«Տղամարդը կարող է դավաճանել, իսկ կնոջ դերն է ընտանիքը պահելը, նա պետք է լռի». հայ կնոջ դերն ու իրավունքները հայրիշխանական համակարգում

30-11-2015
584 դիտում
«Տղամարդը կարող է դավաճանել, իսկ կնոջ դերն է ընտանիքը պահելը, նա պետք է լռի». հայ կնոջ դերն ու իրավունքները հայրիշխանական համակարգում

Հայաստանում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նկատմամբ առկա հասարակական պարսավանքը մեծ մասամբ վերափոխվեց դրական վերաբերմունքի ապրիլին՝ նրա Հայաստան կատարած այցի ընթացքում։

Սոցիալական ցանցերում «Ամաչում եմ, որ նա էլ է հայ, հայ ազգին ու հայ կնոջն է ներկայացնում» գերիշխող գրառումները անմիջապես փոխարինվեցին «Ապրի մեր աղջիկը» ոճի գրառումներով։ Մի քանի օրում Հայաստանում որպես պոռնոաստղ ընկալվող Քարդաշյանը (որն իրականում այդպես չէ) վերածվեց յուրայինի և սիրելիի։ Նույնիսկ Քիմ Քարդաշյանի այցի դեմ որպես սոցիալիստ ներկայացող Ռոբերտ Ահարոնյանի կազմակերպած բողոքի ակցիային ոչ ոք չմասնակցեց։ Նա պնդում է, որ աշխարհը չպետք է Հայաստանը Քիմ Քարդաշյանի «ֆիգուրայի, կանգնելու ձևի և նկարահանած ֆիլմերի միջոցով» ճանաչի։ 

Արդյոք հասարակությունը նույն կերպ կվերաբերվե՞ր Քիմ Քարդաշյանի ապրելակերպն ունեցող մեկ այլ կնոջ, եթե նա Հայաստանում ապրեր։ 

«Ինձ թվում է՝ նա չի նույնացվում հայկական իրականության հետ, Քարդաշյանին բոլորըորպես արտաքին գործոն էին նայում ու գնահատում էին Հայ դատի համար այդ կնոջ ներդրումը։Չեմ կարծում՝ նույն ռեակցիան կլիներ, եթե օրինակ մի սովորական ոչ հայտնի կին նման կենսակերպով ապրեր ու իրեն հայաստանյան իրականության հետ կապված համարեր»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անուշ Խաչատրյանը։

Հայաստանում «հայ կնոջ», «մոր», «աղջկա» հասարակական գերիշխող ընկալումների մեջ «չտեղավորվող» կանանց շատ արագ արժանացնում են պարսավանքի և պախարակման՝ հիշեցնելով, որ վարքի այս կամ այն դրսևորումը հայ կնոջը սազական չէ կամ հայեցի չէ: 
Հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը իր՝ «Վերծանելով կնոջն արդի հայաստանյան քաղաքական դիսկուրսում» աշխատության մեջ գրում է՝ ««Հայկական ավանդական ընտանիք» հասկացության համատեքստում կնոջը վերագրվում են առավել պահպանողական և ավանդական դերեր»։ Ծատուրյանը նկատում է, որ քաղաքական օրակարգ ձևավորողները իրենք գտնվում են պատրիարխալ դիսկուրսի բովանդակության մեջ և հետևաբար չեն կարող վերաձևել կանանց քաղաքական օրակարգը:

Ազգայնական շրջանակներում հայրիշխանական համակարգի կողմից հայ կնոջը վերագրվում են վարքի հստակ կանոններ, որոնք դուրս չեն գալիս ընտանիքում կնոջ ունեցած դերակատարության սահմաններից և որոնք կարծես նրան առանձնացնում են այլ ազգերի կանանցից։ 

Ընտանեկան բռնության դատավարության ժամանակ անցած տարի բռնարար ամուսնու պաշտպանությամբ հանդես եկած Ռոբերտ Ահարոնյանն, օրինակ, ասում է.- «Ես դատապարտում եմ կնոջ դեմ բռնությունը, բայց կինը պետք է իմանա իր տեղը: Կնոջ տեղը ամուր ընտանիք պահելն է, ոչ թե ընտանիք քանդելը, հեզությունը, երեխա դաստիարակելը, ամուսնուն ճաշ պատրաստելը, ամուսնուն հագցնելը, ամուսնուն գուրգուրելը, աշխատանքի ուղարկելը, դա հայ կնոջ կերպարն է։ Ոչ թե կինը իր ճակատին գրի «գենդեր», հագնի անհասկանալի շորեր, այգիներում համբուրվի... այդ եվրոպական մոտեցումը արդեն զզվելի է»:

Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող Անուշ Խաչատրյանը նկատում է.- «Ըստ ազգայնական մոտեցումների, հայ կինը պետք է լինի հնարավորինս համեստ, պետք է ընդունի տղամարդու գերիշխանությունը ցանկացած դեպքում։ Անգամ եթե ընդունվում է, որ կինը կարող է ընտանիքում որոշում կայացնող լինել, նա դա պետք է անի թաքուն, ծածուկ, ենթարկվելով։ Կնոջ որոշում կայացնելը պետք է այնպես լինի, որ տղամարդու էգոյին չխանգարի։ Հայ կինը պետք է մի կողմ դնի իր բոլոր ցանկությունները և խնդիրները լուծի տղամարդուն գոհացնելու, ասենք, ճաշ եփելու կամ գիշերը՝ անկողնու միջոցով»:

Խաչատրյանն ասում է՝ երբ ազգայնական դիսկուրսում հերթը հասնում է հայ կանանց, նրանց առաջարկվում է վարքագծի մի այնպիսի մոդել, որը շատ հաճախ հակասում է մարդու տարրական իրավունքներին։ 

Ըստ պաշտոնական կայքի՝ աշխարհաքաղաքական վերլուծություններով, հայ-ռուսական հարաբերություններով զբաղվող Երևանի աշխարհաքաղաքական ակումբի «Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնում» կարդում ենք. «Արյունակցական հարաբերություններում հայը իրեն պահում է առանց հայրականության սկզբունքի թուլացման՝ կինը ենթարկվում է ամուսնուն և հարաբերակցվում է նրա հետ ինչպես հոգին ոգու հետ: Հավասար քաղաքական իրավունքները չպետք է շփոթել իրենց բնույթում ներդրված տարբեր հնարավորությունների հետ: Հիերարքիկորեն տղամարդը վեր է կանգնած կնոջից»:

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը նաև «Համահայկական ծնողական կոմիտեի» համակարգողն է։ Ծնողական կոմիտեն ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության դեմ օրենքի նախագծերի կատաղի հակառակորդն է։ 

«Այդ ընտանեկան բռնության մասին այսպես կոչված օրենքը մեջը պարունակում է հետևյալ բանաձևումը, համաձայն որի օրինականացվում են միասեռական ամուսնությունները, բազմակնությունը, ինչպես նաև հիմք է մտցվում «հոգեբանական բռնություն», որի հիման վրա երեխային ցանկացած առողջ ընտանիքից կարող են հեռացնել և ապագայում հանձնել շահագործման կամ մանկատներ, կամ «այլ» ընտանիքների»,- պնդում է Բոշյանը։ 

Թեև օրենքը մշակողները բազմիցս հավաստիացրել են, որ օրենսդրական նախաձեռնությունները բնավ Բոշյանի և նրա կողմնակիցների ասած նպատակները չունեն, սակայն վերջինս կրկին պնդում է, որ դրանք «ՀՀ ինքնիշխանությանը, հայ ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգին և ազգային ընտանեկան ավանդույթներին նետված են լրջագույն մարտահրավերներ են»:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչը հակադարձում է՝ նրանք պարզապես չեն ուզում տեսնել խնդիրը, կնոջ նկատմամբ բռնությունը համարում են նորմայի մաս:

«Նորման սահմանված է պատրիարխալ հասարակության համախմբված մոդելով: Հայրիշխանական համակարգում կինը գնահատվում է որպես ապրանք, հոր իշխանությունից անցնում է մեկ ուրիշ տղամարդու իշխանության տակ, որն է ամուսինը: Այդ տղամարդու բարի կամքից է կախված՝ քեզ կթողնի աշխատել, թե՝ ոչ, կայանալ, թե՝ ոչ...»:

Հայաստանում միայն անցած տարի ընտանեկան բռնության հետևանքով 12 կին է մահացել։ Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները իրենց թեժ գծերին բռնությունների մասին ահազանգող տարեկան մոտ 2500 զանգ են ստանում։ 

