Եկեղեցին առանց թուրքական իշխանություններին ենթարկվելու պիտի մկրտություններ անցկացներ. Իսլամացված հայերի հետ կատարվածի շուրջ

15-08-2015
Եկեղեցին առանց թուրքական իշխանություններին ենթարկվելու պիտի մկրտություններ անցկացներ. Իսլամացված հայերի հետ կատարվածի շուրջ

Օրերս երեք իսլամացած հայերի՝ Հայաստանում մկրտվելու դիմումի մերժումը հերթական անգամ թեժացրեց բանավեճը Հայ առաքելական եկեղեցու հանդուրժողականության վերաբերյալ՝ այլ կրոնների և եկեղեցիների ներկայացուցիչների նկատմամբ։ Մինչ Հայաստանում հատկապես ապրիլին, Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին անընդհատ խոսվում է քրիստոնեություն ընդունող թուրքահայերի մասին, Հայաստանում մի քանի օրով գտնվող երեք թուրքահայերին այդպես էլ չէր հաջողվել վերադառնալ իրենց նախնիների կրոնին։

Խնդրին նույնիսկ անդրադարձավ կրթության և գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանը, ում կարծիքով՝ «նոր իրողություններում կարելի է ժամանակին կրոնափոխ եղած մեր հայրենակիցների համար դեպի Մայր եկեղեցի վերադառնալու հատուկ, հեշտացված տարբերակ սահմանել»։

Մկրտության չստացած իսլամացած հայերի կարծիքով՝ իրենց մերժել են Պոլսո պատրիարքարանի պատճառով, որտեղ հրաժարվում են մկրտել իսլամացած հայերին կամ խոչընդոտներ են ստեղծում իրենց համար և նույնն էլ համապատասխան շրջաբերականով հորդորել են անել Մայր Աթոռին։ Այս պնդումը հերքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հայտարարելով, որ հայ եկեղեցու համար շրջաբերական կարող է տալ միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը։    

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է՝ այս հարցը չէր առաջանա, եթե հայ առաքելական եկեղեցին ինքնուրունություն ունենար և այս պարագայում Պոլսո պատրիարքարանը չենթարկվեր Թուրքիայի իշխանություններին։

«Մի բան պետք է հաշվի առնենք, որ Պոլսո պատրիարքը ամեն դեպքում «ընտրվում» է Թուրքիայի իշխանությունների կամքով, ինչպես նաև Երուսաղեմի պատրիարքն է ընտրվում Հորդանանի, Իսրայելի և պաղեստինցիների համաձայնությամբ, այսինքն դա պետք է լինի համաձայնեցված անձնավորություն։ Իմ կարծիքով՝ եղել է Պոլսո պատրիարքի և Թուրքիայի իշխանությունների համաձայնությանը, որ իսլամացած հայերին չմկրտեն։ Նման մի  պայմանավորվածություն կա կաթոլիկ եկեղեցու հետ, որ Վենետիկում Սուրբ Ղազարում մարդկանց չեն մկրտում, եթե չկա Էջմիածնի համաձայնությունը»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս «մեր եկեղեցու ոչ ինքնուրույնությունը»:

«Այդպես է եղել դարերի ընթացքում, երբ միշտ համակերպվել են իշխողների հետ, նրանց հնազանդ ծառայել են, նրանց համար պետությունը չի եղել գլխավորը, ինչքան էլ որ իրենք եղել միջնորդ օղակը ժողովրդի և իշխանության միջև, անկախ այն բանից, թե այդ իշխանությունը ինչպիսին է եղել, հլու հնազանդ ծառայել են այդ իշխանությանը։ Եկեղեցին մեծ-մեծ խոսում է, որ իրենք հայապահպանությամբ են զբաղված, եթե հավատանք իրենց, որ հայապահպանությամբ են զբաղված, ապա առանց ենթարկվելու թուրքական իշխանություններին, պիտի մկտրություններ անցկացնեին»։

Այս խնդրի մասին Երևանում բարձրաձայնել էր մկրտության մերժում ստացած երեք հայերից մեկը՝ տիգրանակերտցի Էրդալ Մերջանը, ով Թուրքիայից Հայաստան էր ժամանել Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով։  Մերժում էին ստացել նաև Թուրքիայի Դերսիմ գավառից եկած երկու կին, ովքեր ասել են, որ բռնի իսլամացած հայերի ժառանգներ են (հայտնի է, որ Դերսիմում 1915 թվականին հայկական ջարդերի ժամանակ զազաները ապաստան են տվել մոտ 45 հազար հայ որբերի, որոնց ժառանգներն էլ այսօր ամենակտիվ են քրիստոնեություն ընդունելու հարցում. նրանց գերակշիռ մասը մեծացել է որպես ալևի զազա)։

Այս անձինք դիմել են մի քանի եկեղեցիներ, այդ թվում՝ առաջին հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սակայն նրանց չի հաջողվել մկրտվել, նրանց հայտնել են, որ մկրտության համար պետք էր նախօրոք գրանցվել, ինչը այս անձինք չէին արել։ Նրանք բոլորը արդեն Հայաստանում չեն։

Մայր Աթոռից պարզաբանմամբ հանդես է եկել տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Զաքարիա վարդապետ Բաղումյանը, ով ասել էր.

«Հայոց Եկեղեցու Ս. Ավազանում կարող են մկրտվել ազգությամբ հայեր և հայի հետ ամուսնացած օտարազգիներ, բացառիկ դեպքերում` նաև այլադավաններ կամ օտարներ, ովքեր սահմանված կարգով անցել են նախապատրաստական շրջանը և պատրաստ են Ս. Մկրտությանը: Բնականաբար, Ս. Մկրտության նույն գործընթացն է կատարվում նաև իսլամացած հայերի դեպքում: Պետք չէ այս խնդրին մոտենալ զգացականությամբ, քանզի իսլամացած հայերին մկրտելու հարցն առավել կարևոր է նաև ազգային-հոգևոր անվտանգության տեսանկյունից, ուստի եկեղեցին նաև որոշակի զգուշավորություն է ցուցաբերում նրանց մկրտելու հարցում` վստահ լինելու համար, որ նրանք իսկապես ազգությամբ հայեր են, և ամենակարևորը` պատրաստ են Ս. Մկրտության խորհուրդն ընդունելու»։

«Հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից ժամանածները Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են, նրանց խորհուրդ է տրվել դիմել Պատրիարքարան և անցնել Ս. Մկրտության համար նախատեսված գործընթացը: Պատրիարքարանի կողմից նրանց ինքնության և խորհրդին պատրաստ լինելու հաստատումից հետո Ս. Մկրտությունը կարող է կատարվել հայկական որևէ եկեղեցում: Այլ խոսքով` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ոչ թե մերժել է նրանց, այլ ցույց է տվել այն ճանապարհը, որի արդյունքում կկատարվի Ս. Մկրտության խորհուրդը»,- ասել է Մայր Աթոռի ներկայացուցիչը։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ սա շատ բարդ է հարց է, քանի որ իսլամ դավանող շատ անձանց համար քրիստոնեություն ընդունելը միջոց է Եվրոպայում քաղաքական ապաստան ստանալու համար՝ կրոնական հալածանքների ենթարկվելու հիմքով.- «Թուրքիայում և հատկապես Իրանում կրոնափոխությունը լուրջ խնդիր է»,- նշում է նա։

«Սակայն սա միանշանակ չէ, քանի որ կան մարդիկ, որ իսկապես ուզում են քրիստոնեություն ընդունել։ Պատմականորեն հայերը Թուրքիայում գոյատևել են որպես միլլեթ, այսինքն կրոնական համայնք, որը համարժեք է ազգային փոքրամասնությանը և որոնց գործունեությունը հստակ կանոնակարգված է եղել, և բնականաբար Պոլսի պարտիարքարանը պարտավոր է այդ օրենքներին հետևել։  Հնարավոր է, չեմ բացառում, որ Պոլսի պատրիարքարանի և Էջմիածնի միջև, միգուցե նաև եվրոպական կառույցների միջև պայմանավորվածություն լինի, որ այդ հարցերում ավելի զգույշ, զգոն լինեն»,- ասում է Դանիելյանը։

«Բայց նույն հայկական եկեղեցին ինքը միլլեթական մտածողություն ունի»,- շարունակում է Դանիելյանը,- «դեպքեր են եղել, որ այս խնդիրը չի եղել, այսինքն դիմողը եղել է եվրոպացի, ամերիկացի, այս դեպքում ևս փաստաթղթեր են ուզել, որը իհարկե անհեթեթություն է և որևէ հիմնավորում, բացատրություն չունի։ Դա եկեղեցու մեջ ազգի և կրոնի նույնականացման մտածողության հետևանքներ են, այսինքն բացի օբյեկտիվ պատճառներից կա նաև եկեղեցու չռեֆորմացվածության խնդիրը, որը շատ հարցերում դեռևս միջնադարում է գտնվում»։

Օսմանյան Թուրքիայում դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով բռնի իսլամացած հայերի մասին շատ քիչ վիճակագրական տվյալներ կան։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը իր «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ» աշխատությունում նշում է, որ 1916-2004թթ. Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, մանրամասն ուսումնասիրությունն ի հայտ է բերել, որ նրանց մեծ մասը կամ ավելի կոնկրետ՝ 1340-ը, ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեությունը։

«Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վերոնշյալ 1340 հայերը ոչ թե կրոնափոխ են, այլ կրոնադարձ, քանի որ բնակչության գրանցամատյանների ուսումնասիրության ընթացքում (ընդ որում՝ նաև օսմանյան ժամանակաշրջանի) վեր է հանվել կրոնադարձների մինչև 3-րդ, 4-րդ սերնդի նախնիների էթնիկ և կրոնական պատկանելությունը։ Պարզվել է, որ հիշյալ մարդիկ ծագումով հայեր են, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքուստ ընդունել են իսլամ, որպեսզի ազատվեն աքսորից ու կոտորածից, իսկ իրականում շարունակել են գաղտնի պահել քրիստոնեական ավանդույթները, այլ խոսքով՝ ծպտյալ հայեր են»,- գրում է հեղինակը։

Թուրքիայի գիտական շրջանակներում կարծիք կա, որ վերջին տարիներին բազմաթիվ ծպտյալ հայերի բացահայտմանը «օգնեց» հայտնի թուրքահայ խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ով այս խնդիրը բազմիցս բարձրաձայնում էր մամուլի միջոցով և պնդում, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել այս մարդկանց, եթե նույնիսկ նրան շարունակեն մնալ մուսուլման, սակայն ընդունեն, որ հայեր են։ 2007 թվականին թուրք ազգայնականի կողմից սպանված Դինքը, ով ուսումնասիրել էր ծպտյալ հայերի խնդիրը, կարծում էր, որ նրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի։

Ավետիք Իշխանյանը համոզված է՝ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է ուղերձ հղեր իրենց հայ համարող բոլոր անձանց, որ նրանց դավանանքը բացարձակապես կարևոր չէ, իսկ նման ուղձերձ չհղելով ավելի է հայությունից և Հայաստանից հեռացնում այդ մարդկանց։

«Նրանց կարելի էր ասել՝ բացարձակապես կարևոր չէ, որ դուք իսլամացած եք, դուք ձեզ հայ եք համարում, բարով եք եկել Հայաստան, սա ձեր հայրենիքն է։ Տվյալ դեպքում այդ մարդիկ կարիք չէին ունենա մտածել մկրտվելու մասին, որովհետև դա կեղծ դոգմա է, որ ով առաքելական չէ կամ քրիստոնյա չէ, ուրեմն հայ չէ։ Փաստորեն դուրս է գալիս՝ իսլամացած հայերի մեջ գիտակցություն է մտել, որ հայ զգալու համար իրենք պետք է մկտրվեն, երկրորդն էլ՝ եթե իրենք առաքելական չեն, ապա հայությունը, նրանց պատկերացմամբ, իրենց մերժում է։ Նրանք չեն պատկերացնում, որ եկեղեցին է նրանց մերժում, ոչ թե հայությունը, բայց հայության կողմից էլ ուղերձ չկա, որ դուք մեր եղբայրներն եք։ Եթե այդպիսի ուղերձ լիներ և Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս, այդ հարցը լուծված կլիներ, եկեղեցին կիմանար, որ իրենով չի պայմանավորված հայ լինելը»։

Նաիրա Գեւորգյան

Լուսանկարը`Նազիկ Արմենակյանի

© Medialab.am