Խեղված ճակատագրեր հայ ընտանիքներում. անտարբերության ու «ամոթի» զոհերը

02-07-2015
433 դիտում
Խեղված ճակատագրեր հայ ընտանիքներում. անտարբերության ու «ամոթի» զոհերը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 2010 թվականին հրապարակել է «Համապետական հարցում Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ 2008-2009» ամփոփագիրը, որտեղ արձանագրվում է, որ «կանանց դեմ բռնությունը սովորական երևույթ է Հայաստանում»: Ըստ հարցման արդյունքների՝ կանանց 61.0%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25.0%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության/չարաշահման, 8.9%-ը՝ ֆիզիկական բռնության, 3.3%-ը՝ սեռական բռնության: Կանանց 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության:

Հետազոտությունը փաստում է նաև, որ կանանց ընդամենը 7.7%-ն է կարծում, որ ընտանեկան խնդիրները կարելի է քննարկել ընտանիքի անդամների շրջանակից դուրս այլ մարդկանց հետ։ Այս ցուցանիշը մասնագետներին թույլ է տվել ամփոփագրի եզրափակիչ հատվածում կատարել հետևյալ դիտարկումը. «Մեր հարցման արդյունքում ձեռք բերված տվյալներն ընդամենը արտացոլում են սառցաբեկորի գագաթը»։ 

Այս առումով վիճակը չի փոխվել վերոհիշյալ հարցմանը հաջորդած 5-6 տարիների ընթացքում. Մարդու իրավունքների պաշտպանը 2015թ. գարնանը՝ 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում ընտանեկան բռնությունները «թաքնված են տեղի ունենում»: Հասարակության իրազեկվածության պակասը և իրավական պաշտպանության մեխանիզմների անկատարությունը ստիպում են հազարավոր հայ կանանց լռելյայն հանդուրժել իրենց նկատմամբ բռնություններն ընտանիքում: Եվ բազմաթիվ են դեպքերը, երբ այդ լռությունը, հանդուրժողականությունն ու անօգնականությունը հանգեցրել են ողբերգական հետևանքների:

Պարտավորություններ, հանձնարարականներ

Լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, միանալով մի շարք կոնվենցիաների, հավաստելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր հավատարմությունը ընդունված չափանիշներին՝ Հայաստանի Հանրապետությունը նաև խիստ որոշակի պարտավորություններ է ստանձնել:

Դեռևս 2009թ. ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային դաշնագրի շրջանակներում Մարդու իրավունքների հարցերով կոմիտեն իր Եզրափակիչ դիտարկումներում հանձնարարական է հղել Հայաստանի Հանրապետությանը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնել կանանց նկատմամբ բոլոր տեսակի բոնությունների խնդրին՝ ընդունելով առանձին հայեցակարգ և օրենսդրություն:

2010թ. ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում պետությունը ստանձնել է մի շարք հանձնարակականներ, որոնք ուղղված են կանանց նկատմամբ բռնության վերացմանը: 

2012թ. ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի իրականացմանն ուղղված հանձնարարականներում նույնպես նշվում է ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենդրություն ընդունելու կարևորության և անհրաժեշտության մասին: 

Հայաստանն առանց վերապահումների վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան («CEDAW»), որը նշանակում է, որ պետությունը պարտավորվում է ընտանեկան բռնությունը դիտարկել որպես մարդու իրավունքների խախտում, օրենսդրորեն ամրագրել իր պատասխանատվությունն այս համատեքստում և համապարփակ քայլեր ձեռնարկել արդյունավետ իրավական, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ խնդիրներն ու դրանց լուծումները ձևակերպված են ՀՀ կառավարության կողմից 2010 թվականին ընդունված Գենդերային քաղաքականության հայեցակարգում և Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագրում:Առայժմ գենդերային հավասարության և ընտանեկան բռնության մասին օրենքներ ընդունելու հանձնառություններից Հայաստանը միայն առաջինի մասով է կատարել իր ստանձնած պարտավորությունը:
Մտահոգիչ իրականություն
Հայաստանում ընտանեկան բռնությունների իրական մասշտաբների մասին հնարավոր չէ խոսել. ընտանեկան բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը նախընտրում է լռել իր վիճակի մասին ամոթի, վախի, իրավապահ մարմիննների նկատմամբ անվստահության, իրավական ճանապարհով պաշտպանություն գտնելու անհեռանկարայնության պատճառով:

Հայաստանում իշխանությունների կողմից չի արվում ընտանեկան բռնությունների լիարժեք վիճակագրական հաշվառում: Այսպիսով՝ այն թվերը, այն վիճակագրությունը, որն առկա է և հասանելի, անհամադրելի է իրական վիճակի հետ: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ նման պայմաններում առկա վիճակագրությունը տագնապալից է, ահազանգող:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների` 2012-2013 թվականների ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության 1346 դեպք. գրեթե բոլոր դեպքերում բռնությունների ենթարկվածները կանայք են: Նույն ժամանակահատվածում ընտանեկան բռնությունների հետևանքով Հայաստանում 8 կին է մահացել, 18 մանկահասակ երեխա որբացել է: Հասարակական կազմակերպությունները՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները, փաստում են, որ 2014 թ. գրանցվել է ընտանեկան բռնության 678 դեպք, որից 11-ը ավարտվել է ողբերգությամբ:

Թվերը պարզապես աղաղակում են խնդրի լրջության մասին՝ միաժամանակ փաստելով, որ ընտանեկան բռնությունները տարեցտարի աճում են: Հայաստանում ընտանեկան բռնությունների աճի մասին են պնդում նաև կանանց իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ այդ պնդումը հիմնավորելով իրենց դիմողների և ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցողների դինամիկայով:
Հատկապես ցավալի է արձանագրել, որ որոշ դեպքերում հանարավոր է եղել կանխել ընտանեկան բռնությունների ողբերգական ընթացքը, և դա չի արվել խնդրի նկատմամբ իրավապահ մարմիններում առկա վերաբերմունքի պատճառով. ոստիկանությունում այնքան էլ «չեն սիրում» ընտանեկան բռնության վերաբերյալ դիմումներ ընդունել և նախընտրում են հորդորել կանանց՝ վերադառնալ և փորձել «լեզու գտնել» իրենց ընտանիքներում: Այս վիճակը, ըստ մասնագետների, հատկապես բնորոշ է գյուղական բնակավայրերին:

Ցավալի է նաև արձանագրել, որ «ընտանեկան խնդիրների մասին բարձրաձայնելը հարիր չէ ազգային արժեքներին» մտածողությունը բնութագրական է ոչ միայն գյուղական ոստիկաններին կամ ոստիկանությանն ընդհանրապես. որոշումներ կայացնելու իրավասություններ ունեցող հայաստանյան պետական ատյաններում՝ կառավարությունում և խորհրդարանում, այդպիսի մտածելակերպը նույնպես, ըստ ամենայնի, գերիշխող է: Միայն դրանով կարելի է բացատրել «Ընտանեկան բռությունների կանխարգելման մասին» օրինագծի մերժումը՝ ի հեճուկս միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների (ՄԱԿ, ՄԻ ՀՊԶ 2010թ.) և սեփական երկրում գոյություն ունեցող իրավիճակով պայմանավորված պահանջի:
Օրենքի անհրաժեշտությունը


Նույնիսկ պաշտոնական (թեկուզ և ոչ լիարժեք) վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և աշխարհի ուրիշ շատ երկրներում, լրջորեն առկա է ընտանեկան բռնությունների խնդիրը: Մասնագետները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը, համարում են, որ Հայաստանում չկան այդպիսի բռնությունները կանխելու կամ ընտանիքում բռնություններից կանանց պաշտպանելու գործուն մեխանիզմներ: Ավելին՝ մեր երկրում «ընտանեկան բռնություն» հասկացությունն առայժմ իրավական ձևակերպում չունի և, հետևաբար, դրա նկատմամբ իրավական հարթության վրա չկա այնպիսի վերաբերմունք, ինչպիսին առկա է այլ կոնտեքստներում բռնությունների նկատմամբ:

Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների պաշտպանությանը նախանձախնդիր միջազգային ամենահեղինակավոր կառույցներից հանձնառություն են ստանձնել կարգավորելու խնդիրը՝ ստեղծելով միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն և իրավակիրառական մեխանիզմներ: Առայժմ, սակայն, միայն հայաստանյան հասարակական կազմակերպություններն են ակտիվորեն հետաքրքրված խնդրի կարգավորմամբ: 

Կանանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող 7 ՀԿ միավորվել է որպես կոալիցիա՝ կառավարությանն առաջարկելու «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ, որի նպատակն է վերջ դնել կանանց նկատմամբ բռնության համար անպատժելիությանը և ձևավորել ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանության կուռ համակարգ: ՀՀ կառավարությունը 2013 թվականի հունվարին մերժեց նախագիծը՝ ի հաստատումն այն մտավախության, որ կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը պետական քաղաքականության իր օրակարգում առաջնահերթություն չէ:

«Այս կոալիցիան կազմավորվեց 4 տարի առաջ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի մահվանից հետո»,-պատմում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լառա Ահարոնյանը՝ հավելելով. «Մենք ուսումնասիրել ենք ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, ներկա եղել տարբեր դատավարությունների ու զգացել ենք օրենքի պակասը: Շատ դեպքեր հնարավոր կլիներ կանխարգելել, սպանություններ կանխել, եթե օրենքը լիներ ու գործեր»: 

Օրինագիծը նախաձեռնողներն ասում են, որ ընտանեկան բռնություններից ամենաբացահայտը ֆիզիկականն է, բայց դա չի նշանակում, թե բռնության մյուս տեսակները՝ հոգեբանական, տնտեսական, սեռական, ավելի պակաս տարածված են Հայաստանում կամ քիչ վտանգավոր, պարզապես դրանք իրավական հարթությունում չեն օրենքի բացակայության, ընտանեկան բռնության սահմանումը չունենալու պատճառով: Բացի այդ, օրենքով միայն կարող է սահմանվել պետական սեկտորի (ոստիկանություն, դատական համակարգ, առողջապահություն) պատասխանատվությունը: Համապատասխան օրենքի ընդունումը կարևոր է նաև ապաստարանների խնդրի կարգավորման համար՝ «եթե ընտանիքում կինը ենթարկվում է բռնության, եթե նրա կյանքին վտանգ է սպառնում, պետք է գնալու մի տեղ ունենա»,-ասում են նախագծի հեղինակները: 

Նաև ընդգծում են՝ տարբեր օրենքների առանձին դրույթներն ընդամենը պատասխանատվություն և պատիժ են նախատեսում, մինչդեռ այս երևույթի համար նույնքան կարևոր է կանխարգելումը: Գործող օրենսդրության որևէ նորմ կամ հոդված ընտանեկան բռնության կանխարգելման որևէ դրույթ չի պարունակում և կանխարգելիչ միջոցառումներ չի նախատեսում:

Մերժելով «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կառավարությունը նաև նշում է, որ Քրեական ու Քրեադատավարական նոր օրենսգրքերը մշակման փուլում են, և փոփոխությունները լրացնելու են կարգավորումները: Խնդրով զբաղվող կազմակերպությունները պնդում են՝ ընտանեկան բռնության օրենսդրական կարգավորումը անհրաժեշտ է հիմա և հատկապես այն կանաց, ովքեր այսօր իրենց ընտանիքներում բռնության են ենթարկվում: Գործադիրն իր դիրքորոշումը հիմնավորում է նաև միջոցների բացակայությամբ. գումարներ չկան բռնության ենթարկվածների համար ժամանակավոր կացարաններ կամ ապաստարաններ ստեղծելու և պահելու համար:

Իսկ հաշվե՞լ է կառավարությունը ընտանեկան բռնությունների հետևանքով կորցված կյանքերի ու խեղված ճակատագրերի գինը:

Աղբյուրը` Parliamentmonitoring.am