Ջրհեղեղ, ավերածություններ, զոհեր. Վրաստանում վիճակը շարունակում է խիստ լարված մնալ

15-06-2015
609 դիտում
Ջրհեղեղ, ավերածություններ, զոհեր. Վրաստանում վիճակը շարունակում է խիստ լարված մնալ

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, Սարգսյանն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

zoo2 Տեղեկացնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիիսում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Քուռ գետը դուրս է եկել ափերից եւ հեղեղել քաղաքը: Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանին հայտարարել է, որ ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: 

Անելանելի վիճակ է ստեղծվել Թբիլիսիի կենդանաբանական այգում: Ջրհեղեղը հսկայական վնաս է հասցրել այգուն, կենդանիները դուրս են եկել ազատավանդակներից: Ավելի վաղ հաղորդվում էր մայրաքաղաք հասած առյուծների, վագրերի, արջերի, գայլերի եւ գետաձիու մասին: Զոհերի թվում են նաեւ կենդանաբանակն այգու առնվազն երեք աշխատակից: Վրացական լրատվամիջոցները հայտնում են կենդանաբանական այգուն հասցված հսկայական վնասի, զոհված կենդանիների մասին: 

zoo3 Քաղաքային իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տանից, մինչ մասնագետները եւ փրկարարները փորձում են օգնություն ցույց տալ տուժածներին: 

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ արդեն Վրաստան է գտնվում չորս մասնագետներից բաղկացած խումբըՙ

«Մեր անձնակազմից չորս մասնագետներ` դեղորայքով եւ գործիքներով արդեն Թբիլիսիում են`օգնության ձեռք մեկնելու համար»,-նշեց նա:

© Medialab.am