Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ է վարում

26-02-2015
385 դիտում
Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ է վարում

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինն առաջիկայում չբարձրանա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Պատասխանելով հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին, թե այս կամ հաջորդ տարի նախատեսվո՞ւմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ Նազարյանը նախ ասաց, որ «էլեկտրաէներգիայի և գազի սակագները իրար հետ ուղիղ կապվածության մեջ են, և էլեկտրաէներգիայի սակագները պայմանվորված են շատ գործոններով», այնուհետև շարունակեց. - «Լուրջ դերակատարում ունի դոլար-դրամ փոխարժեքի մեծությունը։ Դրանով պայմանավորված այս պահին հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված։ Ես բանակցությունների արդյունքի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո նոր էլեկտրաէներգիա արտադրող կայանները և այդ շուկային մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել։ Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»։

Գաղտնի բանակցություննե՞ր գազի սակագնի շուրջ

Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի մոտ 16.5 տոկոս արժեզրկումից հետո, Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ գազի գնի թանկացման վտանգ կա և այդ վտանգը չեզոքացնելու համար բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ:

Անգամ, երբ նախորդ ամսվա վերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանըընդունեց «Գազպրոմ»-ի փոխնախագահ Վալերի Գոլուբևին, կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե «անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր»: Ո՛չ մի խոսք գազի գնի շուրջ բանակցություններից:

Այսօր էլ «Ազատության» հարցերին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, որո՞նք են բանակցությունների նախնական արդյունքները, կառավարությունից լռությամբ արձագանքեցին:

Ռուսաստանի կառավարությունից, «Գազպրոմ» ընկերությունից ևս այսօր արձագանք ստանալ չհաջողվեց: 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնեց, որ ինքը տեղեկություններ չունի նման բանակցություններից:

Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ գազի գինը թանկացրել էր 2013-ի հունիսին: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար հազար խորանարդ մետրի գինը 130 հազար դրամից դարձավ 156 հազար, իսկ 10 հազարից ավելի սպառումունեցողները նույն ծավալի գազի դիմաց 230 դոլար 82 սենթի փոխարեն վճարելու էին 276 դոլար 98 սենթ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/content/article/26869310.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook