Հանրային քննարկման ֆեմինիստական կոչ

21-07-2015
496 դիտում
Հանրային քննարկման ֆեմինիստական կոչ

2015թ․ հունիս ամսին էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի կուլմինացիան Բաղրամյան պողոտան էր, որտեղ կուտակվել էր ոչ միայն զայրույթի, ըմբոստության և պայքարի լիցք, այլ իշխանական բռնությանը երևակայական բռնությամբ հակազդելու լիցք. պայքարող հարթակը լի էր սեռական այլաբանություններով: Սեռական հայհոյանքներով կարգախոսները, տղամարու սեռական օրգաններին հղող խորհրդանիշները և դրանց անքննադատ տիրաժավորումը թե՛ հանրությունների, թե՛ զանգվածային լրատվամիջոցների կողմից, ոչ միայն դարձնում էին պայքարող հարթակը քաղաքականապես սնանկ, այլ այն նույնացվում էր ֆալոգցենտրիկ իշխանության բռնակալ հռետորությանն ու գործողություններին, որոնք կիրառվում են կանանց, կանացիին վերաբերող դրսևորման, նույնասեռականների, ինչպես նաև փակ հաստատություններում (բանտեր, բանակ) գտնվող առավել խոցելի տղամարդկանց խմբերի և ինքնության «ուրիշ» տիպերի նսեմացման համար։

Բաղրամյան պողոտայում պայքարող կանանց մի մեծ զանգվածի հանրային ներկայացման ձևերը, կարգախոսները և, մեծ հաշվով, նրանց կողմից յուրացված և արականի կողմից հաստատված սեռադերային մոդելը խեղում էին կնոջ սուբյեկտիվությունը՝ թույլ չտալով հեռանալ արականի կամայականությունից։ Պայքարի հարթակում գտնվող կանանց մի ստվար զանգված կապկում և հաստատում էր ֆալոգոցենտրիզմի բոլոր կանոնները՝ վերածվելով ավանդականի (արականի) ռեկվիզիտի։ Տղամարդկային իդեալներով երևակայված և հաստատված կանացիի կազմավորման ձևը միշտ հղում է ավանդական կոդերին` «հրեշտակային անմեղությանը», կամ ընտանեկան օջախի «հրեշտակին», անձնամոռաց, ինքն իրենից հրաժարվող կնոջը, իսկ այդ իդեալականցման «հակառակ» երեսն այն է, երբ կանացի «մաքրության» ետևում գտնվում է չար «ղզօղլանը», կամ «փառասեր գայթակղիչը», հաճախ էլ՝ «հրեշը»։ 

Արականի գերակայությամբ և գերիշխանությամբ տոգորված պայքարի հրապարակն ընդհանրապես դրսևորում է խտրական, վերահսկող կամ արհամարական վերաբերմունք այնտեղ գտնվող կանանց նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում դա, ցավոք, ներկա էր, սակայն հարկ է նշել, որ մի պահ առաջացած «ճեղքն» օգնեց ստեղծել հորիզոնական և գենդերային հիերարխիայից դուրս հանրային քննարկումներ, որտեղ արտահայտվելու հնարավորություն տրվեց բոլոր ցանկացողներին, և կար հնարավորություն կիրառել ֆեմինիստական մոտեցմամբ լի ապակենտրոնացնող ներուժը։

Կոչ ենք անում կանանց միացնել իրենց ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, սեփական ԵՍ-ի ապրումի անհատական մեխանիզմը, այլ դեպքում՝ ստիպված ենք մշտապես լծորդված լինել սահմանափակությունների և ճնշումների համակարգին, սեռի և սեռային բացառման քաղաքականությանը և դրանից բխող բոլոր մշակութային ու սոցիալական հետևանքներին:

Կոչ ենք անում վերը արծարծված հարցերի շուրջ սկսել հանրային քննարկումներ, քանի դեռ պայքարի ցանկացած հարթակ վերարժևորման կարիք ունի ֆեմինիզմի և գենդերի տեսանկյունից:

Սուսաննա Գյուլամիրյան

Աննա Շահնազարյան