Գյումրիի մուտքի մոտ «ոստիկանական գործառույթներ» են իրականացրել մի խումբ «ջահելներ».ԳԱԼԱ

08-03-2015
288 դիտում
Գյումրիի մուտքի մոտ «ոստիկանական գործառույթներ» են իրականացրել մի խումբ «ջահելներ».ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավականին լարված իրավիճակ էր Գյումրիի մուտքի մոտ: Այնտեղ էին հավաքված մեծ թվով երիտասարդներ, ովքեր խանգարում էին լրագրողների աշխատանքը, խոչընդոտում, որ տարածքում իրականացվեն նկարահանումներ:

Ժիրայր Սեֆիլյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ շուտով կլինեն Գյումրիում, եւ որ սպառնալիքներ շարունակում են ստանալ այն մասին, որ չհամարձակվեն մտնել Գյումրի, որովհետեւ անհասկանալի ծագման խմբեր են հավաքվել:ԳԱԼԱ-ն ստացել է տեղեկություններ, որ այդ խմբերն ուղղորդվում են Շիրակի մարզային ոստիկանության կողմից: Այս տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ, ով ընդհանրապես չպատասխանեց զանգերին:

ԳԱԼԱ-ն կապ է հաստատել ՀՀ ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանի հետ, նրան փոխանցել այդ տեղեկատվությունը, ինչից հետո մուտքի մոտ հավաքված խմբերն ինչ-որ հեռախոսազանգեր ստանալուց հետո նստել են մեքենաները եւ հեռացել:

Իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում մուտքի մոտ, որ ավտոերթին որեւէ խանգարող հանգամանք չկա, ինչ վերաբերում է մուտքի մոտ տեղի ունեցող պրոցեսներին, ապա նշեց, որ ինքը կծանոթանա իրավիճակին: