Ադրբեջանում մտահոգված են երկու քաղբանտարկյալների կացությամբ

05-11-2015
388 դիտում
Ադրբեջանում մտահոգված են երկու քաղբանտարկյալների կացությամբ

Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել կալանավայրում:

Փաստաբան Ջավադ Ջավադովը նշում է, որ կալանավայր կատարած իր այցի ժամանակ, քաղբանտարկյալը տեղեկացրել է նրան իր վրա կատարված հարձակման մասին:  

Մամեդովը պատմել է, որ հոկտեմբերի 16-ին իրենից պահանջել են ներկայանալ կալանավայրի ծառայողական շինություն, որտեղ երեք հոգի, այդ թվում`բանտապետը, նրան ծեծի են ենթարկել: 

«Նրա պարանոցին կապտուկներ կային: Իլգար Մամեդովի խոսքով՝ հարձակվողները հիմնականում բռունցքով ու ոտքերով հարվածել են իր գլխին: Նրա գլուխը արյունազեղումներով է պատված եւ դեռ ցավում է», - հայտարարել է փաստաբանը՝ հավելելով, որ մինչ այդ ստիպված էր եղել բողոք ներկայացնել արդարադատության նախարարություն, երբ նախորդ ամիս իր պաշտպանյալին արգելել էին հեռախոսազանգեր կատարել:   

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի երկու ներկայացուցիչներին հաջողվել է գաղտնի տեսակցություն ունենալ Մամեդովի հետ:

Տեսակցությունից հետո, նրանցից մեկը՝ Սահիբ Մամեդովը հայտարարել էր. «Ես  զեկույց եմ պատրաստել արդարադատության նախարարին ներկայացնելու համար: Մնացածի մասին փաստաբանը (Ջավադովը) արդեն խոսել է»:

Ընդդիմադիր «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը եւ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել էին 2013-ի փետրվարին: Երկուսին էլ Իսմայիլի քաղաքում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «ոստիկանության աշխատակիցների դեմ բռնություն գործադրելու» մեղադրանք էր առաջադրվել: Նույն մեղադրանքներով էլ քաղաքական գործիչները հետագայում դատապարտվել էին: Նրանց ձերբակալությունը կապված էր Իսմայիլի քաղաքում 2013 թվականի հունվարին տեղի ունեցած ավտովթարի հետ, որից հետո սկսված ծեծկռտուքը վերաճել էր զանգվածային անկարգությունների՝ ուղեկցվելով ավտոմեքենաներից մեկի վարորդին պատկանող հյուրանոցի շենքի վրա կատարված հարձակմամբ: Զայրացած ամբոխն այնուհետեւ շրջափակել էր տեղական իշխանությունների ղեկավարի որդու տունը:     

Մամեդովն ու Յագուբլուն, ի թիվս լրագրողների եւ այլոց, ժամանել էին քաղաք՝ պարզելու թե ինչ էր կատարվել, սակայն նրանց մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար, որոնք սկսվել եւ ավարտվել էին մինչեւ նրանց`քաղաք հասնելը: 2014-ի մարտին Մամեդովը դատապարտվեց յոթ, իսկ Յագուբլուն`հինգ տարվա ազատազրկման: 

Անցյալ տարվա մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որի համաձայն` Մամեդովի դեմ կայացված վճիռը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Երբ ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի կառավարության ներկայացրած բողոքարկման հայցը, Եվրոպայի խորհուրդը պահանջեց անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալին:

«REAL» շարժման անդամներից Նաթիգ Ջաֆարլին պնդում է, որ կալանավայրում Մամեդովի վրա մշտապես ճնշում են գործադրում:

«Հիմնական նպատակն է` ստիպել նրան համաներում խնդրել: Սա է պատճառը, որ նրան հանգիստ չեն թողել, անընդհատ սպառնացել են ու պահել մենախցում: Վերջին երկու ամսվա ընթացքում նրան երեք անգամ խոշտանգել են: Այս ամբողջի իմաստը Մամեդովի կամքի ուժը կոտրելն է», - համոզված է նա:

Երիտասարդ ակտիվիստ Զաուր Քուրբանլին, ով մի քանի ամիս անազատության մեջ է անցկացրել անցյալ տարի, հաստատում է, որ ֆիզիկական բռնությունը սովորական երեւույթ է Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում:

«Առաջին իսկ օրը, երբ հայտնվեցի Քուրդեխանի նախնական կալանքի վայրում, տեսա, թե ինչպես էին «Ո՛չ բռնությանը» կարգախոսով պաստառի ֆոնին մի բանտարկյալի ծեծում », - հիշում է Քուրբանլին:

Մեկ այլ խղճի բանտարկյալի` Սիրաջ Քերիմլիի հարազատները պնդում են, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, երբ կույր աղիքի բորբոքման ժամանակ կալանավայրի աշխատակիցները ժամանակին բուժօգնություն չէին տրամադրել նրան:

Սիրաջ Քերիմլին եւ նրա եղբայր Ֆարաջը, երկուսն էլ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներ լինելով, ձերբակալվել էին 2014 թվականի հուլիսին`թմրանյութերի պահման հետ կապված մեղադրանքներով, իսկ այս տարվա մարտին դատապարտվել էին համապատասխանաբար 6 եւ 6,5 տարվա ազատազրկման:   

«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Էլման Ֆաթթահը քաղբանտարկյալների հետ վատ վարմունքի մեջ դիտավորություն է տեսնում:

«Սիրաջը ժամանակին բուժզննում չի անցել եւ օգնություն չի ստացել հիմնականում այն պատճառով, որ քաղբանտարկյալ է: Սիրաջի կյանքը վտանգի է ենթարկվել կալանավայրի ղեկավարության ապօրինի գործողությունների հետեւանքով»,- ասում է Ֆաթթահը:

Աֆղան Մուխթարլի 

Աֆղան Մուխթարլին արտերկրում բնակվող լրագրող է`ծնունդով Ադրբեջանից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից։ (iwpr.net