«Խոպան էր գնում, թմրամոլ էր, խաղամոլ... հետո պարզվեց, որ ՄԻԱՎ ունի ու ինձ էլ է փոխանցել». լռություն եւ զոհաբերություններ՝ հանուն հասարակական կարծիքի

01-12-2015
1471 դիտում
«Խոպան էր գնում, թմրամոլ էր, խաղամոլ... հետո պարզվեց, որ ՄԻԱՎ ունի ու ինձ էլ է փոխանցել». լռություն եւ զոհաբերություններ՝ հանուն հասարակական կարծիքի

Սիրո, հոգատարության և նվիրվածության փոխարեն ամուսնական 17 տարիների ընթացքում միայն բռնություն և ծեծ տեսած Ամալյա Մանուչարյանը զղջում է, որ համարձակությունը չի ներել ամուսնուց ավելի վաղ բաժանվելու և առանց ցավերի ապրելու համար:  

Ամալյայի ամուսինը 15 տարի շարունակ Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի: Վերջին տարիներին Հայաստան վերադառնալիս, պարզվել է, որ ՄԻԱՎ ունի ու վարակել է նաև իրեն` Ամալյային:

«Երկու տարի առաջ եմ իմացել, որ ՄԻԱՎ ունեմ: Ամուսինս 15 տարի խոպան էր գնում Մոսկվա, բայց մեզ ոչ մի բանով չէր օգնում, ոչ փող էր ուղարկում, ոչ հաճախակի խոսում մեզ հետ: Թմրամոլ էր ու խաղամոլ: Այդ ընթացքում տարբեր սեռավարակներ էր ձեռք բերել ու հետո` ինձ վարակել: Բուժվել էինք երկուսս էլ, բայց հետո պարզվեց, որ ՄԻԱՎ ունի ու ինձ էլ է փոխանցել»,-պատմում է Ամալյան:

38-ամյա կինը Երևան է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և 2 դեռահաս աղջիկների հետ ապրում է սկեսուր-սկեսրոջ տանը: Ամուսինը նույնպես Մարտունուց է. քաղաք, որ համարվում է Հայաստանի արտագնա աշխատանքի մեկնող միգրանտների ամենամեծ կենտրոնը: Այս տարածաշրջանից են ամենաշատ մեկնողները և սերնդեսերունդ՝ պապից որդի, որդուց թոռ, աշխատանքային միգրացիայի ավանդույթները շարունակողները:    

«Անընդհատ ուզել եմ բաժանվել ամուսնուցս, բայց համարձակությունս չի ներել գնալ այդ քայլին: Մտածել եմ հասարակության կարծիքի մասին, որ ես երկու աղջիկ ունեմ, ո՞նց բաժանվեմ, քար կգցեմ նրանց բախտին, ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին: Բայց երեխաներս էլ երբեք չեն զգացել, թե  հայր կա իրենց գլխին: Ամեն անգամ վախով էի սպասում, թե երբ է գալու Ռուսաստանից: Հիմա գնացել է  ու ընդհանրապես կորել: Տարին մեկ անգամ հազիվ է  զանգում: Հիմա, որ տանը լիներ, չեմ էլ պատկերացնում ոնց կապրեի իր հետ»,-ասում է Ամալյան, ով ընտանիքի հոգսը հոգում է՝ Երևանի արվարձաններից մեկի գեղեցկության սրահում վարսավիր աշխատելով:

Հայաստանում տարեցտարի ավելացող սեռավարակների և ՄԻԱՎ վարակակիրների թիվը, ըստ ոլորտի մասնագետների, հիմնականում պայմանավորված է արտագնա աշխատանքի մեկնող միգրանտներով:

«Սեռավարակներ ունեցող մարդկանց թվով մարզերից ամենամեծը Շիրակն ու Գեղարքունիքն են: Սա խոսում է այն մասին, որ այդ մարզերում են ավելի շատ արտագնա աշխատանքի մեկնողները` միգրանտները»,-ասում է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն՝  1988- 2015թթ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանի կարծիքով խնդիրը շատ կարևոր է, քանի որ աշխատանքային միգրացիան Հայաստանում գրանցում է բարձր տեմպեր:

Վիճակագրական տվյալների համաձայն, աշխատանքային միգրանտների թիվը Հայաստանից տարեկան հասնում է մոտ 250 հազարի:

«Արդեն իսկ ախտորոշված հիվանդների 50%-ը վարակվում են արտերկրում՝ հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ուր և ուղղված է մեր երկրի միգրացիան: Եթե դրան գումարենք միգրանտների զուգընկերներին ու կանանց, ապա այդ թիվը կմոտենա 70-75%-ի», -«Մեդիալաբին»  ասում է Արզաքանյանը:

Ըստ մասնագետների՝ սեռավարակի առկայության անգամ մեկ դեպքը Հայաստանի համար շատ խնդրահարույց է, քանի որ այն իր հետ բերում է վերարտադրողական ֆունկցիաների խանգարում և կարող է հանգեցնել անգամ անպտղության:

«Միգրանտները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են  և միջին տարիքի տղամարդիկ, որոնք գնում են երկար ժամանակով և առանց իրենց կանանց: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանում նրանք զերծ կմնան սեռական հարաբերություններից, այն էլ անպաշտպան սեռական հարաբերություններից: Որպես հետեւանք ձեռք են բերում սեռավարակ, որն էլ բերում են Հայաստան: Իսկ կինը, որ երկար ժամանակ չի տեսել իր ամուսնուն, մանավանդ այս Նոր տարվա տոներին նշում է այդ վերադարձը, և այն նշվում է սեռավարկը փոխանցելով մեկը մյուսին»,-ասում է Հովհաննիսյանը:

Ըստ UNAIDS-ի համաշխարհային զեկույցի՝ տարածաշրջանում 2005-2013 թթ-ին արձանագրվել է սեռավարակների 5 տոկոս աճ: Միայն 2013-ին եղել  է 110 հազար նոր դեպք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի կանխարգելման արդյունավետ միջոցը, ըստ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանի, հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

«Հիմա այն շրջանն է, երբ աշխատանքային միգրանտները վերադառնում են: Գեղարքունիքում գյուղեր կան, որտեղ աշխատունակ տղամարդկանց շուրջ 60% դուրս է գնում: Կան տվյալներ, համաձայն որոնց, նոյեմբերից –փետրվար ընկած ժամանակահատվածում բուժզննում անցած  կանանց կեսից ավելին սեռավարակ ունի կամ ՄԻԱՎ-ակիր է»,- նշում է Գևորգյանը:

Սեռավարակներից հատկապես արագ զարգացում է գրանցել խլամիդիոզը, ինչպես նշում են մասնագետները:

Բայց մյուս կողմից  Հայաստանում բավականին դժվար է ճշգրիտ գնահատել սեռավարակների տարածման աստիճանը և ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց քանակը, քանի որ մարդկանց մոտ առկա է այն կարծրատիպը, թե «բժշկի դիմելն ամոթ է»:

«Բժշկի դիմելու համար հաճախ մարդիկ Սպիտակից գնում են Վանաձոր, իսկ Վանաձորից՝ Սպիտակ, որպեսզի հիվանդության մասին իրենց շրջապատում ոչ ոք չիմանա և բացասական, խտրական վերաբերմունքի չարժանացնի: Այդ իսկ պատճառով սեռավարակներ ունեցող մարդկանց թիվը ավելի շատ Երևանում է, քանի որ բոլոր տեղերից գալիս են Երևանում հետազոտվելու: Բայց սեռավարակի ճշգրիտ քանակության բացահայտումը շարունակվում է մեր երկրում խնդիր մնալ»,-ասում է Հովհաննիսյանը:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդներին աջակցող Սեմ Թադևոսյանը նշում է, որ մարզային բուժհաստատություններում հետազոտվող մարդը  բախվում է գաղտնապահության հետ կապված խնդիրների:

«Մարզային  բուժհաստություններում մարդը չի կարող գնալ, անանուն հետազոտվել,  ինչպես արվում է Երևանում: Սա մարզերում խնդիր է, քանի որ անձը պետք է համայնքից ուղեգիր վերցնի: Ցավոք մարզերում գաղտնապահության աստիճանը  այնքան էլ բարձր չէ», -ընդգծում է Թադևոսյանը:

Ներկայումս Հայաստանում, ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների, կա շուրջ  3800 ՄԻԱՎ-ով ապրող մարդ: Ինչպես նշում են մասնագետները, նրանցից  շուրջ 2000 են, որ բացահայտված են և ստանում են բժշկական աջակցություն:

Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Լեսյա Խմելին նշում է, որ խնդիր է ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը, ինչը ենթադրում է հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակի մասին:

«Սեռավարակների կանխարգելման հարցում կարևոր է դպրոցներում սեռական դաստիարակության մասին համապատասխան գիտելիքների տրամադրումը»,-ասում է նա:

Հերոսի անուն ազգանունը փոխված է:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am