«Երբ փաստերով ենք ցույց տալիս, որ այ մեկ տարում այսքան կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով, ուղղակի սպանվել է իր ամուսնու կողմից, սկսում են հասկանալ, որ սա ողջ հասարակության խնդիրն է»,- ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահԼարա Ահարոնյանը,- «բայց մեծ մասը դեռ ժխտման մեջ են»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ժամանակին ուսումնասիրել է հայկական ավանդական ընտանիքը, ասում է՝ ժամանակակից շատ խնդիրներ ամբողջովին բացատրելի ու պարզ են դառնում, երբ հայացք ես նետում ավանդական ընտանիքի մոդելին։ Նրա խոսքով՝ հենց պատրիարխալ ընտանիքի փակ մոդելի հետևանքով է, որ հայերը, առավելապես կանայք նախընտրում են վատ երևույթի մասին չբարձրաձայնել, քանի որ վաղ ժամանակներից վատ բանի մասին բարձրաձայնողը միանգամից համարել է ընտանիքի թշնամի։ 

Հայկական ընտանիքներում տղամարդը ապրում էր իր կնոջ, ամուսնացած տղաների և նրանց ընտանիքների հետ քառակուսի մի տան մեջ, որը լուսամուտներ չուներ, կենտրոնում երդիկն էր, որի տակ կրակ էին անում, պատմում է Սարգսյանը։ 

«Ենթադրենք տանտերը հինգ տղա ուներ, ստացվում է՝ մոտ 45-50 հոգի ապրում էին տասը տաս մետրի վրա, սենյակներ չկային։Տանտիրոջ կինը՝ մեծ մայրը տան տերն էր, առավոտը ժամը 6-ին բոլոր տղամարդկանց հանում էր տնից, նրանք գնում էին աշխատելու, ինքը արդեն հարսներին գործի էր դնում: Այդ հարսները ունեցել են լրիվ ստրուկի կարգավիճակը։ Անգամ խոսելու իրավունք չունեին»,- ասում է քաղաքագետը։ 

Սարգսյանի խոսքով՝ ընտանիքի այս մոդելը սկսել է վերանալ 1840 թվականներից, այն էլ հիմնականում Ռուսական կայսրության տարածքում ապրող հայերի մոտ.- «Երբ 1828 թվականին Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այս պատրոնոմիկ ընտանիքները սկսեցին քայքայել, բայց մինչ այդ հայերը էսպես են ապրել: Նույնիսկ մելիքների՝ ազնվականների տներում է այդպես եղել»:

Սարգսյանն ասում է՝ ամենավատ վիճակում եղել են այրիները և չբեր կանայք.- «Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այրիները լիակատար մեկուսացվում էին, այսինքն իրավունք չունեին երբևէ ամուսնանալու, իրավունք չունի որևէ ընտանիքի հետ շփվելու, հյուր գնալու, պիտի իրենց երեխաների հետ մեկուսացած ապրեին: Ընդհանուր ստատուսը ստրուկի ստատուսն է։ Դրանից ցանկացած շեղում չէր ընդունվում, անմիջապես մեկուսացվում էին»:

«Ես կարծում եմ՝ սրա պատճառը երկարատև առանց պետության, առանց հանրային կյանքի գոյատևումն է։ Տնով վերջանում էր հայերի աշխարհը։ Վրաստանում, օրինակ, կանայք դուրս էին գալիս հանրային ժողով, գյուղի ժողովում կանանց անունից կարող էին ելույթ ունենալ, առաջարկ անել։ Հայերը հանրային կյանք չեն ունեցել»,- ասում է Սարգսյանը։ 

Անուշ Խաչատրյանն էլ շեշտում է, որ պատիրարխալ ընտանիքում խոսքի իրավունք վաստակել է միայն այն կինը, որը անցել է որոշակի տարիքային շեմը և հնարավորինս լավ է իրականացրել իր վերարտադրողական ֆունկցիան։ 

