ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կասկածի տակ է դնում ՀՀ ՀՔԾ գործողությունները

05-05-2015
521 դիտում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կասկածի տակ է դնում ՀՀ ՀՔԾ գործողությունները

2014 նոյեմբերի 21-ին իրենց իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ Անի Բոշյանը, նրա հայրը՝ Հակոբ Բոշյանը և մայրը՝ Բավական Խաչատրյանը. քաղաքացիների իրավունքները խախտվել էին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների կողմից:

Ոստիկանության աշխատակիցները Անի Բոշյանին անօրինական կերպով զրկել են ազատությունից, նրա նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել արժանապատվությունը, նրան համոզել են ու ցուցմունքներ կորզել, և ի վերջո հասցրել են ինքնասպանության փորձ կատարելուն:

Անիի հոր՝ Հակոբ Բոշյանի նկատմամբ ևս ոստիկանության աշխատակիցները կիրառել են բռնություններ, հայհոյանքներ են տվել և սպառնացել են ծեծել, ապօրինի պահել են ոստիկանությունում: Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թվականի նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քաղաքացի Անի Բոշյանի և նրա հոր՝ Հակոբ Բոշյանի իրավունքների խախտման փաստի հիման վրա:

ՀՀ ՀՔԾ-ն 2015թ.-ի ապրիլի 17-ին,  ի պատասխան կազմակերպության 2014 թվականի նոյեմբերի 26-ի հաղորդման, որոշում է կայացրել ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծանր հետևանք պատճառելու և ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով և կարճել 2014թ.-ի դեկտեմբերի 12-ին արդեն հարուցված քրեական գործի վարույթը:

Մանրամասն ուսումնասիրելով ՀՔԾ-ի որոշումը կարելի է ենթադրել, որ սույն գործի նախաքննությունը թերի է կատարվել և ոչ պատշաճ կերպով: ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունենալով և՛ ոստիկանության աշխատակիցների, և՛ Բոշյանների ցուցմունքները, չգիտես ինչու, արժանահավատ է համարել ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ Բոշյաններինը:

ՀՔԾ-ն ոչ լիարժեք նախաքննություն վարելով՝ որոշել է, որ  ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու, նրան համոզելու և ցուցմունքներ կորզելու հանգամանքները հիմնավորող միակ ապացույցը գործի ելքով շահագրգռված Անի Բոշյանի ցուցմունքն է, իսկ վերջինիս ծնողներ՝ Բավական Խաչատրյանի և Հակոբ Բոշյանի ցուցմունքները անուղղակի ապացույցներ են՝ հիմնված Անի Բոշյանի պատմածի վրա: Արդյունքում՝ իր համոզմամբ վերլուծելով ու գնահատելով այլ փաստական տվյալներ՝ արձանագրել է, որ քննության արդյունքում ի հայտ չեն եկել այնպիսի հիմնավոր փաստեր ուստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ, ինչպիսիք անհրաժեշտ են քրեական գործ հարուցելու համար:

ՀՔԾ-ն իր որոշումը հիմնավորել է, նշելով որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «…հանցանք գործելու մեջ անձի մեղավորության հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար աբողջությամբ»,- միևնուն ժամանակ ինքը շտապելով որոշում կայացնել ենթադրություների հիման վրա: ՀՔԾ-ն չի կատարել դեպքերի պատշաճ հետազոտություն, չի անդրադարձել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների խախտման վերաբերյալ տվյալների ճշտմանը, ըստ այդմ հանցանք չի համարել նաև քաղաքացիներին ոստիկանությունում սահմանված ժամերից երկար պահելը:

ՀՔԾ-ն չի անդրադարձել այն հանգամանքին, որ Անի Բոշյանը 2014թ.-ի նեյոմբերի 11-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 18:00-ին և այնտեղից դուրս է եկել միայն գիշերը ժամը 03:00-ին: Մինչեռ, ըստ օրենքի՝ գիշերային ժամերին չի թույլատրվում քննչական գործողություններ իրականացնել և միայն խիստ անհրաժեշտության դեպքերում կարող են իրականացնել: Իսկ արդյոք նման անհրաժեշտության կա՞ր այս դեպքում, ՀՔԾ-ն նույնպես չի անդրադարձել: Կամ այն, որ Անի Բոշյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ժամը 18:00-ին և նրան հարցաքննել են մինչև 23:30-ը ևս անօրինական է, հարցաքննության համար օրենքով սահմանված է ոչ ավել քան 4 ժամ:

ՀՔԾ-ն որոշման մեջ անդրադառնալով  Հակոբ Բոշյանին ոստիկանությունում ապօրինի պահելու հանգամանքին, այն ևս գնահատել է անհիմն: Նույնքան անհիմն էլ ավելացրել, թե պարզել է, որ Հակոբ Բոշյանը ոստիկանության բաժնում մնացել է իր կամքով: Մի՞թե ոստիկանությունը ժամանցի վայր է, որտեղ որքան ուզես կարող ես մնալ և երբ ուզես կարող ես հեռանալ, այն էլ ոչ թե միջանցքից, այլ կոնկրետ աշխատասենյակից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կասկածի տակ է դնում ՀՀ ՀՔԾ գործողությունները և համարում է, որ ՀՔԾ-ի նախաքննական գործողությունները չեն բխում օրենսդրությունից և այս կապակցությամբ արդեն պատրաստում է համապատասխան դիմում-բողոքը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