«Ես քեզանից զզվում եմ». Որդուց ՄԻԱՎ-ով վարակված թոռանն ու հարսին սկեսուրը տանից դուրս է հանել

10-06-2015
876 դիտում
«Ես քեզանից զզվում եմ». Որդուց ՄԻԱՎ-ով վարակված թոռանն ու հարսին սկեսուրը տանից դուրս է հանել

Փոքրիկ Կարինեն դեռ դպրոց չի հաճախում. նա ամեն օր հստակ ժամանակացույցով դեղահաբեր է խմում, երբեք չի մոռանում դրանց խմելու ժամը: Կարինեն գիտի, թե վիտամիններ է ընդունում, որպեսզի առողջ մեծանա, բայց դրանք վիտամիններ չեն, հակառետրովիրուսային դեղահաբեր են՝ ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուսը) օրգանիզմում թուլացնելու համար: Փոքրիկ աղջնակը չգիտի էլ՝ ինչ բան է ՄԻԱՎ-ը, չգիտի էլ, որ այդ դեղահաբերն ամբողջ կյանքում պիտի խմի: Աղջիկը մոր դեղահաբերի խմելու ժամն էլ երբեք չի մոռանում, ամեն օր մորը հիշեցնում է՝ «մամ, վիտամիններդ խմելու ժամն է, հեսա բերեմ՝ խմի»: Կարինեի մայրն էլ է հակառետրովիրուսային հաբեր ընդունում. նա էլ ՄԻԱՎ ունի:

Գոհարը մեզ հետ զրույցում պատմում է, որ Կարինեն՝ 2-րդ դուստրը, ՄԻԱՎ-ով է ծնվել, ինքն էլ երկար ժամանակ ՄԻԱՎ է ունեցել, բայց չի իմացել այդ մասին. այն ժամանակ ինքը նույնիսկ չգիտեր էլ՝ ինչ բան է ՄԻԱՎ-ը: Գոհարն ասում է՝ ամուսինն իրենից թաքցրել է, որ ՄԻԱՎ ունի, ընդ որում՝ նա միշտ պարտաճանաչ իր դեղերը խմում էր, բայց կնոջը ստում էր, թե իբր վիտամիններ է խմում:

«Ես ոչինչ չէի կասկածում, չէի պատկերացնում, որ մարդ կարող է իր կնոջ ու երեխաների նկատմամբ սրիկա լինել: Հիմա կարող եմ ասել՝ դիտավորյալ է վարակել: Աստծուն փառք եմ տալիս, որ մեծ աղջիկս այդ վիրուսը չունի, առողջ է»,- պատմում է Գոհարը:

Գոհարն իր ամուսնության հենց առաջին տարվանից, կարելի է ասել՝ մի լավ բան չի տեսել ու չի զգացել, ասում է՝ ամեն ինչին հարմարվել է, ամուսնու՝ օրերով գիշերները տուն չգալուն էլ էր հարմարվել, հավատում էր ամուսնու խոսքերին՝ իբր թե խիստ զբաղված է գործերով, մայրաքաղաքում էր աշխատում ու հաճախ չէր կարողանում տուն՝ գյուղ գնալ՝ ընտանիքի, կնոջ մոտ: Իսկ երբ կինը սկեսուրից հետաքրքրվում էր, թե ո՞ւր է որդին, պատասխան էր լսում՝ «հա դե, գործի ա, էլի, ի՞նչ ես պատմություն սարքում»:

Առաջնեկով հղի ժամանակ Գոհարի սկեսուրն ու ամուսինը որոշում են նրան ուղարկել ծնողների մոտ՝ պատճառաբանելով, որ իրենք միասին պիտի Երեւանում աշխատեն մի քանի ամիս, բայց երբ վերադառնան գյուղ, Գոհարին էլ հետ կբերեն:

«Մեծս ծնվեց, ես դեռ հորս տանն էի, մի քանի ամիս հետո սկեսուրս եկավ ինձ հետ տարավ գյուղ, իսկ ամուսինս չեկավ, իրան չէինք հետաքրքրում ոչ ես, ոչ էլ երեխան: Ամուսինս որ քաղաքայինով զանգում էր, սկեսուրս չէր թողնում հետը խոսայի, ինքը խոսում էր, ինձ հերթ չէր հասնում: Սկեսուրս ու սկեսրայրս ասում էին՝ մարդն ինչի՞դ ա պետք, ապրի էլի քո համար: Գնաս մոտը՝ ավելորդ հոգս ես լինելու, ավել ծախս պիտի անի ձեր վրա, իզուր մի ծանրաբեռնի տղուն: Ամուսինս հարբեցող էր, մի օր եկավ տուն՝ ոսկեղենս վերցրեց, տարավ ծախեց՝ խմեց: Ես չէի էլ կարա ընդդիմանայի: Բացի դրանից, նենց հեքիաթներ էր պատմում, մեկ էլ կարող է մի օր առավոտյան ծաղկեփնջով գար, որ իբր թե բերանս փակեր, հալվեի էդ ծաղիկներից ու հարցուփորձ չանեի՝ ո՞ւր ես կորում օրերով»:

