«Ասեց՝ ուզում եմ իմ մոտ ջահել աղջկեք աշխատեն». Աշխատանք փնտրող, տարիքային խտրականության ենթարկվող անձինք օրենքով պաշտպանված չեն

01-12-2015
851 դիտում
«Ասեց՝ ուզում եմ իմ մոտ ջահել աղջկեք աշխատեն». Աշխատանք փնտրող, տարիքային խտրականության ենթարկվող անձինք օրենքով պաշտպանված չեն

Ռուզաննան աշխատանք չի կարողանում գտնել տարիքի պատճառով. Նա, ըստ որոշ գործատուների, շատ «ծեր է» խանութներում, գրասենյակներում աշխատելու համար,  նույնիսկ հեռախոսավարուհու աշխատանքի համար տարիքը չի համապատասխանում: Ռուզաննան 38 տարեկան է:

«Մեդիալաբին» պատմում է՝ որտեղ ասես, որ չի դիմել, գործատուներին շատ չեն հետաքրքրում նրա մասնագիտական կարողությունները, կիրթ լինելն ու մարդկանց հետ շփվելու ունակությունները, բոլորը նախընտրում են երիտասարդ աղջիկներին:

Այսօր աշխատանքի մասին գրեթե բոլոր հայտարարությունները տարիքային սահմանափակումով են, ամենուրեք կարելի է հանդիպել՝ պահանջվում են  20-35 տարեկան բարետես աղջիկներ եւ կանայք:

«Եթե 35-ից բարձր է տարիքդ, ուրեմն՝ վերջ, կյանքդ վերաջացել է, քո սրտով աշխատանք գտնելու հույս չունենաս»,-ասում է Ռուզաննան: 

Նրա պատմելով՝ հայտարարություններում անգամ եթե տարիք չի էլ նշվում, երբ հերթը հասնում է հարցազրույցին, գործատուն առաջին հերթին տարիք է հարցնում:

«Երեւանում երեւի թե խանութ չեմ թողել, բոլոր հայտարարություններով զանգել եմ, գնացել եմ: Փոխանակ հարցնեն՝ ի՞նչ կրթություն ունես, նախկինում որտե՞ղ ես աշխատել, հարցնում են՝ քանի՞ տարեկան ես, ամուսնացա՞ծ ես: Հենց իմանում են 38 տարեկան եմ, շատ քաղաքավարի մերժում են, չեն շեշտում, թե՝ տիկին, դուք ծեր եք մեր խանութի համար, ասում էին՝ կզանգենք ու, բնականաբար, չեն զանգում: Հետո ես էի զանգում, ու իմանում էի, որ ուրիշի են աշխատանքի ընդունել, երիտասարդ աղջկա, խանութներում նույնիսկ 35-ը շատ է, մաքսիմում՝ 30 տարեկան»:

Ռուզաննայի պատելով՝ ծնողներն էլ չեն աշխատում, ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ծնողների թոշակներն են, գումարած՝ հոր հաշմանդամության թոշակը, ինչը չի բավականացնում անգամ ծնողներին կարիքները հոգալու համար:

«Մինուճար երեխա եմ, ուզում եմ ծնողներիս լավ պահեմ, լավ տեղեր տանեմ, չեմ կարողանում: Ամոթ էլ է, մեծ մարդ եմ ու չեմ կարողանում մորս, հորս արժանապատիվ խնամքն ապահովել»,-«Մեդիալաբին» նեղսրտած պատմում է նա:

Աշխատանքի երկար փնտրտուքի ժամանակ Ռուզաննային որոշ սրճարաններ մատուցողի աշխատանքի համար էլ են մերժել՝ նորից տարիքի պատճառով.

«Մի հայտարարությունով զանգեցի, պարզվեց մոթելում է պետք մատուցող, ես չէի կարող նման տեղ աշխատել, ժամերն էլ համապատասխան չէին»,-ասում է նա:

Հեռախոսովարուհու աշխատանքի համար էլ Ռուզաննային մերժել են.

«Հարցրեցի՝ հեռախոսով ո՞նց են իմանալու տարիքս, հո աչքերիս կողքի կնճիռները չե՞ն տեսնելու, որ դրանց պատճառով հաճախորդ կորցնեք: Ընդամենը պիտի հաճախորդին լսեի, ու միացնեի արտասահման իրենց թելադրած համարին: Ասեցի` գոնե փորձաշրջան տվեք, եթե վատ աշխատեմ, մի ընդունեք: Չէ, չհամաձայնվեց այդ տղան, ասեց՝ ես ուզում եմ իմ մոտ ջահել աղջկեք աշխատեն»,-պատմում է Ռուզաննան:

Աշխատանքի իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ աշխատանքային օրենսգիրքը հստակ արգելող նորմ չունի, ըստ որի գործատուներն իրավունք չունենան սեռատարիքային կամ բարետես արտաքինի  պահանջներ ներկայացնել աշխատանքի համար դիմողներին: Մասնագետն ասում է՝ միակ նորմը, որին հնարավոր է հղում անել՝ ներկայիս Սահամանադրությունն է, ըստ որի բոլորը հավասարն են օրենքի առաջ եւ խտրականությունն արգելվում է:

«Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն, ինչը նշանակում է, որ գործատուի կողմից նման պահանջ սահմանելը անձի աշախատանքի ազատ ընտրությանը խոչընդոտում է, որովհետեւ դնում է որոշակի շեմեր, որով էլ սահմանում է խտրական մոտեցում մյուս պոտենցյալ աշխատողների ու տվյալ անձի միջեւ»,-ասում է Տիգրանյանը:

Տարիքի պատճառով պարբերաբար խտրականության հանդիպող Ռուզաննան ասում է, լավ կլինի մի օրենք լինի, որն արգելի տարիքային սահմանափակումը:

Տարիներ  առաջ առաջարկ եղավ աշխատանքային օրնսգրքում փոփոխություն կատարել, ըստ որի գործատուներն իրավունք չէին ունենա բացի մասնագիտական ունակություններից, գիտելքիներից, այլ բնույթի պահանջներ ներկայացել անձանց: Մասնագետն ասում է, այդ առաջարկն այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ գործատուները պատճառաբանում էին, որ իրենց ծառայությունները, սպասարկումները մեծապես աշխուժանում են, եթե իրենց աշխատողը երիտասարդ, բարետես աղջիկ է.

«Նրանք հիմնավոորում էին, որ դա իրենց բիզնես շահերից է բխում: Մյուս կողմից գործատուներին նպաստում է այն, որ արգելող նորմ չկա աշխատանքային օրենսդրությունում»,-նշում է Տիգրանյանը:

41-ամյա Հասմիկը բախվել է նույն խնդրին, ինչ Ռուզաննան. տարիքի պատճառով երկար ժամանակ չի կարողանում աշխատանք գտնել: Հասմիկը բուժքրոջ մասնագիտություն ունի, մի քանի տարի բուժքույր է աշխատել, հետո մեկնել է Ռուսաստան, վերադառնալուց հետո մասնագիտությամբ չի կարողանում աշխատանք գտնել:

«Էնքան դուռ եմ ծեծել, բոլորը փակ են իմ տարիքի կանանց համար, չէ, բոլորը՝ չէ, հավաքարարի տեղ շատ կա, բայց աշխատավարձը շատ ցածր է: Ես 2 երեխա ունեմ, չեմ կարող մինիմալ աշխատավարձով երեխաներիս պահեմ: Քաղաքում այսքան խանութներ կան, բայց ոչ մեկը 30-ից բարձր տարիք ունեցողներին չեն ընդունում: Մի անգամ բախտս բերեց, մի հատ մթերային խանութում աշխատող էր պետք՝ վերցրեցին, բայց երկար չտեւեց, 15 օրը մեկ էի աշխատում, հերթական հանգստյան օրերից մեկի ժամանակ զանգեցին, ասեցին՝ էլ չգաս գործի: Իմ տեղն ուրիշին էին ընդունել, ջահել աղջկա»:

Հասմիկն ասում է, իր տարիքի կանանց համար աշխատանք կա, բայց դրանք ամուսնու սրտով չեն, ծայրամասային ռեստորաններում մատուցողի աշխատանք է, երեկոյան մինչ կեսգիշեր պիտի աշխատի:

Աշխատանք փնտրող, բայց տարիքային խտրականության ենթարկվող անձինք, ըստ էության, օրենքով պաշտպանված չեն, եթե որեւէ մեկը փորձի պաշտպանել իր իրավունքները, ապա, ինչպես Հերիքնազ Տիգրանյանն է ասում՝ դժվար թե հաջողության հասնի.

«Նման խտրականության հանդիպած անձինք եթե փորձեն պայքարել հղում անելով Սահմանադրությանը, նշեն, որ գործատուն անհարկի մերժել է իրենց՝ տարիքի կամ սեռի պատճառով, ապա ո՞ւր դիմի, համապատասխան տեսչությունը նման գործառույթներ չունի: Միակ մարմինը դատարանն է, որտեղ եւս դժվար կլինի: Կկարողանա՞ անձը նախադեպ ստեղծել՝ գործը մինչեւ Սահմանադրական դատարան տանել, կասկածում եմ, որ հաջողություն կունենա»: Մասնագետը նկատում է, որ աշխատանքային օրենսգիրքը 2005-ից գործում է, եւ մինչ օրս որեւէ նախադեպ չկա, որ անձը բողոքարկել է խտրականության հիմքով.

