«Ազգի ու պետության թշնամիները». ինչերի միջով են ստիպված անցնել իրավապաշտպանները Հայաստանում

11-08-2015
«Ազգի ու պետության թշնամիները». ինչերի միջով են ստիպված անցնել իրավապաշտպանները Հայաստանում

Երբ անցած տարի «Իրավունք» թերթը հրապարակեց աղմկահարույց «ազգի և պետության թշնամիների սև ցուցակը», ցուցակում ընդգրկված իրավապաշտպան Արման Սահակյանը իր մեքենայի ապակիները կոտրված հայտնաբերեց։

«Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը կոչ էր արել ցուցակում ընդգրկված 60 անձանց (լրագրողների, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ) չբարևել, որևէ հարցում չօգնել, աշխատանքի չվերցնել կամ հեռացնել պետական ծառայությունից, նրանց նկատմամբ զրո հանդուրժողականություն դրսևորել, քանի որ նրանք «ազգի  և պետության թշնամիներ են ու զոմբիներ»։ 

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը «Մեդիալաբին» ասում է՝ Հայաստանում տարբեր աստիճանի ու բնույթի սպառնալիքները սովորական բան են խոցելի խավերի պաշտպանությամբ զբաղվող մարդկանց համար։

«Նոր սերնդի» դեմ սպառնալիքները նոր թափ ստացան նաև վերջերս, երբ Գերմանիայի դեսպանատունը հայտարարեց, որ ՀԿ-ին 30 հազար եվրո է տրամադրում առնվազն 15 անօթևան միասեռական անձանց համար ապաստանի ստեղծման, անվճար իրավախորհրդատվության համար։

«Վառել, քանդել, ջարդել, սպանել, կախել, մի օր Շենգավիթում կընկնեք 30 հազարանոց ավտոյի տակ...»,- ստացած թարմ սպառնալիքներ է թվարկում երիտասարդ իրավապաշտպանը։

Երբ խնդրում եմ պատմել ստացած սպառնալիքների մասին, աշխատանքային ավելի երկար տարիների փորձ ունեցող Արթուր Սաքունցը հոգոց է հանում, հետո կատակում՝ «էլ ո՞րն ասեմ, էլ որը՞»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, այնուհանդերձ, առանձնացնում է 2012-ի ապրիլին այդպես էլ չկայացած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հարձակումը։ Կազմակերպության գրասենյակը այն ժամանակ մի խումբ անձանց կողմից քարերով, ձվերով հարձակման էր ենթարկվել՝ ֆիլմերի ցուցադրությանը տարածք տրամադրելու համար։

«Դա ամենաարտառոցն էր, երբ տեղական մարմինները իրավապահ մարմինների աչալուրջ հսկողությամբ այդ հարձակումը գործեցին, որի վերաբերյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները արտահայտվեցին և դա որակեցին հարձակում իրավապաշտպան կազմակերպության վրա ու պահանջեցին իշխանություններից, որպեսզի ապահովեն արտահայտման ազատությունը»,- ասում է Սաքունցը։

Հայաստանում իրավապաշտպաններին, տարբեր հասարակական կազմակերպություններին քննադատողները իրենց բանավեճում հիմնական շեշտը դնում են «արևմտյան փչացած, կեղծ, այլասերված արժեքները» Հայաստանում տարածելու վրա, կանանց հարցերով զբաղվող իրավապաշտպաններին էլ շատ հաճախ անվանում են ընտանիք քանդողներ, երբ վերջիններս բարձրաձայնում են ընտանեկան բռնության դեպքերի մասին կամ պաշտպանում բռնության զոհերին։

«Մոռանում են, որ այդ ընտանիքը արդեն իսկ ներսից արդեն քանդված է, եթե այնտեղ բռնություն կա»,- նկատում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը։

Արման Սահակյանն էլ ասում է՝ Հայաստանում յուրաքանչյուր իրավապաշտպան գործունեություն դեռևս անվտանգ չէ.- «Եթե այդ գործունեությունը դուրս է գալիս նորմայի սահմաններից, տրադիցիոն հասկացողություններից, կարծրատիպ ես կոտրում, որոշակի անձանց, ազգայնամոլ կուսակցությունների համար դու դառնում ես թշնամի, պատվեր կատարող, դրսից ուղարկված մարդ»։

Սահակյանն, ի դեպ մեկն է այն երեք հայցվորներից, որ երկու ամիս առաջ առաջին ատյանում շահեցին Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի դեմ հայցը՝ աղմկահարույց «սև ցուցակի» գործով։ «Իրավունքը» դատարանի որոշմամբ պետք է 250 հազարական դրամ վճարի «Նոր սերունդ» ՀԿ-ի երեք անդամներին՝ նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ (դրանից առաջ նույն ցուցակի պատճառով 16 քաղաքացիներ էին դիմել դատարան, սակայն նրանց հայցը մերժվել էր և առաջին ատյանի, և վերաքննիչ դատարանում)։

«Ազգի և պետության թշնամիների» ցուցակը կազմած Հովհաննես Գալաջյանը համաձայն չէ վճռի հետ, դիմել է Վերաքննիչ դատարան և պնդում է, որ դատարանը խոսքի ազատության դեմ  որոշում է կայացրել։

«Ծոծրակներդ կտեսնեք, բայց ներողություն չեք տեսնի՝ անկախ նրանից, թե ինչպես կլինի ընթացքը հաջորդ ատյանում»,- ասում է Գալաջյանը։

«Նոր սերունդը» ևս դիմել է Վերաքննիչ՝ վիճարկելով գումարի չափը և պահանջելով ճանաչել խտրականության և ատելության խոսքի հրահրման փաստը։

