«Բաժանվում ես` ի՞նչ անես». ինչու՞ են Հայաստանում բռնության եւ նվաստացումների ենթարկվող կանայք խուսափում ամուսալուծությունից

21-06-2015
1094 դիտում
«Բաժանվում ես` ի՞նչ անես». ինչու՞ են Հայաստանում բռնության եւ նվաստացումների ենթարկվող կանայք խուսափում ամուսալուծությունից

Ինը տարի ամուսնու կողմից  բռնությունների ու ստորացումների ենթարկված Հասմիկ Խաչատրյանը, ով սեփական մաշկի վրա է զգացել նսեմացված ու ծեծված լինելը,  դաժանորեն ենթարկվելով անմարդկային կտտանքների, չի մոռանում Գավառի ոստիկանության՝ քննչական բաժանմունքում ոստիկանների իրեն տված խորհուրդները:

«Բաժանվում ես` ի՞նչ անես, հենա բաժանվածները ավանդական անբարոյականությամբ են զբաղվում, կամ էլ ռեստորաններում մատուցող են աշխատում: Տղադ մեծացավ  ասելու է. «Հորս բռնել ես տվել», ի՞նչ ես պատասխանելու նրան: Խնդրին  մի կողմից են նայում, ասենք չեն ասում, երեխաներդ հորը կասեն.«Ինչի էիր մեր մորը ծեծում»: Ու ընդհանրապես շատ դժվար որոշում է բռնության ենթարկված կնոջ համար, գործ հարուցել ամուսնու դեմ: Հոգեբանական ճնշումները մեծ են. քեզ դիտարկում են որպես  հանցագործ կնոջ, ով վատություն է անում սեփական ամուսնուն, երեխաների հորը»,-«Մեդիալաբին» հուզվելով ու վերապրելով անցածը` պատմում է Հասմիկը:

Չնայած վերջին տարիներին  իրականացվող բազմաթիվ ծրագրերին, կանանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքներին ուղղված ջանքերին եւ խնդիրների բարձրաձայնմանը, Հայաստանում ամուսնալուծված կանանց նկատմամբ շարունակվում է խտրական վերաբերմունքը:

Ամենատարածված կարծրատիպերից մեկն էլ այն է, որ ամուսնալուծվելով կինը դառնում է անբարոյական: Չնայած վերջին տարիներին շատ կանայք փորձում են ինքնուրույն դառնալ, ինքնահաստատվել եւ տնօրինել սեփական կյանքը, այնուամենայնիվ, նրանց կողքին դեռևս բազմաթիվ կանայք` հաշվի նստելով հասարակության խտրական վերաբերմունքի և ճնշումների հետ, շարունակում են դիմանալ տասնամյակներ տեւող ընտանեկան բռնությանը միայն թե այդ ամուսնալուծվածի խարանն իրենց վրա չլինի:

«Երկուսով»  հոգեբանկան մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի դիտարկմամբ ամենամեծ խնդիրը ամոթն է, որին զոհ է գնում կանանց մեծ մասը:

«Ամոթի հետ կապված  կարծրատիպային այսպիսի արտահայտություններ ունենք՝«բաժանված կին», «գնացած հետ եկած»... բայց երբեք չենք ասում ՝տանը մնացած տղամարդ: Եվ հենց այս արտահայտություններով խանգարում ենք մեր կանանց, չէ՞ որ բոլորը չեն որ ուժեղ են և կարող են դիմադրել  հասարակական ճնշումներին»,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանյանը:

Անդրադառնալով Գավառի ոստիկանների` Հասմիկին տված խորհուրդներին, հոգեբանը նշում է. ծառայությունների ոլորտներն  անգամ ներծծված են  խտրականությամբ ու սոցիալական կարծրատիպերով:

«Ոստիկանությունն իր ծառայությունը հարմարեցնում է տղամարդկային կարծրատիպերին: Իսկ արդյո՞ք անբարոյականություն չէ ապրելը սեփական ընտանիքում, որտեղ ենթարկվում ես նվաստացումների ու ստորացումների,  դա ավելի՞ բարոյական է, քան անբարոյական դառնալը: Կամ ո՞վ է որոշել, որ փողոցում կանգնած կինը ավելի անբարոյական է, քան նույն այդ ոստիկանը, որը պետք է իր պարտքը կատարի՝ պաշտպանի, փոխարենը նման խորհուրդներ է տալիս»,-հարցնում է Անուշ Ալեքսանյանը:

Հասմիկի մայրը՝Ռիմա Խաչատրյանը, «Մեդիալաբին» պատմում է. ամեն անգամ Հասմիկին ծեծված ու ջարդված ընդունելուց հետո, նորից հետ են ուղարկել ամուսնու տուն:

«Ամաչում էինք համագյուղացիներից, ուրիշների կարծիքները մեզ վրա ազդում էին, պատվի հարց էր նաև: Չորս աղջիկ ունեմ, էն երեքը նորմալ ամուսնացան, ընտանիքներ կազմեցին...Հասմիկս ինքը այդ համարձակությունը ունեցավ ու փախավ դրանց ձեռքից: Այդ օրը այնքան էր ծեծել (ամուսինը), մտածված հարվածել երեխու ոտքերին, որ չկարողանար փախչել, բայց Հասմիկը  նկատելով, որ բահով է հարվածելու գլխին փախել էր դարպասի բացի դռնով`մահից պրծնելով»,-արցունքների միջից սարսափելի պատմությունն է վերհիշում Ռիմա Խաչատրյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, վերջին երեք տարիներին Հայաստանում   ամուսնալուծությունների թիվն ավելացել է շուրջ 30 տոկոսով։ Օրինակ, 2014 թվականին գրանցված 1 000 ամուսնական զույգերից ամուսնալուծվել է 238-ը դեպք, երբ  2013-ին այդ ցուցանիշը 205 էր:

Թեեւ տարեցտարի ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է, այնուամենայնիվ ամբողջական վերլուծություններ պատճառների մասին գոյություն չունի:

Ամուսնալուծությունների թվին զուգահեռ աճել է նաև ընտանեկան բռնության հետևանքով մահացած կանանց թիվը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2014 թվականին ընտանեկան բռնության հետեւանքով մահացած կանանց կանանց թիվը կրկնակի ավել է`11 մահ, եթե համեմատելու լինենք օրինակ 2012 թվականի ցուցանիշների հետ`5 մահ:

Հասմիկ Խաչատրյանը, ով հունիսի սկզբին Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ հեղինակավոր «Խիզախ Կին» մրցանակին արժանացավ,  պատմում է, որ եթե չըմբոստանար ու չփախչեր, հիմա չգիտի, թե ինչ վիճակում կլիներ:

«Երբ ամուսինս ծեծում էր ինձ, ասում էր. «Բաժանվես՝ էրեխեքին չես տենա, որ խփեմ մեռնես էլ, մեկ ա թոկը կապելու եմ վիզդ, ասեմ` հոգեկան էր, իրան կախեց»,-պատմում է Հասմիկը, ում ձեռքը ամուսինը ծխախոտով այրել է, կոտրել քիթը, հարվածներ հասցրել ամբողջ մարմնին, ծեծի արդյունքում պատռել Հասմիկի ականջի թաղանթը:

Հոգեբան Ալեքսանյանը նշում է, որ  հասարակությունում գոյություն ունի հայկական իդեալական ընտանիքի պատրանք, ինչն էլ թերևս ամենամեծ սուտն է, որի մեջ ապրում են մարդիկ:

«Մենք  հարգում ենք պարզապես ընտանիքի մոդելը, այդ ինստիտուտը, բայց ոչ դրա ներսում առկա հարաբերությունները: Մենք, օրինակ, չունենք այդպիսի իդեալ, որ սերը, կամ լավ փոխհարաբերությունները մարդկանց միջև կյանքում ամենակարևորն են, մենք միշտ ասում ենք. երջանկությունն ընտանիքն է, բայց ինչպիսի՞ ընտանիքը: Իհարկե լավ ընտանիքը  երջանկության տեսակներից մեկն է, բայց արդյո՞ք  մեր շրջապատում մենք տեսնում ենք շատ երջանիկ ընտանիքիներ: Հակառակը, մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր համակեցություն ունեն, ապրում են իրար հետ, բայց ոչ միշտ են իրար սիրում ու  հարգում»,-ասում է նա:

«Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանի կարծիքով կանայք տարիներ շարունակ բռնության ենթարկվելով ապրում են համատեղ, նախ և առաջ,  ամոթի պատճառով:

«Շրջաններում նամուսի ու պատվի խնդիրը  ավելի է շեշտվում՝ամոթ է բաժանվելը:  Ժողովրդական խոսք կա. «Տուն շինողն էլ է կինը, քանդողն էլ»: Իսկ կներեք տղամարդը ի՞նչ է անում այդտեղ, միայն նստած դիտու՞մ է, ոչ մի դեր չունի՞: Հաճախ ասում են` տղան հոր կարիք ունի,  բայց ի՞նչ հոր: Եթե հայրը խմող է, ծեծող ու երբեք չի աշխատել, ապա նա ի՞նչ օրինակ կարող է լինելո որդու համար: Հաճախ էլ նման ընտանիքներով մեծանալով որդիները կրկնում են նույնը` մտածելով, թե սերը  հենց  ծեծն է»,-«Մեդիալաբին» ասում է Մաթոսյանը:

17 տարի համատեղ կյանքից հետո, ամուսնուն լքած, երկու երեխաների մայր Սոնա Մովսիսյանը  խոստովանում է.  տարիներ շարունակ կրկնվում էին վեճերն ու կռիվները, որոնք մշտապես ուղեկցվում էին բռնություններով` ծեծով ու ջարդով: Ամուսնու կողմից դավաճանությունների շղթան վերջ չուներ: Ասում է, որ ամուսնուց կողքին էր մնում
«հանուն երեխաների»:

«Մտածում էի՝տղաս առանց հոր չմեծանա, երեխաներս հետագայում ինձ չմեղադրեին:  Կյանքումս երեխաներիցս բացի ոչինչ չավելացավ, ինձ մնաց 17 տարվա ստորացումներն ու տառապանքը, -«Մեդիալաբին» պատմում է Սոնան,- Մտածում էի երեխաներս հոր կարիք չունենան, բայց  նրանք մեծանում էին այդ ամենը տեսնելով, ազդվելով այդ բռնությունից: Գուցե հայրը նրանց չէր ծեծում, բայց նրանք հոգեբանական տրավմաների մեջ էին ընկնում»:

«Հանուն երեխաների չբաժանվեցի» արտահայտությունը հոգեբան Ալեքսանյանը կարծում է, որ շատ դեպքերում կանայք օգտագործում եմ իրենց արդարացնելու համար:

«Այն կանայք, ովքեր ամուսնալուծվում են շատ ավելի քիչ չեն սիրում իրենց երեխաներին, պարզապես բավարար չի լինում այդ բաժանվելու գիտակցությունը, եթե բավարար լինի ցանկությունը կամուսնալուծվեն, նոր կյանք կսկսեն»,-ասում է նա:

Մասնագետների կարծիքով կանայք հաճախ չեն ամուսնալուծվում՝տնտեսական անկախություն չունենալու պատճառով, հատկապես մարզերում, որտեղ ամուսնանում են վաղ տարիքում, առանց կրթություն ու մասնագիտություն ստանալու:

«Եվ հենց այս դեպքում էլ կանայք նախընտրում են ծեծվել` շարունակելով կյանքը բռնարար ամուսնու կողքին, քան հայտնվել փողոցում երեխաների հետ: Շատերն էլ հիշում են, ինչպես է իրենց հայրը ծեծել իրենց մորը, և դա համարելով ճիշտ` շարունակում են ապրել»,-ասում է Մաթոսյանը:

Հասմիկը հիշում է, թե ինչպես էին ամուսնու տանը արտահայտվում բաժանված կանանց մասին՝ «էս ինչը որ բաժանվել է գիշերները փռում է աշխատում, էն մյուսը դարձել է չգիտեմ ում սիրուհին, դու ինչ ես անելու՞...» 

««Ի՞նչ պըտի անես, սոված կմեռնես, ինչից ես բողոքում, երեխեքդ սոված չեն, կուշտ հաց ես ուտում, ո՞րն է խնդիրը, սաղ էլ գյուղում էս ձևով են ապրում»: Իսկ սկեսուրս որ հայտնի է որպես «բախտագուշակ Վարսիկ» ասում էր, որ իրեն խայտառակ եմ անում, իրեն հազար մարդ է ճանաչում: Ու եթե գիշերով ծնողներիս տուն էի գնացած լինում, ասում էր . «Շուտ հետ արի, քանի լույսը չի բացվել ու մարդիկ չեն իմացել էս մասին» »,-հիշում է Հասմիկը:

Մաթոսյանը նշում է, որ դժբախտաբար տղամարդիկ մտածում են, թե առանց իրենց կանայք կդառնան անբարոյական, կկործանվեն, չեն կարողանա աշխատել` ունենալով պարկեշտ կյանք: Ըստ նրա այս կարծրատիպերը՝ հայրիշախանական հասարակության հետեւանք են, որտեղ տղամարդը իշխում է ամեն ինչում:

«Հասարակական  կարծրատիպերն են. կինը կարիք ունի տղամարդու, հասարակությունը կարիք ունի տղամարդու, կնոջ համար տեղ չկա, կինը եթե տեղ էլ ունի, ապա ցածր մակարդակներում, ինչպես, օրինակ, բանկերում սպասարկողների գերակշռող մասը կանայք են, սակայն կառավարիչները՝տղամարդիկ»,-ասում է նա

Հոգեբան Ալեքսանյանի կարծիքով էլ գենդերային անհավասարությունն ու տարբերությունը  հասարակությունում ունեն շատ խորն արմատներ, որոնք խրախուսվում են նույն  հասարակության կողմից: 

«Մեր հասարակությունում  առկա են շեշտված գենդերային տարբերություններ, և դրանք ավելի շատ տղամարդկանց աջակցելու ու պաշտպանելու կողմում են , ինչպես օրինակ դպրոցներում ու բուհերում  գերակշռում են լավ սովորող աղջիկները, սակայն ասպիրանտուրայի տեղերը  հասնում են տղաներին, պաշտոնները նույնպես, բարձր վարձատրվող աշխատանքներում  հիմնականում տղամարդիկ են: Այսինքն, ունենք խիստ խզումներ սեռերի միջև իրենց սոցիալական կայացման ընթացքում, իսկ եթե մենք խանգարում ենք կանանց կայացմանը, հետևաբար, նրանք  դառնում են հասարակության թույլ և անպաշտպան օղակը, ինչի դեպքում և ավելի ենթակա են  բռնությունների, խտրականությունների, և հետևաբար  պատասխանատվություն չեն կարողանում վերցնել իրենց վրա և որոշումներ կայացնել»,-ասում է Ալեքսանյանը:

Մաթոսյանի կարծիքով պետք է փոխել հասարակությունում ձևավորված կարծրատիպերը, կոտրել դրանք, և ցույց տալ, որ կանայք և  տղամարդիկ ունեն միևնույն իրավունքներն ու հնարավորությունները:

«Հասարակությունը մինչև չդատապարտի սա կշարունակվի, այ սա է ամոթն ու անըդունելին,-վստահ է Մարո Մաթոսյանը:

Գայանե Մկրտչյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյան

© Medialab.am