«Դեպքեր չե՞ն եղել, թե բազմաթիվ են, բայց իրատեսական չեն համարել նման գործերով գնալ դատարան: Ստացվում է՝ քաղաքացին մնում է գործատուի կամայականության հույսին»,-նշում է նա:

«Խտրականության դեմ» օրենքի նախագիծը, որը եւս կյանքի չի կոչվում, կարող էր գործատուների համար արգելապատնեշ լիներ անձանց տարիքի, սեռի կամ տեսքի պատճառով աշխատանքի չընդունելու, եւ գուցե բավականին հեշտացներ աշխատանք փնտրելը:

Տիգրանյանն ասում է, որ այս օրենքի առկայության դեպքում նման պահանջներ դնելու իրավունք չէին ունենա գործատուները, եւ առաջնայինը կլիներ անձի մասնագիտական որակները.

«Եթե Սահմանադրության ցանկացած տեսակի խտրականությունն արգելող նորմը չի պահպանվում, ապա օրենքի առկայության դեպքում իրավական հիմք կլինի պայքարելու խախտված իրավունքների համար»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի սեպտեմբեր ամսի դրությամբ աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը 87,569- է, որոնցից 59,260-ը կանայք: Ազատ աշխատատեղերի քանակն այս տարվա սեպտեմբերին, նախրոդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 10.9%-ով: Նկատենք, այս ցուցանիշը իրական պատկերը չի արտացոլում, քանի որ գործատուների մեծ մասը աշխատուժ գտնելու համար չի դիմում պետական զբաղվածության ծատայություն: Իսկ աշխատանք փնտրողներն էլ չեն դիմում գրանցվելու համար, քանի որ պետությունը գործազուրկներին որեւէ աջակցություն չի ցուցաբերում:

Ըստ Վիճծառայության, պաշտոնապես գրանցված կին գործազուրկների 66.6%-ը 35-44 տարեկան կանայք են: 

Աշխատաշուկայում կանայք խոցելի են ոչ միայն տարիքային խտրականության առումով, նաեւ սեռով պայմանավորված: Այս է վկայում Կանանց ռեսուրսային կենտրոնի 2011 թվականի հետազոտությունը  Հայաստանի աշխատանքային շուկայի վերաբերալ, որտեղ շեշտը դրված է գենդերային խտրականության վրա:

Ըստ ուսումնասիրության, հարցմանը մասնակցած կանայք ընդգրկված են Հայաստանի սպասարկման ոլորտում՝ հիմնականում մատուցողներ, վաճառողներ, վարսահարդարներ, հյուրանոցում ընդունարանի աշխատողներ եւ այլն: Աշխատանք ունեցողները երիտասարդ` 20-35 տարեկան կանայք են, որոնք կրթություն են ստացել որպես տնտեսագետներ, բուժքույրեր, երաժիշտներ, արվեստագետներ, ուսուցիչներ, սակայն չեն կարողացել իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել, կամ սպասարկման ոլորտ են տեղափոխվել զգալիորեն ցածր աշխատավարձերի պատճառով:

Ըստ ուսումնասիրության, կանայք աշխատավայրում նաեւ սեռական ոտնձգության ու բռնության են ենթարկվում: Կենտրոնի հետազոտության համաձայն, կանանց դեմ սեռական բռնության խնդրի արտահայտման տարբեր ձեւեր կան աշխատաշուկայում` սկսած գործատուների, կառավարիչների եւ աշխատակիցների ոտնձգություններից, մինչեւ հաճախորդների չարաշահումները: Զեկույցում 22-ամյա մատուցողուհին պատմում է.

«Ես չկարողացա որեւէ աշխատանք գտնել որպես արվեստագետ եւ որոշեցի աշխատանք գտնել ակումբում: Ես կարծում էի, որ օտարերկրացի սեփականատերերի ակումբը ավելի լավ վայր է աշխատելու համար, սակայն ես սխալվեցի: Սա նույնիսկ ավելի վատ է: Ես այստեղ շատ խնդիրներ ունեմ հատկապես սեռական ոտնձգությունների հետ կապված: Շատ աղջիկներ առաջարկություններ են ստանում սեռական հարաբերություններ ունենալ աշխատանքի առաջընթացի համար: Դա շատ նվաստացուցիչ է»:

Նելլի Բաբայան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am