Արդեն 2-րդ երեխայով հղի Գոհարը որոշում է գնալ մայրաքաղաք՝ ամուսնու հետ ապրել, չնայած նրա այդ որոշմանն ամուսինն ու սկեսուրը դեմ էին, բայց Գոհարը հասավ Երեւան:

Իսկ ամուսինը հղի կնոջն ու փոքրիկ դստերը մայրաքաղաքում տեղավորեց մի կիսախարխուլ սենյակում, որտեղ տարրական հիգիենիկ պայմաններ չկային, ինքն էլ նորից առաջվա պես՝ օրերով ընտանիքի մոտ չէր գալիս. գալիս էր այն ժամանակ, երբ պետք էր հագուստը փոխել.

«Գալիս էր, մի 500 դրամ թողնում էր, ու մենք պիտի մի շաբաթ ապրեինք էդ գումարով: Հենց սկսում էի հետաքրքրվել՝ ո՞ւր ես, ի՞նչ ես անում, ինքն էլ սկսում էր հայհոյել, ինձ ինչ-որ բաներում մեղադրել, ասում էր՝ մի նավսի, մի կռռա»: Հետո այս երիտասարդ կինը պարզում է, որ ամուսինը սիրուհի ունի, դրա համար էլ տուն չի գնում. «Ես սարսափելի սթրես տարա հղի վիճակում, չգիտեի ինչ անել, չէի ուզում բաժանվել, մտածում էի՝ շուտով ամեն ինչ կհարթվի, եւ հետո՝ ես չէի ամուսնացել բաժանվելու համար, ես ուզում էի իմ ծնողների պես սիրով ու հարգանքով ամուսիններ լինեինք, խաղաղ ընտանիք լիներ, բայց իմ ընտանիքը մերոնց ճիշտ հակառակը եղավ»:

Կարինեի ծնվելուց հետո էլ Գոհարի ամուսինը չփոխվեց, կինը կամ երեխան որ հիվանդանում էին, այս տղամարդու պետքն էլ չէր, էլի չէր փորձում նրանց կողքին լինել, դեռ մի բան էլ ծեծում էր կնոջը երեխաների աչքի առաջ:

Մի շրջան էլ Գոհարը սկսել է շատ արագ նիհարել. տեսողությունը կտրուկ վատացել է, առողջական մի շարք այլ խնդիրներ են ի հայտ եկել. «Անկողնուց չէի կարողանում վեր կենալ՝ երեխաներիս մի կտոր ուտելու բան տայի, փոքրս սովից լացում էր, չէի կարում շարժվել՝ մոտենալ նրան, չէի կարողանում տակը փոխել: Երեխեքս լացելով խնդրում էին՝ մամ, վեր կաց: Բայց մաման ուժ ունե՞ր, որ վեր կենար»: Գոհարը ստիպված ամուսնուն է խնդրել, որ իրեն բժշկի տանի: «Խեղճ աղջիկ, քեզ մնացել է մի 5 տարի ապրելու, դու արդեն 8-10 տարի ա ՄԻԱՎ ունես»,- այս գույժը բժիշկն է ասել Գոհարին, որն այդ խոսքերը լսելուն պես՝ ուշաթափվել է:

Հետո փոքրիկ դստեր վիճակն է վատացել, ու պարզել են՝ Կարինեն էլ, որ այն ժամանակ նոր-նոր էր սկսել խոսել, ՄԻԱՎ ունի:

«Բժիշկը նայեց ամուսնուս ու հարցրեց՝ խի ինքը չգիտի՞ քո մասին: Սարսափելի էր, բառ չեմ գտնում նկարագրելու ապրումներս: Այդքանից հետո նա էլի օրերով տուն չէր գալիս, իսկ եթե գալիս էլ էր՝ ծեծ ու ջարդի համար: Ես հարցնում էի՝ լավ, դու ո՞նց կարողացար սենց բան անել մեր գլխին, ինքը սկսում էր նորից անխնա, էդ հիվանդ վիճակիս ինձ ծեծել երեխաներիս աչքի առաջ: Ինձ ասում էր՝ այ լիրբ, ինչ ես ձենդ քցում գլուխդ, սուս մնա»: Հետո Գոհարի վիճակն այնքան է վատացել, որ նրան ու փոքրիկ Կարինեին հոսպիտալացրել են, անգամ այդ ժամանակ կնոջն ու երեխային ՄԻԱՎ-ով վարակած ամուսինը չէր հետաքրքրվում նրանց վիճակով: Կազդուրվելուց հետո Գոհարը երեխաների հետ կարճ ժամանակ շարունակել է ապրել ամուսնու ճարած քարուքանդ սենյակում, ու այդ ընթացքում հուսահատ կինն անգամ փորձել է ինքնասպանություն գործել. «Բայց այդ պահին տեսա երեխաներիս աղերսող ու տագնապով աչքերը՝ հետ կանգնեցի իմ մտքից: Հասկացա՝ եթե ես չլինեմ նրանց կողքին, նրանք միայնակ կմնան»:

Գոհարը միամտաբար կարծել է, թե սկեսուրը որպես կին իրեն կհասկանա, ու վերադարձել է գյուղ: Սկեսուրն ու սկեսրայրն արդեն գիտեին Գոհարի ու իրենց թոռան ՄԻԱՎ-ի մասին, Գոհարին տեսնելուն պես՝ նրա սկեսուրն ասել է.

«Ես քեզանից զզվում եմ, գնա մեր տնից, դու ստեղ տեղ չունես»: «Մեր եղած-չեղած իրերը տվեց ձեռս ու ուղարեց հորս տուն: Սկեսուրս վաղուց գիտեր իր տղայի հիվանդության մասին, թաքուն էին պահում: Որ հաշվարկում եմ բժշկի նշած՝ թե քանի տարի է վարակն իմ օրգանիզմում, ստացվում է, որ մինչ ամուսնանալս նա ունեցել է ՄԻԱՎ: Հերիք չի՝ ինձ տնից հանեցին, մի բան էլ հարեւանների մոտ ինձ հիվանդոտ հանեց, բոլորին ասել էր՝ ռակ ա մոտը, մեզ տենց հարս պետք չի: Էդ ընտանիքում միշտ ճնշված եմ ինձ զգացել, ինձ որպես մարդ չէին ընդունում, ե ես այնտեղ ոնց որ մի անպետք առարկա լինեի»,- պատմում է Գոհարը՝ խոսքը տեղ-տեղ ընդհատելով, արցունքը կոկորդը խեղդում էր, չէր կարողանում բառերը հստակ արտահայտել, արցունքը սրբելուց հետո շարունակում է. «Ամուսինս որոշեց բաժանվել. ես ու երեխաներս մնացինք առանց տուն. ամեն ինչից զրկեցին, երեխաներիս իրենց հորական տանից էլ զրկեցին»:

Գոհարն իր հիվանդության մասին ոչ ոքի չի պատմում, վստահ է՝ եթե իմանան, երես կթեքեն իրենից. ասում է՝ մեր հասարակությունում շատ շատերը կարծում են, թե ՄԻԱՎ-ն ամոթալի հիվանդություն է, որ կարող է էդպիսի հիվանդի հետ խոսեն ու վարակվեն. «Չեմ կարող բացահայտ պատմել իմ մասին, ճանաչեով շրջապատիս մարդկանց՝ արդեն գիտեմ նրանց վերաբերմունքը»:

Գյուղից Գոհարը վերադառնում է իր ծննդավայր՝ Երեւան, հիմա երեխաների հետ ապրում է վարձով փոքրիկ բնակարանում, աշխատում է, քիչ է վաստակում, հազիվ է բավականացնում տան վարձին ու կոմունալ վճարներին. «Մեզ լավ սնունդ է պետք, չեմ կարողանում ապահովել, չի հերիքում գումարս, երեխեքս ասում են՝ մամ, էս եմ ուզում, էն եմ ուզում, ու որ չեմ կարողանում իրենց ուզածն առնել, դրանից ինձ ավելի վատ եմ զգում: Փոքրս հենց ինձ տխուր տեսնում է, ասում է՝

«Մամ ջան, մի տխրի, մեծանամ՝ բժշկուհի եմ դառնալու, որ բոլորին բուժեմ, առաջինը քեզ եմ բուժելու»:

Բայց մեծ աղջիկս երբեմն ինքնամփոփ է դառնում, ժամերով չի խոսում: Ինքն ամեն ինչ հիշում է, թե ոնց էր հերն ինձ ծեծում, ոնց էր տատը մեզ տանից դուրս շպրտում»: Գոհարն ասում է՝ իր կողքին բարի մարդիկ են հայտնվել, նրան, կարելի է ասել, փրկել են. ինքը հիմա գիտի՝ հակառետրովիրուսային հաբերը, որ աղջկա հետ խմում են, լավ են իրենց զգում, վիրուսին «ընկճում են»:

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ

Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում: