Հանուն հոր, որդու եւ սուրբ հոգու. Ինչու է կառավարությունը զինված ուժերում ծառայող հոգեւորականներին պետբյուջեից աշխատավարձեր հատկացնում

27-11-2015
2042 դիտում
Հանուն հոր, որդու եւ սուրբ հոգու. Ինչու է կառավարությունը զինված ուժերում ծառայող հոգեւորականներին պետբյուջեից աշխատավարձեր հատկացնում

Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգևորականներին աշխատավարձ հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը ապացուցում է, որ Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանում դառնում է պետական կրոն:

«Մեդիալաբին» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը, ով կարծում է, որ այս փուլում կառավարությունը նման որոշում կայացրեց, որովհետև բազմաթիվ օրենքներում աննկատ փոփոխություններ են կատարվել:

«Նաև սահմանադրության մեջ է կատարվում այդ փոփոխությունը, գնում են նրան, որ Հայ Առաքելական եկեղեցին դառնում է պետական եկեղեցի, ֆինանսավորվելու է պետության կողմից, Հայաստանն արդեն աշխարհիկ երկիր չէ: Այդ գործընթացը գնում է, տարբեր կետերում ամրապնդվում է, տարբեր օրենքներում աննկատ փոփոխություն են կատարում»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգևորականներն այսուհետ աշխատավարձ կստանան: Ամեն ամիս հոգեւոր սպասավորներին գումար հատակցնելու որոշումը կառավարությունն ընդունել էր հոկտեմբերի 15-ի նիստում:

Ըստ այդ որոշման՝ ամեն ամիս հոգևորականները կստանան 125-300 հազար դրամ գումար, որը կառավարության կողմից ձևակերպվել է որպես կենսապահովման ամսական ծախս:

Մասնավորապես, զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդն ամսական կստանա 300 հազար, հոգևոր ծառայության փոխառաջնորդը՝ 225 հազար, զորամիավորման հոգևոր ծառայության առաջնորդը՝ 200-225 հազար, առաջին կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 165-200 հազար, երկրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 150-175 հազար և երրորդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ 125-150 հազար դրամ:

ՀՀ զինված ուժերում ներկայումս ծառայություն է իրականացնում 51 հոգևորական, նրանք ծառայության ընթացքում զենք չեն կրում: Այնինչ, ծառայության ընթացքում զենք կրելուց հրաժարված Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող 444 երիտասարդ է նախորդ տարիներին հետապնդվել ու ազատազրկման դատապարտվել Հայաստանում:

Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հոգևոր ծառայողները բանակում «դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագանցություններ, կատարում են եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ»:

Ըստ հաղորդագրության, հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և առավել մոտենում մայր եկեղեցու վարդապետությանը:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը բանակում հոգևորականների ծառայությունը կարևորում է, քանի որ, նրա խոսքով, հայն ու քրիստոնեությունն անբաժանելի են:

«Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ հայը պետք է առաջնորդի իր կյանքը քրիստոնեական ապրելակերպով: Մեր քրիստոնեական վարդապետությունը չպետք է հեռու լինի զինվորից, սպայից, ենթասպայից, առավել ևս, որ նրանք մեծ գործի մեջ են: Մեր եկեղեցին միշտ ոչ միայն կանգնած է եղել պետության ու բանակաշինության կողքին, նաև ի սկզբանե կանգնած է եղել զինվորի կողքին ու իր օրհնությունը բերել է»,- «Մեդիալաբին»  ասում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա հավելում է, որ դժվարին պահերին հոգևորականը պարտավոր է լինել դիրքերում ու օրհնել զինվորին, քրիստոնեական վարդապետություն տալ, ծանոթացնել Քրիստոսի ուսումունքին՝ դրանով իսկ ապահովելով նրա հոգևոր կյանքը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը հարցադրում է անում՝ ի՞նչ կարիք կա, որպեսզի հոգևորականները ծառայեն բանակում: Նրա խոսքով՝ եթե հոգևորականն աղոթքներով է պաշտպանելու զինվորին, ի՞նչն է խանգարում նրան պարբերաբար այցելել զինվորական ստորաբաժանումներ և հոգևոր ծառայություն մատուցել, բարձրացնել զինվորների մարտական ոգին, աղոթել խաղաղության համար:

«Չեմ կարծում, որ Երևանից նրանց ձայնը Աստծուն տեղ չի հասնելու, բայց խրամատից հասնելու է: Ի՞նչ են անում նրանք բանակում, ամեն օր առավոտ, կեսօրին և երեկոյան զինվորը պետք է աղոթի՞: Դա անհասկանալի է»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

 Նա կարծում է, որ հոգևորականներին գումար հատկացնելու կարիք չկար այն ֆոնին, երբ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ու սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններ կառուցելու հրատապ խնդիրներ կան այսօր:

«Սա անհասկանալի քայլ եմ համարում, անհասկանալի լուծում, երբ այս աշխատանքների իրականացումն ուղղակի հրամայական է այսօր»,-  ասում է Սաֆարյանը:

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի ցածր լինելու հարցը վերջին տարիներին անընդհատ քննարկվել է, պայմանագրային զինծառայողները, ըստ կոչումների, 120-300 հազար դրամ աշխատավարձ են ստանում այսօր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախորդ տարի հայտարարել էր, որ սերժանտ պայմանագրային զինծառայողները հանրապետության տարբեր հատվածներում առաջին գծում ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ: Ըստ փորձագետների, հայրենիքի սահմանների անվտանգության համար կանգնած զինծառայողների համար վարձատրությունը համարժեք չէ:

Այս ֆոնին որքանո՞վ է նպատակահարմար բյուջեից գումար հատկացել հոգևորականներին, ինչո՞ւ այդ ծախսն իր վրա չի վերցնում Հայ Առաքելական եկեղեցին:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասում է, որ իր խնդրանքով է կառավարությունը որոշել գումար հատկացնել բանակում ծառայող հոգևորականներին, քանի որ հոգևոր սպասավորները ծառայության ընթացքում նույն դժվարություններն են կրում, ինչ դիրքերում կռվող զինվորը:

«Թող բարի լինեն քննադատողները հետաքրքրվել ու տեսնել, թե ինչ պայմաններում է ապրում իմ հոգևորականը»,- ասում է նա՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրներում բանակում ծառայող հոգևորականները վճարվում են պետության կողմից:

Նա նշում է, որ բանակում ծառայող հոգևորականների թիվն այնքան մեծ չէ, որ այդ հատկացումը բյուջեի վրա ծանր նստի:

«Նորից եմ կրկնում, իմ սարկավագն ապրում է այն պայմաններում, որով պայմանագրային կամ ոչ պայմանագրային սպան է ապրում: Ես որևէ տարբերություն չեմ դնում: Կա մեկ տարբերություն՝ իմ հոգևորականը զենք չի վերցնում, որովհետև մեզ արգելված է զենք վերցնել, բայց բոլոր պայմանները կատարում է»,- ասում է նա:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ հոգևոր հաստատություններում սովորողները, որպես կանոն, ազատվում են զինվորական ծառայությունից և հարցադրում անում ՝ եթե այդքան բուռն ծառայելու ցանկություն կա նրանց մոտ, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ նրանք այդ ծառայությունը չեն իրականացնում ուսումն ավարտելուց հետո, ինչպես դա անում են այլ բուհերն ավարտած երիտասարդները:

«Իսկ եթե դա վճարովի է, այդ դեպքում առաջ են գալիս այլ խնդիրներ՝ արդյո՞ք այդպիսի աշխատավարձ, այսպիսի բյուջեի պայմաններում կարելի է տալ հոգևորականներին: Օրինակ, պայմանագրային զինծառայողներին, որոնք որպես կանոն ամենաբարդ հենակետերում են պաշտպանություն իրականացնում՝ բացարձակապես ապահովագրված չլինելով դժբախտ պատահարից ու մահվան սպառնալիքից, ավելի քիչ են վճարվում»,- ասում է նա:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հարցադրում է անում, թե Գևորգյան ճեմարունում սովորողներից քանի՞սն են զինվորական ծառայությունից ազատվել, արդյո՞ք հոգևորականների ծառայությունը համարվում է ծառայություն, թե ոչ:

«Ես գիտեմ, որ Հայաստանում ծառայության մի քանի տեսակ կա՝ մեկը զինվորական ժամկետային ծառայությունն է, մյուս տեսակը՝ այլընտրանքային զինվորական ծառայություն, երրորդը՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն: Այդ հոգևորականների ծառայությունն իմ կարծիքով՝ այս կատեգորիաներից որևէ մեկի մեջ չի մտնում, իրենք արտոնյալ վիճակում են»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ պետության կողմից բանակում ծառայող հոգևորականներին աշխատավարձ վճարելու հարցը վիճահարույց է, քանի որ Հայաստանում պայմանագրային զինծառայողները բավարար աշխատավարձ չեն ստանում:

Պաշտպանության նախարարությունը ճիշտ կանի, եթե նրանց աշխատավարձերը բարձրացնի, քանի որ նրանք ծանր աշխատանք են կատարում: Իսկ հոգևորականներին, նրա խոսքով, պետք է գումար վճարի Հայ Առաքելական եկեղեցին:

