Վրեժխնդրություն ու հաշվեհարդար. Հայկ Կյուրեղյանի անհամաչափ դատավճիռն ու Հայաստանի խտրական արդարադատությունը

22-09-2015
500 դիտում
Վրեժխնդրություն ու հաշվեհարդար. Հայկ Կյուրեղյանի անհամաչափ դատավճիռն ու Հայաստանի խտրական արդարադատությունը

Հայաստանյան իրավապաշտպանները «վրեժխնդրություն», «հաշվեհարդար» բառերով են բնութագրում Հայկ Կյուրեղյանի դատավճիռը ու մատնանշում են ակնհայտ տարբերությունները այդ գործի և բարձրաստիճան պաշտոնյաներին, օլիգարխներին կամ նրանց ազգականներին առնչվող տարբեր քրեական գործերի ու  քրեական պատմությունների «ճակատագրի» միջև։

«Հայկ Կյուրեղյանի նկատմամբ չի կայացվել դատավճիռ, նրա նկատմամբ կայացվել է հաշվեհարդար։ Չի կարելի ասել, թե այդ փաստաթուղթը, որ ընթերցվել է դատարանում, դատավճիռ է, չի կարելի ասել, որ դա համապատասխանում է իրավաբանական նորմերին, օրենքներին։ Սովորական հաշվեհարդար է երիտասարդի նկատմամբ, ով համարձակվել է դուրս գալ ռեժիմի դեմ»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Մասնագիտությամբ ծրագրավորող Կյուրեղյանը, ով ոտքի չկանգնելու համար ողջ դատավարության ընթացքում հեռացվել էր նիստերի դահլիճից և անգամ չլսեց սեփական դատավճիռը, դատավոր Արամ Բեկթաշյանի կողմից այս երեքշաբթի մեղավոր ճանաչվեց խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

31-ամյա երիտասարդը անցած տարի հունիսին Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարության մեկնարկից առաջ բարձրացել էր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել։  Նա պատճառաբանել էր, որ այդ կերպ իր բողոքն է արտահայտում քաղաքական մոտիվներով ունեցող անարդար դատավարության դեմ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կյուրեղյանը այս գործով տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին էր պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը պատճառվել էին թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Եվ չնայած դրան՝ դատարանը նրան դատապարտեց 9 տարի ազատազրկման, իսկ դատախազը նույնիսկ 14 տարվա ազատազրկում էր պահանջել։

«Եթե ռեժիմը բոլոր քաղաքակիրթ ճանապարհները փակում է, թույլ չի տալիս քաղաքացուն քաղաքակիրթ ճանապարհներով պաշտպանել իր արժանապատվությունը, այս երկրում նորմալ ապրելու իրավունքը, քաղաքացուն մնում է մի ճանապարհ՝ ոչ քաղաքակիրթ, կտրուկ ձևերով լուծել իր հարցերը»,- պաշտպանական ճառի ժամանակ այսպես էր բացատրել իր արարքը երիտասարդը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ դատավորը կամայական մոտեցում է ցուցաբերել այս դատավճռով. սա թույլ է տալիս իրավապաշտպանին ենթադրելու, որ դատավորը «իշխանության խամաճիկն է և պատվեր է կատարում»։

«Սա շատ խիստ պատիժ է»,- ասում է Ալեքսանյանը,- «այս գործով արդար պատժաչափը կարող էր ընդամենը տուգանք լինել, նա ոչ մեկին չի վնասել, հակառակը՝ պետք է ընդգծենք, որ Հայկը ենթարկվել է դաժանագույն խոշտանգումների, այնպիսի խոշտանգումների, որ քրեակատարողական հիմնարկը արձանագրել էր, բայց քրեական գործը հարուցվեց ու կարճվեց։ Նա այս իշխանության կողմից ուղղակի խոշտանգվել է, ես դատավճիռն էլ եմ խոշտանգում համարում, դա հոգեբանական բռնություն է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ»։

Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ Հայկ Կյուրեղյանի արարքի համար արդար պատժաչափ կլիներ տուգանքի նշանակումը, Վարդան Հարությունյանն էլ կարծում է, որ դատարանը կարող էր բավարարվել նախազգուշացմամբ։ Ի դեպ, դատարանը բացի ազատազրկումից որոշել է որպես փոխհատուցում Հայկ Կյուրեղյանից բռնագանձել 284 հազար դրամ։

Երիտասարդի ընտանիքը հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, բայց ինչպես հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն է ասում՝ առաջին ատյանի վճռից տարբեր վճռի հույս չունեն, բողոքարկում են, որպեսզի «ցույց տան ՀՀ իրավական-դատական համակարգի ողջ սնանկությունը»։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ «պատժողական արդարադատություն» է համարում այս դատավճիռը, ինչը, նրա խոսքով, բնորոշ է միայն հետադիմական վարչակարգերին։ Իրավապաշտպանը բերում է Մեծ Բրիտանիայի օրինակը.- «Անգլիայում երբ ուսանողական բողոքի ցույցեր էին եղել և բողոքի մասնակիցները նյութական վնասներ էին հասցրել, դատարանը որոշեց, որ կարևորում է քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ որպես հասարակական առաջընթացի և զարգացման կարևորագույն ինստիտուտներից մեկը, և կոնկրետ արարքի գնահատման ժամանակ հաշվի է առնում դրա նպատակներն ու մոտիվացիաները։ Դատարանը գործողությունը չէր անջատել նպատակներից։ Այս առումով ՀՀ դատարանը ընդհանրապես չանդրադարձավ Հայկ Կյուրեղյանի նպատակներին՝ ի՞նչն էր դրդապատճառը։ Դա ուղղված չէր ոստիկաններին վնաս հասցնելու, որովհետև եթե վնաս հասցնելու միտում ուներ, ապա կարող էր հրազենային միջոց օգտագործել։ Դա բողոքի ակցիա էր»։

Այս չափազանց խիստ դատավճռի ֆոնին իրավապաշտպանները առանձնացնում են բոլոր այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնացել կամ շատ մեղմ գնահատականի են արժանացել, և որոնց հեղինակները բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ նրանց հետ առնչություն ունեցող անձինք։

«Ակնհայտ են հանցագործությունները և հանցագործները, ակնհայտ են մարդկանց անունները, դրանք քաղաքական էլիտիայի մեջ են, պառլամենտում են, մարզպետներ են, պաշտոնյաներ են, ես չեմ կարող թվարկել բոլոր կաշառակերներին, դա ծանր հանցագործություն է, բայց բոլորը դրսում են, նրանք շրջում են իրենց թանկ ավտոմեքենաներով, ու մենք դա տեսնում ենք»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Արթուր Սաքունցն էլ մատնանշում է ամենաթարմ օրինակը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիայի» սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքը, որն այդպես էլ քրեական ընթացք չստացավ, քանի որ Ավետիսյանը հրաժարվեց բողոք ներկայացնելուց։

«Նեմեց Ռուբոյի կողմից Արսեն Ավետիսյանի նկատմամբ հրապարակային բռնությունը և ծեծը տեղափոխվեց մասնավոր գանգատի շրջանակներ, և բողոքի բացակայության հիման վրա քրեական հետապնդումը դադարեցվեց այն պարագայում, երբ այդ ծեծի բռնության դեպքի վայրում մարդիկ նույնպես տուժող են հանդիսանում։ Հանրությունը այդ բռնությունից վախեցած թողել էր տարածքը, այսինքն նրանք էլ են տուժող, բայց այդ դեպքում դատախազությունը այլ վարքագիծ դրսևորեց, Նեմեց Ռուբոյի այդ հրապարակային բռնությունը չորակեց որպես խուլիգանություն ուղղված հանրությանը»,- շեշտում է Սաքունցը՝ հավելելով, որ Հայկ Կյուրեղյանի դեպքում հասարակությունն է նրա պաշտպանությամբ հանդես գալիս։

«Եվ այդ առումով արձանագրում ենք ակնհայտ խտրական վերաբերմունք մի դեպքում Հայկ Կյուրեղյանի նկատմամբ, երբ նրա գործունեությունը հասարակական պահանջի շրջանակներում էր, իսկ Նեմեց Ռուբոյի գործողությունը, որը հասարակության շահերին դեմ էր, գնահատականի չի արժանանում։ Այդ երկու կոնկրետ դեպքերի համեմատությունից տեսնում ենք, որ մեր արդարադատությունը ուղղված է իշխանության, վարչակազմի շահերը սպասարկելուն և ոչ թե արդարադատություն իրականացնելուն։ Իսկ մյուս դեպքում ակնհայտ է, որ ինքը հովանավորության տակ է վերցնում իշխանության շահերը ներկայացնող անձին՝ Նեմեց Ռուբոյին»,- ասում է Սաքունցը՝ որպես խտրական արդարադատության օրինակ բերելով նաև ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հրապարակային սպառնալիքները՝ պաշտպանության նախարարի ընտանիքի մասին վատ արտահայտվողներին գլխատելու և բռնաբարելու վերաբերյալ, ինչպես նաև Սյունիքի մարզպետի, նրա որդու, եղբայրների, եղբորորդիների անունների հետ կապվող բազմաթիվ աղմկահարույց քրեական պատմությունները։

Նաիրա Գեւորգյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

© Medialab.am