ԿԳՆ-ն վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի. Օմբուդսմեն

01-12-2015
369 դիտում
ԿԳՆ-ն վտանգավոր պայմաններում է պահում 209 երեխայի. Օմբուդսմեն

Օմբուդսմենը կրկին ահազանգում է, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին, սակայն ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ:

Դպրոցի տանիքը վթարված է, առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից, քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում, եւ նման պարագայում խնդրահարույց է, որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով:

Ի դեպ, այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է Օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը`ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն Օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով եւ չափազանց վատ կառավարվող  այս հատուկ դպրոցը:

Հայտնենք նաեւ, որ դեռեւս 2014 թվականին Կրթության եւ գիտության նախարարն Օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեիպահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքի հիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով: Սակայն կարող ենք միանշանակ փաստել, որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ եւ չլուծված մնալ: Միակառաջընթացը, որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում այն է,  որ այս տարի  չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք, ինչպես նաեւմասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները:

Օմբուդսմենի աշխատակազմ