Սահմանային լարվածությունը ռուս-ադրբեջանական համագործակցության լույսի ներքո

25-09-2015
240 դիտում
Սահմանային լարվածությունը ռուս-ադրբեջանական համագործակցության լույսի ներքո

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների թիվն աննախադեպ աճ է ապրել: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին հակառակորդի կրակահերթի տակ էին հայտնվել Տավուշի մարզի մի շարք գյուղեր: Հաջորդ օրը գնդակոծված գյուղերի թիվն արդեն 20-ի էր հասել: Այնուհետև՝ սեպտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ «Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»: Հաշվի առնելով իրավիճակի վտանգավորության աստիճանը հարկ ենք համարում անդրադառնալ հայ-ադրբեջանական ռազմական ընդհարումների հաճախականացման խնդրին՝ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության լույսի ներքո:

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Իրազեկ քաղաքացիների միավորման» ստացած տվյալների՝ շփման գծում հրաձգության դեպքերի թիվը 2012 թվականին կազմել է 5,972 դեպք: 2013 թվականը, սակայն, սկիզբ է դրել սահմանային ընդհարումների աննախադեպ աճի գործընթացին: Մասնավորապես 2013 թ. արձանագրվել է հրադադարի խախտման 12,986 դեպք՝ այսինքն նախորդ տարվա համեմատ առնվազն երկու անգամ ավելի շատ: 2014 և 2015 թվականների տվյալներն էլ ավելի մտահոգիչ են: Ըստ ՀՀ ՊՆ տվյալների՝ 2014 թվականին արձանագրվել է 37,535 հրաձգության դեպք: Այլ կերպ ասած՝ 2014-ին հակառակորդի կողմից հայկական սահմանի ուղղությամբ արձակված կրակոցների թիվը աճել է մոտ 3 անգամ: Իսկ 2015 թվականի առաջին 7 ամիսներին արդեն իսկ արձակվել է 32,424 դեպք: Հաշվի առնելով այն, որ 2015 թվականի ավարտին դեռ 4 ամիս կա, իսկ ընդհարումները սահմանագծին վերջին շաբաթների ընթացքում գրեթե անընդմեջ են տեղի ունենում ՝ կարելի է եզրակացնել, որ 2015 թվականին արձակված կրակոցների թիվն այս տարի կգերազանցի 2014-ի ցուցանիշը ևս: Փաստորեն, անցած 3 տարիների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական ընդհարումների թիվն աճել է առնվազն 5 անգամ: Հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառ հանդիսացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նման կտրուկ վատթարացման համար:

Հաշվի առնելով 2013 թվականի որոշիչ դերը իրավիճակի բարդացման համար՝ հարկ ենք համարում անդրադառնալ այդ թվականին տեղի ունեցած մի կարևոր իրադարձության, այն է՝ 2013-ի օգոստոսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: Բաքվում կայացած այս հանդիպման ընթացքում էր, որ կողմերը եկան համաձայնության իրենց ռազմական համագործակցության հետագա ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, կողմերը եկան համաձայնության առ այն, որ Ադրբեջանը հաջորդ երեք տարիների ընթացքում պետք է Ռուսաստանից ձեռք բերի մոտ 4 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն: Ուշագրավ է, որ 2010-2014 թվականներին Ադրբեջանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում ըստ գնած զենքերի քանակի: Ընդ որում՝ ըստ  Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի՝ վերջին 5 տարում Ադրբեջանի գնած զենքերի 85 տոկոսը ՌԴ-ն է մատակարարում, իսկ Հայաստանը այդ ընթացքում Ադրբեջանից 25 անգամ ավելի քիչ է զենք ձեռք բերել: Այլ կերպ ասած՝ 2013 թվականն ու Պուտին-Ալիև հանդիպումը հայ-ադրբեջանական հակամարտության բալանսի խախտման սկզբնակետն է: Ադրբեջանական կողմի զինատեսակների քանակական ու որակական աճի և սահմանագծին բախումների նմանօրինակ դինամիկան վերջին երեք տարիներին պայմանավորված է նախ և առաջ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական շահերով և Կրեմլի կողմից Բաքվի հանդեպ թողտվության քաղաքականության որդեգրմամբ:

Այս մասին է վկայում նախ և առաջ 2014 թվականի ամռանը հայ-ադրբեջանական սահմանին բախումների կտրուկ աճը և դրան հաջորդած Ալիև-Սարգսյան-Պուտին հանդիպումը: Այդ հանդիպումը, որից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը հանելուկային կերպով թուլացավ՝ իհարկե կարճաժամկետ կտրվածքով, նպատակ ուներ Ուկրաինայում խռովությունների և ռազմական գործողությունների սկզբից մի քանի ամիս անց Կրեմլի կողմից արևմուտքին ցուցադրելու Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության մասշտաբները: Մյուս կողմից՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները և վերջին երկու տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերությունների շոշափելի սերտացումը՝ միանշանակ կարելի է պնդել, որ Ռուսաստանը փորձում է Բաքվին ներգրավել իր ազդեցության ոլորտ, իսկ Ադրբեջանը, հաշվի առնելով արևմուտքի հետ ունեցած խնդիրնեը, «չի դիմադրում»:

Հ.Գ. Հարկ է նկատել, որ Մոսկվայի և Բաքվի մտերմացման գործընթացն այնքան է ամրապնդվել, որ որոշ քաղաքագետներ սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի մասին հնչեցնում էին տեսակետներ առ այն, որ այցը նպատակ ունի քննարկել Հայաստանի կողմից Ադրբեջանին տարածքների հանձնման հնարավորությունները: Սակայն, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ զեկուցել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության մասին, ինչով փորձեց ակնարկել, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ունի դաշնակցային պարտականություններ, որոնք, մեղմ ասած, խախտվում են:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»