«Առաքելական եկեղեցին հսկայական գումարներ է վաստակում: Եթե նրան արտոնություն է տրվել բանակում հոգևորականի ներկայություն ապահովել, ապա այդ աշխատավարձը պետք է վճարի հենց եկեղեցին, որն առանց հարկերի ու մաքսերի հսկայական գումարներ է աշխատում»,- ասում է նա:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ կառավարությունն այս փուլում նման որոշում ընդունեց, քանի որ կարծրատիպային մտածողությունը իշխում է, դա այն է, թե Առաքելական եկեղեցին, ըստ իրենց, ինչ բացառիկ դեր է ունեցել մեր պատմության մեջ: Դա կարծրատիպ է նաև պաշտոնյաների մոտ, առանց խորանալու ու պատմությանը քննադատաբար մոտենալու այդպես են մտածում: Մյուս կողմից, նրա խոսքով, գուցե ավելի խորը պատճառ կա, դա այն է, որ Հայաստանի ընդհանուր մթնոլորտում իշխանություններն ուզում են հնազանդ պահել ժողովրդին:

«Ինձ թվում է՝ երկու կողմին ձեռնտու փոխադարձ համաձայնություն կա այստեղ: Մի կողմը մենաշնորհ ունի ու անվերահսկելի ֆինանսներ է կարողանում աշխատել, իսկ մյուս կողմն օգտվում է Հայ Առաքելական եկեղեցու դարերով քարոզած հնազանդությունից: Նրանք դպրոցում ու բանակում քարոզում են հնազադ լինել, դա շատ ձեռնտու է իշխանություններին՝ հնազանդ հասարակություն ունենալու տեսանկյունից»,- ասաց նա:
Բանակում Հայ Առաքելական եկեղեցու քահանաների ծառայությունը խնդիրներ է հարուցում կրոնական այլ կազմակերպությունների հետևորդների  եւ աթեիստների համար, ինչի «Մեդիալաբը» ժամանակին անդրադարձել է:

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորները բանակում հավատաքննություն են իրականացնում եւ ստիպում աղոթքներ կարդալ զինծառայողներին` անկախ նրանց կրոնական հավատամքից:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ բանակում զինվորական ծառայություն անցնողներից ոչ բոլորն են հավատացյալ, հնարավոր է նրանց թվում աթեիստներ լինեն:

«Հիմա մենք հոգևորականներին տանում ենք բանակ, որ ի՞նչ անենք, որ բոլորին պարտադրեն աղոթե՞լ, թե որպեսզի ծառայություն մատուցեն իրենց համար հավատավոր հատվածի համար: Այստեղ խտրականության խնդիր կա այն առումով, որ դա վատ նախադեպ կարող է դառնալ»,-նշում է նա:

Սաֆարյանն ասում է, որ եթե  Հայ առաքելական եկեղեցու հովվին թողնում են մտնել բանակ ծառայության, այդ դեպքում պետք է բոլոր կրոնական կազմակերպությունների քարոզիչներին թողնեն:

«Ստացվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես մտել է բանակ: Անհասկանալի ու անթույլատրելի վիճակ է, որովհետև այդ դեպքում շատ դժվար է լինելու հիմնավորել, թե ինչո՞ւ նույն Ավենտարանչական եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին չեն թողնում գնալ ծառայության նույն զինված ուժերում»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հոգևոր ծառայությունը պետք է բանակից հետու պահել.

«Եթե պետք է գնան ու բանակի ղեկավարությանը գործ տան, թե ով ինչ դավանանք ունի, կներեք դա բանակի քայքայման ցեց է»:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, սակայն պնդում է, որ հոգևորականները բանակում բոլորին չեն ստիպում աղոթել:

«Ես երբևիցե չեմ լսել ու չեմ տեսել , որ որևէ զինվորի ստիպեն: Ես որևէ արարողություն կատարելուց սռաջ դիմում եմ բոլոր զինվորներին, որ ովքեր ուզում են մասնակցել, թող մնան, ովքեր չեն ուզում, թող գնա: Նրանց մեջ կարող են լինել այլ դավանանքի, այլ կրոնի հետևորդներ, կլինեն մալականներ, եզդիներ կամ այլ անձինք: Քավ լիցի, մենք երբեք չենք ստիպել, մենք այն մակարդակի վրա չենք կամ այն հասկացողությունը կրողը չենք, որ ինչ-որ մեկին ստիպենք»,- ասում է նա:

Իրավապատպան Ավետիք Իշխանյանը նկատում է, որ Հայ առաքելական եկեղեցին  պետականորեն մտել է բանակ: Նրա խոսքով՝ մի կողմից եկեղեցին դպրոցների հետ է  սերտաճել, մյուս կողմից՝ բանակի: Այնինչ, պետությունը ուժեղ է լինում, երբ լինում է աշխարհիկ:

«Երբ ժամանակակից պետությունը կղերական եկեղեցու հետ սերտաճում է, այդպիսի պետությունը թույլ է լինում, որովհետև եկեղեցին մտածում է միայն իր իշխանության մասին և պետական իշխանությունն իր համար այդքան կարևոր չէ: Եվ սա թուլացնում է պետության հիքմերը, մյուս կողմից անհանդուրժողականություն է ստեղծում երկրում՝ պառակտելով ազգը»,- նշում է Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am