Ահաբեկել են, բայց շարունակելու ենք. ադրբեջանական ֆիլմերի փառատոնի փոխարեն հայտարարվել են նախափառատոնյան օրեր

23-11-2010
393 դիտում
Ահաբեկել են, բայց շարունակելու ենք. ադրբեջանական ֆիլմերի փառատոնի փոխարեն հայտարարվել են նախափառատոնյան օրեր

Աղմկահարույց արձագանքներից, վիրավորանքներից և գրեթե մեկ տարի տևած շարունակական ձախողումներից հետո Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը այնուամենայնիվ, չհրաժարվելով իր նախաձեռնությունից, հայտարարել է «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի նախափառատոնյան օրեր:

Ըստ նրա` նախափառատոնյան օրերը կազմակերպվում են բուն փառատոնի արգելափակման պայմաններում:

«Մեզ կարող են դիմել մարդիկ, ովքեր հետաքրքրված են ֆիլմերով: Փոքր խմբերով կարող ենք ֆիլմերի դիտում կազմակերպել, քննարկել, թե ինչո´ւ է արգելափակվում փառատոնը և այլ հարցեր»,- «Մեդիալաբին» ասում է Գեորգի Վանյանը:

Հոկտեմբերի վերջին Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը հայտարարեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կանցկացնի:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն առաջին անգամ չէ, որ փորձում էր Երևանում փառատոն անցկացնել: Անցյալ տարի նման փորձերը բազմիցս ձախողվեցին, սակայն այս տարի նախաձեռնող Վանյանի հույսերը, ըստ ամենայնի, ավելին էին:

Սակայն բազմաթիվ հայտարարություններից և անոնսներից հետո ադրբեջանական ֆիլմերի փառատոնի համար, ինչպես և նախորդ դեպքերում, տարածք չգտնվեց:

Սրան զուգահեռ, անցկացվելիք փառատոնի մասին լուրին անմիջապես արձագանքեցին հայաստանյան հայրենասիրական ակտիվ խմբերը: Մի շարք երիտասարդական միություններ`Հայազն երիտասարդների միաբանությունը, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, «Փառքի պահապաններ» ռազմահայրենասիրական նախաձեռնությունը, Հայրենասեր պատանիների միությունը, «Վանաձորի ազգայնական ճակատը», հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես ասվում է.

«Կարծում ենք, որ մենք` hայաստանաբնակ hայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք, քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը բռնազավթված է տվյալ պետության կողմից, քանի դեռ հազարամյա հայկական խաչքարերը հողին են հարթեցվում, քանի դեռ Ադրբեջանը հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ լինելը», տանջամահ է անում: Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը»:

Արդյունքում` հասարակական այս բուռն արձագանքի, ինչպես նաև սոցիալական ցանցերում սկսված «պայքարի» պայմաններում և «այլ գործոններով» պայմանավորված` Գեորգի Վանյանին չհաջողվեց ֆիլմերի ցուցադրության համար դահլիճ գտնել: Սակայն Վանյանը հայտարարեց, թե, միևնույն է, պայքարելու է, որպեսզի փառատոնը կայանա:

«Անկախ այս ահաբեկչությունից, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը,- «Մեդիալաբին» ասել է Գեորգի Վանյանը: - Այնտեղ, որտեղ օրենքը չի գործում, որոշումները կայացվում են օրենքից դուրս, փաստորեն դա արդեն ահաբեկչություն է»:

Փառատոնի համակարգող Լուիզա Պողոսյանի խոսքով` փառատոնի ձախողման հիմնական պատճառն այն էր, որ մի քանի անգամ տարբեր մարդկանց հետ դահլիճի վարձակալման մասին պայմանագիր կնքելուց հետո միանգամայն անսպասելիորեն պայմանագիրը միակողմանի լուծարվել է:

«Հնարավոր է, որ մենք փորձենք դատարան դիմել, բայց հաշվի ենք առնում, որ այդ մարդիկ իրենք շանտաժի օբյեկտ են,- «Մեդիալաբին» ասում է Լուիզա Պողոսյանը: - Մենք միանշանակ համոզված ենք, որ դա արված է շանտաժի եղանակով, ոչ թե տվյալ մարդու գաղափարն է, որ փառատոնը չանցկացվի»:

Գեորգի Վանյանի պատմելով` դահլիճի վերաբերյալ բազմաթիվ մարդկանց հետ բանավոր համաձայնություն է եղել: Մի դեպքում նույնիսկ պայմանագիր է կնքվել և մուծվել գումարը, մյուս դեպքում` մուծվել է գումարի կեսը: Բայց, ի վերջո, երկու պայմանագրերն էլ միակողմանի լուծարվել են: Դահլիճի սեփականատերերը չեն ցանկացել բացատրություն տալ:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին խոստացված դահլիճներից մեկն էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնն էր: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Մեդիալաբին» ասաց, որ ինքը դեմ չէր լինի դահլիճ տրամադրել, սակայն ամեն ինչ չէ, որ իր ձեռքում է:

«Պարոն Վանյանի հետ ի սկզբանե եղել է բանավոր համաձայնություն, քանի որ մեր մեդիակենտրոնը պարբերաբար ցուցադրում է վրացական, թուրքական, իտալական և այլ ֆիլմեր ու բաց է համագործակցության համար: Սակայն երբ եկավ գրավոր պայմանագիր կնքելու կոնկրետ պահը, դրա համար արդեն անհրաժեշտ էր պետական մարմնի համաձայնությունը: Իսկ կրթության և գիտության նախարարությունը որոշեց, որ պայմանագիր ստորագրելը նպատակահարմար չէ»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Բլեյանը:

Հայաստանում, սակայն, շատերը գոհ են ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ձախողումից և պնդում են, որ շարունակելու են պայքարել Գեորգի Վանյանի բոլոր այն նախագծերի դեմ, որոնք, ըստ նրանց, հակահայկական կլինեն:

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ քաղաքացիական շարժման ակտիվիստներից մեկն էլ թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էր: Նրա կարծիքով` փառատոնի ձախողմանը նպաստել է երիտասարդ հայրենասերների ակտիվությունը:

«Ինձ շատ ոգևորեց հասարակության, մանավանդ երիտասարդության կտրուկ արձագանքը (թեև որոշ դեպքերում այն լի էր վիրավորանքներով և ագրեսիվությամբ), այսինքն`այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր ազգի ինքնապաշտպանական բնազդն առողջ է և գործում է: Իսկ ինչ վերաբերում է Վանյանին, ապա, ըստ իս, այս մարդու միջից իսպառ հանված է «ազգային գեն» կոչվածը, և նա առաջնորդվում է միայն ցինիզմով ու անտեղի համառությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am