Կանցկացվի միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին

16-05-2015
370 դիտում
Կանցկացվի միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ 2015թ.-ի մայիսի 17-ին ժամը 16:00-21:00-ը Հյուսիսային պողոտայի տարածքում կանցկացնի միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու քաջալերումը, նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Անցորդներին հնարավորություն կտրվի անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացողներին կտրամադրվի խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:

Նախատեսվում է նաև միջոցառման ընթացքում նշված տարածքում տեղադրել էկրան, որի վրա կցուցադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը խրախուսող սոցիալական գովազդներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ուղերձներով ցուցանակներ: Անցորդներին նաև կառաջարկվի նկարվել` ձեռքի վրա տպված կարմիր ժապավենով, ինչը կխորհրդանշի համաճարակի դեմ պայքարին միանալը: Նկարներով կկազմվի կոլաժ` խորհրդանշական «Քվիլթ», որը ևս կցուցադրվի էկրանին:

Միջոցառումը կավարտվի մոմավառությամբ: Կվառվեն մոմեր, որոնք դասավորված կլինեն գետնին «443» թվի տեսքով` խորհրդանշելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը:  

Ձեր մասնակցությունը կարևոր է հանրության լայն շերտերում խնդրի լուսաբանումն ապահովելու համար:

Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին: