Սկանդալային հանգամանքներ Պերմյակովի «հանձնված» գործով

04-07-2015
509 դիտում
Սկանդալային հանգամանքներ Պերմյակովի «հանձնված» գործով

www.lragir.am -Հունիսի 26-ին Սերժ Սարգսյանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ նրա, «անկասկած արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին, ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ֆոնին մի տեսակ աննկատ անցավ սպանդի քրեական գործը հայկական կողմին հանձնելը, որը ներկայացվեց որպես եղբայրական գործակցության օրինակ: Բայց այդ հանձնումը առաջ է բերում մի շարք հարցեր, որոնք անհնար է բացատրել «եղբայրության ու բարեկամության ոգու» դրսևորման շրջանակներում: Առավելևս`«Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթների» շրջանակներում:

Հարց 1. Գործի հանձնումը հայկական կողմին իրականացվել է «հայ-ռուսական եղբայրության ու բարեկամությա՞ն», թե միջպետական համաձայնագրերի և դրանցից բխող իրավական ակտերի շրջանակներում: Եթե առաջինն է, ապա պետք է բացատրություն լինի, թե ինչու է այդ եղբայրության ու բարեկամության ոգին այդքան սառը դրսևորվում ձմռանը և ջերմանում է ամռանը, հատկապես եթե Հայաստանում բավական «թեժ ամառ» է: Իսկ եթե ամեն ինչ կատարվել է օրինական դաշտում, ապա ինչու այդ օրենքի կատարումը հայ-ռուսական հարաբերություններում կրում է նույնպես խիստ սեզոնային բնույթ:

Հարց 2. Այն պաշտոնական անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, որ գործը հայկական կողմին չհանձնելը օրենքի շրջանակներում է, պարտավոր են բացատրել, թե ինչ օրենքի փոփոխություն տեղի ունեցավ տվյալ դեպքում, որ արդեն հանձնումն իրականացվել է օրենքի շրջանակներում: Եթե օրենքի փոփոխություն չի եղել, ապա որ դեպքում է խախտվել օրենքը` հայկական կողմին գործը չհանձնելո՞ւ, թե հանձնելու դեպքում:

Եվ մի հարց եւս՝ գործը հանձնելով, արդյոք հանձնելու են նաեւ Պերմյակովին, կա՞ ընդհանրապես նման անձ, եւ եթե կա՝ Հայաստանո՞ւմ է: Այս մասին ոչ մի «իրեղեն ապացույց» չկա:

Ինչո՞ւ են գործը հանձնել հայկական կողմին հանցագործությունից կես տարի անց: Եթե մի հայցք նետվի այն ամենին, ինչն իրականացրել են հայկական և ռուսական կողմերը «Պերմյակով» կոչվող գործի շրջանակներում անցած վեց ամիսների ընթացքում, ապա ակնհայտ է, որ այսօր գործը հայկական կողմին հանձնելը ավելի մեծ ծաղր ու անհարգանք է Հայաստան պետության նկատմամբ, քան չհանձնելը: Ավելին` սկզբնաղբյուրում