Իրավապաշտպաններին շատ է մտահոգում այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցող Հայաստանում ատելության խոսքի տարածումը կարող է ավելի ու ավելի բորբոքվել, ինչպես միությունը գլխավորող Ռուսաստանում, որտեղ Արևմուտքի հետ սրված հարաբերությունների պատճառով հաճախ են թիրախավորվում տեղում գործող արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները։

«Քանի դեռ Վլադիմիր Պուտինը ունի իր պլանը այդ հարձակումներին և իր խմբերին ուղղություններ տալու, ու քանի դեռ այս ռեժիմում ու համակարգում ենք ապրում, դրանք, իհարկե, կշարունակվեն»,- համոզված է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (PINK Armenia) ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։

Ռուսաստանում իրավապաշտպանների և ՀԿ-ների նկատմամբ վերաբերմունքը սկսել է սողոսկել նաև հայկական իրականություն, մտահոգություն է հայտնում Սաքունցը։

Ռուսաստանում վերջերս ընդունվել է հասարակական կազմակերպությունների մասին վիճահարույց մի օրենք, համաձայն որի՝  եթե կազմակերպությունը ինտերնետում, լրատվամիջոցներով նյութեր է տարածում առանց նշելու, որ հեղինակը՝ «ոչ առևտրային հասարակական կազմակերպությունն օտարերկրյա գործակալ է», արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան և տուգանել անհատներին՝ 100-300 հազար ռուբլու չափով (մոտ 1700-5200 դոլար), իսկ իրավաբանական անձանց՝ 300 հազար ռուսական ռուբլուց 1 միլիոնի չափով (մոտ 5200-17 000 դոլար):

Հայաստանում արդեն իսկ սկսել են կոչեր հնչել ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ։ Օրերս Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ն հայտարարեց, թե բացահայտել է մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար։ Այս ՀԿ-ի կազմած ցուցակում են ընդգրկվել տասնյակ կազմակերպություններ են, այդ թվում` «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, «Բաց հասարակություն - Հայաստան» հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան», «Ապագան քոնն է» ՀԿ-ն, «Կանանց աջակցման երևանյան կենտրոնը», «Կանանց ռեսուրսային կենտրոնը» և PINK Armenian-ն: Կազմակերպության ղեկավար Արման Ղուկասյանը նույնիսկ առաջարկում է պետության վերահսկողության միջոցով վերջ դնել հասարակական կազմակերպությունների չվերահսկվող աճին` «անվտանգության ապահովման և Հայաստանի շահերի պաշտպանման նպատակով»։

«Անհրաժեշտ է ՀԿ-ների գործունեությունն ուղղել դեպի հասարակության համար կարևոր խնդիրների լուծմանը, ինչպես նաև համակարգ մշակել, որը թույլ չի տա արտաքին ուժերին ազդել ներքին սոցիալական և քաղաքական կյանքի վրա տարբեր հասարակական կազմակերպությունների և սոցիալական շարժումների գործունեության միջոցով»,- ասել է Ղուկասյանը (http://sputnik.co.am/armenia/20150718/192198.html)։

«Սպառնալիքները առավել քան առարկայական են դառնում»,- ասում է Սաքունցը,- «մեզ մոտ ՀԿ-ների գործունեության մասին օրենքի նախագիծ էր պատրաստվել, որը փոխվեց, այդ նախագիծը սպառնալիքներ այլևս չի պարունակում, բայց դեռևս կառավարությանը, ԱԺ-ին չի ներկայացվել։ Արդարադատության նախարարը փոխվեց, իսկ մեզ մոտ քանի որ համակարգը կայացած չէ, ավելի շուտ կանխատեսելի է անձերի վարքագիծը, քան համակարգի։ Այս դեպքում ԱԺ-ում օրենքի նախագծի ճակատագիրը կախված կլինի քաղաքական իրավիճակից, մասնավորապես, Հայաստանի իշխանությունների վրա ռուսական ազդեցության աստիճանից։ Իսկ ես տեսնում եմ, որ այդ աստիճանը գնալով մեծանում է, որ գնալով զուտ ներքաղաքական, ներիրավիճակային խնդիրների լուծման վրա է տարածվում»։

Մինչդեռ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները բավականին հաճախ են Հայաստանի կայացման գործում շեշտում քաղաքացիական հասարակության դերակատարությունը։ Վերջին օրինակը թերևս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր՝ ուղղված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդներին։

«Այո՛, ժողովրդավարության ուղին, քաղաքացիական հասարակության կայացման ուղին բարդ և խորդուբորդ է, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի: Այս մասին վերջին տարիների ընթացքում մենք մեկ անգամ չենք խոսել: Այս խորդուբորդ ու ոլոր ճանապարհով պիտի ընթանանք բոլորս»,- ասել էր նախագահ Սարգսյանը։

Սաքունցը, սակայն, նկատում է՝ երբ հարձակումների, ատելության խոսքի թիրախի տակ են հայտնվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները իրենց հրապարակային դիրքորոշումներում չեն քննադատում, ավելին՝ նույնիսկ լռության են մատնում, իսկ որոշ դեպքերում՝ հովանավորում են ատելության խոսքը տարածողներին։

«Կարող եմ ասել, որ իշխանությունները կամ հրապարակավ կամ լռությամբ աջակցում են ատելության խոսքի տարածմանը, հակված չեն հաշվետու ժողովրդավարական իշխանավարության։ Քննադատությունները ընկալվում են որպես քննադատություն սեփական անձի նկատմամբ, անձնավորում են, և այդ անձնավորման պարագայում ինստուտիցոնալ դաշտը, որն ամենաբնորոշն է ժողովրդավարական իրավիճակին ու պետությանը, վերանում է»,- ասում է իրավապաշտպանը։

Նաիրա Գևորգյան

Նկարը՝ Վահե Ներսեսյան

© Medialab.am