Ռուսաստանը հասկացնել է տալիս Իրանին, որ Հայաստանի «դուխը չի պատի». Հայաստան-Իրան գազամուղն ու երկաթգիծը

17-06-2015
590 դիտում
Ռուսաստանը հասկացնել է տալիս Իրանին, որ Հայաստանի «դուխը չի պատի». Հայաստան-Իրան գազամուղն ու երկաթգիծը

2015 թվականի հունիս ամիսը հայ-իրանական հարաբերությունների համար միանշանակ բացասական էր: Անցած ամսվա ընթացքում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում երկու հիմնական առանցքային կետ կար՝ Հայաստան-Իրան գազամուղը և Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը: Գազամուղի պատմությունը ի սկզբանե տխուր սկսվեց: Գազամուղի կառուցումը պարբերաբար խոչընդոտվում էր ռուսական կողմից, որին՝ որպես Հայաստան գազ ներմուծող միակ երկրի, բնականաբար ձեռնտու չէր Հայաստան համար էներգետիկ այլընտրանքի առկայությունը: Նախքան գազամուղի կառուցումը տարածաշրջանային որոշ երկրներ (մասնավորապես՝ Վրաստանը) ցանկություն էին հայտնել գնել իրանական գազը, եթե Հայաստանը համաձայնվեր դառնալ տարանցիկ երկիր, ինչը բնականաբար տեղի չունեցավ Ռուսաստանի միջամտության պատճառով: Արդյունքում՝ ռուսական կողմը որոշեց Իրան-Հայաստան գազամուղի հաստությունը, իսկ այնուհետև հայկական կառավարությունը նախքան գազամուղի գործարկումը դեռևս 2006 թվականին «Գազպրոմին» վաճառեց ԻԻՀ-ՀՀ գազամուղի մի հատվածը: Գրեթե տաս տարի անց՝ 2015 թվականին, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանին վաճառել գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից-Քաջարան ընկած 40 կմ-ը:

 

Այս որոշման ժամանակահատվածը բնականաբար պատահական չի ընտրվել: Նախ և առաջ այսօր Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը կարող է հնարավորություն ընձեռել Իրանին ներդրումներ կատարել Հարավային Կովկասի էներգետիկ դաշտում: Իրանը, որն Ադրբեջանի հետ լուրջ հակասություններ ունի, անցած 24 տարիների ընթացքում մշտապես պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման համար: Բացի այդ՝ ՀՀ-ն Իրանի պատուհանն է դեպի Վրաստան: Այլ կերպ ասած՝ եթե Իրանի ձեռքերը արևմուտքի պատժամիջոցներից ազատվեն, և Իրանը նոր էներգետիկ ծրագրեր առաջարկի Հայաստանին՝ որոշումներ կայացնող և օգուտ ստացող կողմը այժմ կլինի միայն ու միայն ռուսական «Գազպրոմը» և նրա դուստր կազմակերպությունները: Ուշագրավ է, որ հունիսի 10-ին ԻԻՀ Իրանի Ազգային գազի ընկերության նախագահ Ազիզոլլահ Ռամեզանին հայտարարել էր, որ Իրանը կարող է Եվրոպա գազ մատակարարել երեք հիմնական ճանապարհով՝ Իրան-Իրաք-Սիրիայով (քիչ հավանական է Սիրիայի քաղական իրավիճակի պատճառով), Հայաստան-Վրաստան-Սև ծովով և Թուրքիայի տարածքով (Իրանի հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան էլ սահուն չեն): Հայաստան-Իրան գազամուղի վերջին 40 կմ-ի վաճառքը կարելի է նաև մեկնաբանել որպես ակնարկ Իրանին Ռուսաստանի կողմից: Կատարելով այս «փոքրիկ գնումը»՝ Ռուսաստանը հասկացնել է տալիս Իրանին, որ Հայաստանը Իրանի գազի համար տարանցիկ ուղի չի դառնալու, քանի որ հայկական կողմի «դուխը չի պատի» նման բան անել:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ԻԻՀ երկաթգծին, ապա այդ պատմությունն էլ ավելի տխուր է: Եթե գազամուղի դեպքում Հայաստանը գոնե տաս տարի անոց «բարոյական հաղթանակ» ուներ, քանի որ գազատարի կառուցումը երկար բանակցություններից հետո այնուամենայնիվ իրականություն դարձավ, ապա ՀՀ-ԻԻՀ երկաթգծի ճակատագիրը այլ կերպ է դասավորվում: Երկաթգծի կառուցման վերաբերյալ տարիներ տևած բանակցություններն ու ձգձգումները շարունակվեցին նաև 2015 թվականի առաջին կեսին: Փետրվարի 26-ին Գագիկ Բեգլարյանը հայտարարեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետների հերթական հետաձգման մասին: Հունիսի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մայր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը իր հերթին հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես ռուսակսան կողմի պաշտոնական դիրքորոշում: Բնականաբար Հարավային երկաթուղին (ՀՀ-ԻԻՀ) շահավետ դարձնելու համար Իրան-Հայաստան բեռնափոխադրումների ծավալը պետք է ավելանա 7,5-8 մլն տոննայով, ինչը հակա-իրանական պատժամիջոցների վերացման դեպքում բավականին իրատեսական է թվում: Բացի այդ՝ երկաթուղու առկայության դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ ցամաքային ուղի Իրանի համար, ինչը բնականաբար հստակ գիտակցում է նաև ռուսական կողմը: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Յակունինի հայտարարությունը:

Իրանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հետ իր հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին: 2015 թվականի հունվարին Հայաստան այցելած ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե երկկողմանի և թե ԵՏՄ ֆորմատով: Հունիսի սկզբին Մոսկվայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակներում Զարիֆը առաջարկել էր ստեղծել Իրանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության մասին պաշտոնական փաստաթուղթ: Նման լույսի ներքո հայ-իրանական հարաբերություններում Ռուսաստանի դերակատարության ավելացումը բնականաբար պատահական չէ, և նպատակ է կրում հնարավորինս չեզոքացնել Հայաստանի նշանակությունը ԵՏՄ-Իրան հարաբերություններում: Ռուսաստանը փաստորեն ՀՀ-ԻԻՀ երկաթուղու կառուցումը անշահավետ համարելով փորձում է Հայաստանին մեկուսացնել Իրան-ԵՏՄ ապագա առևտրատնտեսական գործընթացներից էլ, ինչը իհարկե հասկանալի է՝ ինչքան Հայաստանի ենթակառուցվածքներն ու տնտեսական ալտերնատիվաները շատ, այնքան դժվար է տոտալ վերահսկման տակ պահել հայկական կողմին: Չի լինի Հայաստան-Իրան երկաթգիծ, ԵՏՄ-Իրան առևտուրը կընթանա Կասպից ծովով: Ուշագրավ է, որ Հայաստան-Իրան երկաթգծի այլընտրանքը ՌԴ-ի կողմից կառուցվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծն է:  Նույն Յակունինը անցած տարվա հունիսին հանդես էր եկել հայտարարությամբ՝ համաձայն որի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը այնքան էլ խելամիտ չէ, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծն ավելի ձեռնտու է տնտեսապես:

Ըստ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 291,2 մլն ԱՄՆ դոլար, իսկ նույն ժամանակաշրջանում Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 233,8 մլն էր կազմել: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և այդ երկիր Հայաստանից ներմուծման բացակայության պայմաններում այս թվերը ապացուցում են, որ ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության հնարավորությունները ադեկվատ կերպով չեն զարգացվում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը Իրանի հետ տնտեսական կապերը զարգացնելու փոխարեն իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները հանձնում է Ռուսաստանին: Հարցը բնականաբար հռետորական է: Մյուս կողմից էլ իր բոլոր որոշումները անվտանգության նկատառումներով բացատրող ՀՀ կառավարության Իրան-Հայաստան գազամուղը և Իրանի էներգետիկ ու տնտեսական հնարավորություններն ու Թեհրանի պատրաստակամությունը ընդարձակելու հայ-իրանական տնտեսական համագործակցությունը ճիշտ օգտագործելու անկարողությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու տնտեսական անկախությունն ուժեղացնելու ուղղությամբ անգամ չնչին քայլերի բացակայությունն ու հեշտ ու հանգիստ ԻԻՀ-ՀՀ գազամուղն ու երկաթգիծը ՌԴ-ին հանձնելը պարզապես զարմանալի է:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»