«Պատրիարխատում ո՞ր կանայք էին կարողանում այս իշխանությունը ձեռք բերել. այն կանայք, որոնք տարիքով են, կորցրել են սեռականության բոլոր դրսևորումները, որովհետև սեքսուալ կինը չէր կարող տեղ ունենալ այնտեղ։ Կինը հայ ընտանիքում դեր է ունեցել միայն երբ կատարել է վերարտադրողական ֆունկցիան հնարավորինս լավ, որոշակի տարիքային շեմ է անցել, տարիքի հետ կապվող իմաստություն է ձեռք բերել։ Այսինքն այս կինը վերցրել է պատրիարխատի վարքագիծը, տղամարդու կողմից իրեն թույլատրված իրավունքները և նույն բանը իրացրել է այլ կանանց նկատմամբ, չի մտածել որ հարսների վիճակը բարելավի, մտածել է, որ նրանք էլ պետք է այդ սանդղակով անցնեն, հասնեն և վերցնեն այն իրավունքները, որոնք քեզ տալիս է պատրիարխատը և կրկնել վարքագծի նույն մոդելը»,- ասում է նա։ 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է՝ դարեր շարունակ փակ ապրելակերպը հայ կանանց չի թողնում հավատալ իրենց ներուժին, դրա համար էլ պասիվ են քաղաքականությունում կամ բիզնեսում.- «Կինը մնում է ճնշված ու դժբախտաբար, պատճառը տեսնում է իր մեջ՝ «այ եթե ես չանեի կամ չասեի, ամուսինս, եղբայրս կամ հայրս չէր ջղայնանա և ինձ չէր պատժի»։ Հիմնականը կնոջ ներքին զսպանակներն են, եթե նա ճնշված է ընտանիքում, էլի ներքին զսպանակների հետևանք է, ունակ չէ իր իրավունքները պաշտպանելու, կնոջ տեղը ոչ ոք կարիերա կանի, ոչ էլ կպաշտպանի նրան»։ 

Ադիբեկյանը հիշում է 80-ականներին կանանց ակտիվության վերաբերյալ անցկացված հետազոտությունը, որը երևան էր հանել բազմաթիվ կանանց, որոնք կարող էին ղեկավար պաշտոններ զբաղեցնել, բայց չէին ուզում.- «Ասում էին՝ ոնց կարող եմ ես ուրիշին հրաման տալ, ուրիշին նկատողություն տալ, ուրիշին պատժեմ, ասում էին՝ սենց լավ է, գալիս աշխատում, գնում եմ տուն, իր աշխատանքը համարում էր ոչ թե գլխավոր, այլ երկրորդական։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց 90-ականներին ծնված երիտասարդների ենք ուսումնասիրում, աղջիկներ կան, որոնք օֆիս մենեջեր են, ստանում են 1500 դոլար, ասում եմ՝ էդ գումարը ի՞նչ ես անում, ասում է՝ մամային եմ տալիս, ամեն օր ինձ գրպանի փող է տալիս, ինքը իր աշխատած փողի տերը չէ։ Ամերիկուհին էդ փողով աշխատավայրի մոտ մի սենյակ կվարձեր, ազատ կապրեր, մեզ մոտ էդ բան չկար։ Հայ կայանք չեն հավատում իրենց ներուժին»,- ասում է սոցիոլոգը։ 

Անուշ Խաչատրյանը կարծում է՝ ընտանիքի մոդելում, ազգայնական դիսկուրսում փոփոխություններ են պետք՝ կնոջ իրավունքները պաշտպանելու համար։ 

«Ամեն ինչ պետք է ժամանակի ընթացքում ենթարկվի փոփոխության, հակառակ դեպքում մեծ անդունդ է առաջանում իրականության և քո ավանդույթների միջև։ Իսկ այսպես ավելի մեծ վտանգ կա, որ դու այդ ավանդույթը կկորցնես, քան եթե դու այդ ավանդույթը մոդիֆիկացնես, հարմարացնես ժամանակակից մարդուն, ու ընտանիքը դրանից չի տուժի։ Ընտանիքը կարևոր արժեք է լինելու, եթե մարդիկ պարզապես իրար հարգեն, եթե պարզապես մարդ դաստիարակեն, ոչ թե տղա կամ աղջիկ դաստիարակեն։ Թե չէ էսպես տղամարդը կարող է դավաճանել, իսկ կնոջ դերն է ընտանիքը պահելը: Կինը պետք է լռի, գլուխը կախ պահի, կինը, կինը կինը... ո՞ւմ է պետք է ընտանիքի մոդելը, որը փաստացի հիմնված է ինչ-որ մեկի չգոյության վրա»,- ասում է նա։ 

Նաիրա Գեւորգյան

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի