեմ կանգնելու և վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու եմ փառատոնի կայացման գործը»:

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու իր մտադրությունից Վանյանը հետ չի կանգնում` ավելի քան մեկ տարի հույս ունենալով «համատարած տոտալ քարոզչության պայմաններում ստեղծելու ազատ տարածք և հանդիսատեսին ներկայացնելու իրական Ադրբեջանը»: Սակայն խոչընդոտների և բուռն քննադատական արձագանքների է արժանանում հենց սկզբից:

«Չեմ հասկանում, թե ամիսներ շարունակ ի´նչ նպատակով են ուզում նման փառատոն կազմակերպել, երբ այդ միտքը չի ընդունվում հասարակության կողմից,-«Մեդիալաբին» ասում է 22-ամյա ուսանողուհի Անուշ Սողոմոնյանը: - Մի՞թե այդքան քննադատությունները, մերժումներն ու խոչընդոտները ոչինչ չեն նշանակում»:

Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Երևանում լուրջ քննադատության է արժանացել հատկապես երիտասարդական կառույցների կողմից:

«Կարծում եմ, որ մենք` hայաստանաբնակ hայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք, քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը բռնազավթված է այդ պետության կողմից, քանի դեռ հազարամյա հայկական խաչքարերը հողին են հավասարեցվում, քանի դեռ Ադրբեջանը հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ լինելը», տանջամահ է անում: Մի՞թե իսպառ զրկվել ենք մեր ազգային արժանապատվությունից»,- նախաձեռնությանն արձագանքել են հինգ երիտասարդական կազմակերպություններ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ևս հայտարարել է, թե անթույլատրելի է համարում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը, քանի որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Ղարաբաղի անվտանգությանը, իրականացնում է հայատյաց քաղաքականություն, փորձում է հակահայկական քարոզչությամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրա և այլն:

«Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը մենք համարում ենք սրբապղծություն և Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»,- նշված է նոյեմբերի 11-ին ուսանողական միության տարածած հաղորդագրությունում:

Սակայն փառատոնի աջակից, Հայաստանում ԱՄՆ դեսպանության խոսնակ Քերըն Ռոբլին epress.am լրատվական կայքի հարցին ի պատասխան,  հայտարարել է, թե աջակցությունը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպաստելու է հանդուրժողականությանը և այլ երկրի մշակույթին ծանոթանալուն ու բազմակարծությանը:

«Այդ ֆիլմերի ցուցադրությամբ մենք փորձում ենք Հայաստանում ներհասարակական երկխոսություն սկսել»,- փառատոնի անոնսների ժամանակ հայտարարել է Վանյանը` նշելով, որ ֆիլմերը չեն առնչվում հակամարտությանը և Ղարաբաղի թեմաներին:

Ծրագիրը, որը շատերի համոզմամբ` ուղղակի հավակնոտ անվանում ունի և հեռու է փառատոն համարվելուց, իր ծրագրային աղքատիկ ընդգրկվածության պատճառով նախատեսում էր հանդիսատեսի դատին հանձնել 2007-2008 թթ. Ադրբեջանում նկարահանված չորս կարճամետրաժ ֆիլմեր` ընդհանուր 1 ժամ 33 րոպե տևողությամբ:

«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչո´ւ է այսքան աղմուկ բարձրացել այս փառատոնի շուրջ,- «Մեդիալաբին» ասում է 30-ամյա հաշվապահ Սաթենիկ Մանուկյանը: - Չե՞ք ուզում, մի´ գնացեք, բայց, օրինակ, ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ադրբեջանցիներն ապրում, ի՞նչ են մտածում: Թշնամուդ պիտի լավ իմանաս»:

25-ամյա ուսանողուհի Նանե Աբգարյանն էլ ասում է, որ տարբեր ծրագրերի շնորհիվ ինքն ադրբեջանցի ընկերներ է ձեռք բերել, որոնց հետ շատ լավ հարաբերություններ ունի:

«Ես չեմ ընդունում նման վերաբերմունքը մշակույթի վերաբերյալ: Կարելի՞ է, չէ, ամեն դեպքում ծանոթանալ, չէ՞ որ սա փառատոն է, այլ ոչ թե քարոզչություն»,- ասում է նա:

Սակայն փառատոնի շուրջ ստեղծված տրամադրությունները միանշանակորեն տարբեր են` առավել շատ հակված դեպի մերժումը: Գույներն ու վիրավորանքներն էլ ավելի խտացան վերջերս` սոցիալական ցանցերում սկսված հակաքարոզչական խմբերի և քննարկումների ֆոնի վրա:

Facebook սոցիալական կայքում փառատոնին տեխնիկական աջակցություն ցուցաբերած գրող Լուսինե Վայաչյանը հայտարարություն տեղադրելու համար «թունդ» վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստացել:

«Իսկ դու չե՞ս վախենում, որ օրը գալու ա, և դու ու քո ալիևական վիժվածքները արյամբ եք պատասխան տալու նման լրբության համար….»,- Լուսինե Վայաչյանին գրել է օգտատերերից մեկը:

Ի պատասխան կազմակերպվելիք փառատոնի` «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Հայատյացությունը թուրքական և ադրբեջանական կինոյում» անունով ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպել` ներկայացնելու, թե իրականում ինչպիսի´ն է «հարևանների» վերաբերմունքը հայերի նկատմամբ: ՀԿ նախագահ Կարեն Վրթանեսյանը հայտարարել է, որ ֆիլմերը խայտառակ ձևով խեղաթյուրում են փաստերը և հայերին ներկայացնում որպես արյունարբու գազանների:

«Մեր երիտասարդները պետք է հասկանան, թե ինչպե´ս են իրենց ներկայացնում հարևան երկրներում: Շատ հետաքրքիր է, թե ի´նչ ուղերձ են տալիս այդ ֆիլմերի հեղինակները ադրբեջանական կամ թուրքական լսարանին, և այդ նյութերով մեծացած ու դաստիարակված զանգվածի հետ ինչպե´ս ենք շփվելու, շատ մեծ հարց է»,- ասել է Վրթանեսյանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն ասում է, որ ոտնահարվել է արդարությունը, խախտվել փոխադարձության սկզբունքը: Նրա կարծիքով`եթե Երևանում ԱՄՆ ֆինանսավորմամբ նման նախաձեռնություն է իրականացվում, ապա Բաքվում էլ պետք է համարժեք միջոցառում կազմակերպվի:

Հակառակ դեպքում, ըստ նրա, ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է հղվում. մարդիկ մտածում են, որ միայն հայերի մեջ հանդուրժողականություն սերմանելու կարիք կա, մինչդեռ «հայ հասարակության հանդուրժողականության մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակության հանդուրժողականությունից»:

«Փոխադարձության սկզբունքը կարևորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում: Այն անշեղորեն պետք է պահպանել: Միջպետական հարաբերություններում որևէ չարդարացված զիջում մեր տարածաշրջանում ընկալվում է որպես թուլության նշան և հղի է խիստ վտանգավոր հետևանքներով»,-ասում է Արա Պապյանը:

Գեորգի Վանյանն ասում է, որ իրականում ամեն ինչ շատ ավելի խորն է, քան թվում է: Նա նշել է, որ երեքշաբթի հանդես կգա  մամլո ասուլիսով եւ  կպատասխանի բոլոր մեղադրանքներին և հարցերին:

«Հայցում եմ հանդիսատեսի ներողամտությունը և վստահեցնում, որ հետևողականորեն շարունակելու եմ աշխատել` մարդասիրական գաղափարների այլասերման ու բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության և ահաբեկչության պայմաններում` Հայաստանում ազատ արտահայտման, ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածքի ապահովումը»,- նշել է Վանյանը` տարածած հաղորդագրության մեջ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am