Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. «Ազատություն»

06-03-2015
253 դիտում
Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. «Ազատություն»

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյան․ - «Հայեցակարգը բաց քննարկման է դրված, ինչպես հանրապետականները, այնպես էլ ցանկացած քաղաքական ուժ, հասարակական միավոր կարող է քննարկել, իսկ բուն Սահմանադրության տեքստը կարծում եմ ապագայում արդեն կհրապարակվի»:

«Ազատություն»․ - «Ի՞նչ կարծիքներ կան կուսակցությունում, հակվա՞ծ են, որ ներկայացվեն հանրաքվեի սահմանադրական բարեփոխումները»:

Սահակյան․ - «Բնականաբար հանրաքվեի կներկայացվի, բայց նաև քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մեկնություններ կան, տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե նաև այլ կուսակցություններում»:

«Ազատություն»․ - «Իսկ մոտավորապես, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կներկայացվի հանրաքվեի»

Սահակյան․ - «Ես կարծում եմ աշնանը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը, էդպես, դեռևս քննարկումներ չկան: Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումները իրենց բովանդակային առումով արդեն նախապատրաստած լինեն Սահմանադրությունը շրջանառության մեջ դնելու»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը անցած տարվա հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանիններկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով առաջարկվում է կառավարման կիսանախագահական մոդելից անցնել խորհրդարանական կառավարման համակարգին:

Բարեփոխումների փաթեթը հանրաքվեի կարող է ներկայացնել Հայաստանի նախագահը: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի նախագահ Սարգսյանը առ այսօր հայտնի չէ: Անցած տարվա հոկտեմբերի 17-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը tert.am-ինհայտնեց, որ հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի հայտնի կլինի 2015-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Հայտնի է նաև, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ են ընդդիմադիր ուժերը՝ հայտարարելով, որ անցումը խորհրդարանական հանրապետության հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին պահպանել իշխանությունը՝ պաշտոնավարելով որպես Ազգային ժողովի նախագահ կամ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.azatutyun.am/content/article/26883563.html