Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ

06-03-2015
471 դիտում
Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչու է դադարեցնում իր անդամակցությունը կուսակցությանը: Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու:

ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը:

Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:

Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար: Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից և նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաև քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ»:

CIVILNET.AM