«Առերեսվի՛ր ստվերին». Հայաստանի` «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող երգի խորագիրը փոխվել է` «հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը»

18-03-2015
420 դիտում
«Առերեսվի՛ր ստվերին». Հայաստանի` «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող երգի խորագիրը փոխվել է` «հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը»

Հայաստանի` «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող երգի խորագիրը փոխվել է` «հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային հեռուստաընկերությունը: Աղբյուրը նշում է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը։ Ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանը:

««Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո “Face The Shadow” (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»): Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը»,-տեղեկացրել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ Հայաստանը երգի միջազգային մրցույթում ներկայացնող երգի անվանումը «Մի՛ ժխտիր» (Don't Deny)  էր: Հոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 12-ին: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը բաղկացած է վեց անդամներից: Հայտարարված խմբի վերցերորդ անդամը ՀՀ վաստակավոր երգչուհի Ինգա Արշակյանն է, մյուս հինգ անդամները երկրագնդի հինգ աշխարհամասերի ներկայացուցիչներ, հայկական արմատներով երաժիշտներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանն ու Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը:

Don’t Deny երգի կոմպոզիտորը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: 

60-րդ անգամ անցկացվող մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: