Անազատությունից՝ անորոշություն․ նախկին բանտարկյալները բախվում են խտրականության եւ խնդիրների

08-02-2016
5927 դիտում
Անազատությունից՝ անորոշություն․ նախկին բանտարկյալները բախվում են խտրականության եւ խնդիրների

Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) շուրջ 5 տարի պատիժը կրելուց հետո 47-ամյա Վարուժան Բարսեղյանը (անուն, ազգանունը փոխված է) վերադարձավ ազատության՝ հույս ունենալով կյանքը վերսկսել առանց նոր սխալների, գտնել աշխատանք և ապրել ընտանեկան ջերմությամբ շրջապատված:

Մինչդեռ հասարակության՝ այդ թվում գործատուների խտրական վերաբերմուքն ու մերժողական մոտեցումը, դրդեց նրան արտագաղթելու երկրից:

«Վիվասելում ախրաննիկի գործ կար, ուզում էի աշխատել, չստացվեց ասեցին վրեդ դատվածություն կա, տենց գործերի համար խանգարում է: Հիմնական աշխատանք չունեմ, բայց պատահում է, որ բանվորություն եմ անում, մի երկու կոպեկ են տալիս: Մեքենա էի առել ու տաքսու տակ  դրել, բայց որ իմանում էին ինչ անցյալ եմ ուեցել, էլ չէին նստում: Փոքր քաղաքում ապրելն էլ իր դժվարություններն ունի: Հիմա Ռուսաստան եմ գնում գալիս»,-«Մեդիալաբին» պատմում է Բարսեղյանը:

Իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ Հայաստանում չկա պետական քաղաքականություն նախկին դատաապարտյալների վերաինտեգրման, աշխատանքային զբաղվածության խնդիրների լուծման համար:

«Այսինքն ազատ արձակվելուց հետո այս անձիք հայտնվում են միայնակի կարգավիճակում, չեն իմանում ում դիմել և ինչ անել, իսկ շատերին պարզապես չեն ընդունում աշխատանքի հենց դատվածություն ունենալու պատրվակով: Դրա հետևանքով  հնարավոր է անձը նորից դիմի գողության կամ ուղղակի լքի երկիրը»,-ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը, ով նաև զեկույցի հեղինակներից մեկն է։

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի 2013-ին հրապարակած զեկույցի, որի շրջանակում հարցում է իրականացվել 33 նախկին դատապարտյալի միջև, պարզ է դառնում, թե այդ անձիք ինչ խոչընդոտների և խտրական վերաբերմունքի են արժանանում ազատ արձակվելուց հետո ինչպես ընտանիքի և հասարակության կողմից, այնպես էլ գործատուների:

Հարցվածներից մեկը պատմում է, որ ազատություն ստանալուց հետո ամենածանրը աշխատանք չգտնելն էր.

«Ես բանկային համակարգից էի գնացել, որտեղ նորից վերադարձ չկար, և չնայած ինձ չէին արգելել իմ գործունեությամբ զբաղվել, պատիժ չէին սահմանել, բայց համենայն դեպս, այդ բնագավառ նորից մուտք գործելն արդեն անհնարին էր: Բնական է՝ թույլտվություն չէր լինելու, ես էլ չփորձեցի անգամ դիմել»:

Նախկին դատապարտյալներից մյուսը խոստովանում է, որ հիմնական աշխատանք չունի, երբեմն շինարարությամբ է զբաղվում.

«Կաֆել եմ կպցնում: Սկզբից, որ կաֆելի գործ սկսեցի անել, մարդիկ զարմացան, որ ես կարամ աշխատեմ ու կաֆել կպցնեմ, ասին, յա՞, էս դու՞ ես»:

Հարցվածներից 6-ը պատասխանել են, որ չեն աշխատում, 7-ը նշել են, որ աշխատանք ձեռք բերելուց հանդիպել են խոչընդոտների, դատվածությունն ազդել է և ստիպված փոխել են աշխատանքի բնույթը,  5-ը հարցին չեն պատասխանել, իսկ մնացածը նշել են, որ աշխատում են և որևէ խնդիր չեն ունեցել:

Ռևազյանը, ով նաև զեկույցի հեղինակներից է, նշում է, որ անձի նախկինում դատապարտված լինելը որոշակի անվստահության մթնոլորտ է ստեղծում գործատուների մոտ:

«Օրինակ, եթե անձը  գողության համար է դատապարտվել, նրան կխուսափեն  խանութում վաճառող ընդունել:  Այդ հանգամանքը կարող է միանշանակ դիտվել անվստահություն գործատուի կողմից: Բայց խնդիրը նաև նրանում է, որ տարիներ շարունակ ազատազրկված լինելով, դատապարտյալները կորցնում են մասնագիտական շատ հմտություններ և չեն կարողանում բավարարել այսօրվա շուկայի պահանջները: Այսինքն դա կախված է ոչ միայն գործատուից, այլև անձի մասնագիտական որակներից»,-հավելում է Ռևազյանը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար Արշակ Գասպարյանն ասում է, որ խնդիրը եռակողմ է և կապված է ինչպես խտրականության դրսևորման և գործատուի կողմից մասնագիտական որակների պահանջի հետ, այնպես էլ որոշ դատապարտյալների մասնագիտական հմտությունների և կրթության բացակայության հետ:

«Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մեկուսացված են եղել հասարակությունից, կոլեկտիվի ու աշխատանքային որևէ հարաբերությունից, որոշ դեպքերում, նաև ընտանիք ունենալու հնարավորությունից, իհարկե հանդիպում են լուրջ խնդիրների ազատ արձակվելուց հետո։ Ցավով պետք է նշել, որ նախկին ազատազրկվածին աշխատանքի չընդունելու դեպքերը սակավաթիվ չեն։ Խտրականության դրսևորման հենքերից մեկը հենց հանցագործություն կատարելու համար դատապարտված լինելն է, հասարակությունում տարածված «հանցագործի» պիտակը, որը դրսևորվում է մտավախությամբ, թե տվյալ անձը կարող է կրկին անգամ կատարել հանցագործություն, այս անգամ արդեն իր աշխատավայրից՝ «գործատուի մոտից»»,- «Մեդիալաբին» ասում է Գասպարյանը:

Խտրականության հաջորդ հենքը, ըստ Գասպարյանի, դատապարտյալների կրթության և մասնագիտության ցածր որակն է կամ բացակայությունը։

«Հանցագործության պատճառականությունը պայմանավորված է նաև կրթական ցածր աստիճանով կամ դրա բացակայությամբ։ Ուստի այս ցուցիչը ևս հաճախ շահարկվում է գործատուների կողմից՝ հատկապես ազատարզրկան վայրերից վերադարձածներին աշխատանքի ընդունելու հարցը քննարկելիս»,-ընդգծում է Գասպարյանը։

ՀՀ-ում գործում է 12 ՔԿՀ: Ըստ Արադարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պաշտոնական տվյալների՝ ներկայումս ՔԿՀ-ներում գտնվում է շուրջ 2750 դատապարտված անձ:

Ըստ Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական տվյալների, 2015-ին զբաղվածության կենտրոններում հաշվառվել է 12 նախկին դատապարտյալ, որից 4-ը ընգրկվել է զբաղվածության ծրագրերում, իսկ 9-ը ապահովվել աշխատանքով:

«Բայց մենք ՔՀԿ-ներից 2015-ին ստացել ենք 360 ծանուցում, որ այդքան դատապարտյալ ենթակա է ազատման ու ազատվելուց հետո կարող է դիմել մեզ: Այդքանից 61 անձ է դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ ու ստացել խորհրդատվություն: Մեծ մասը ազատվելուց հետո չեն էլ գալիս հաշվառվելու մեզ մոտ»,-ասում է  Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը կարծում է, որ նախկին դատապարտյալների վերաինտեգրումը պետք է սկսել ավելի վաղ՝ դեռ ՔԿՀ-ում գտնվելու պահից, և զբաղվածության կենտրոններում պետք է լինի համապատասխան բաժին, որը կզբաղվի հենց դատապարտյալների աշխատանքային զբաղվածության հարցերով:

«Մենք չունենք պրակտիկա, որ ազատազրկված անձիք (մասնավորապես բաց ռեժիմում գտնվողները, ովքեր ամբողջ օրը ազատ են, հնարավորություն ունեն ցերեկային ժամերին դուրս գալու ՔԿՀ-ից և երեկոյան վերադառնալու) գրանցվեն զբաղվածության կենտրոններում և նրանց համար անցկացվեն վերապատրաստման դասընթացներ, էլ չեմ ասում առաջարկվեն թափուր աշխատատեղեր»,-ասում է Զալյանը:

Ըստ նրա՝  դա կնպաստի, որպեսզի դատապարտյալը ազատ արձակվելուց հետո, ավելի հեշտ գտնի աշխատանք, կամ արդեն ձեռք բերած լինի:

Խնդիրը օրենսդրական դաշտում է: Ըստ «Զբաղվածության մասին» օրենքի (9-րդ հոդված, 5-րդ կետ, 8-րդ ենթակետ) ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող ազատազրկված անձիք գործազուրկներ չեն համարվում, ուստի չեն կարող ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում: Նրանք կարող են ընգրկվել վերոնշյալ ծրագրերում, միայն ազատ արձակվելուց հետո:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ մինչ ազատ արձակվելը դատապարտյալների համար ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվում են վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող միջոցառումներ, կրթական դասընթացներ, իսկ ոմանց ապահովում են նաև աշխատանքային զբաղվածությամբ:

«Աշխատանքներ կատարելու համար դատապարտյալներին ընդգրկում ենք հիմնականում սպասարկման աշխատանքներում, պայմանագրային հիմունքներով աշխատում են նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, իսկ բաց ռեժիմում գտնվող դատապարտյալների մի մասը աշխատում է ՔԿՀ-ից դուրս այլ գործատուների մոտ : 2015-ին աշխատանքային զբաղվածությամբ ապահովել ենք 791 դատապարտյալի, իսկ 2014-ին՝ 754 դատապարտյալի»,-ասում է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի աշխատակից Գոհար Սավզյանը:

2015-ին 791 ազատազրկվածից 136-ը աշխատանքի է անցել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում: Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընգրկվել են 271-ը, այլ գործատուների մոտ 106-ը, ինքնագործ միավորումներում՝ 278-ը:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ քրեկատարողական հիմնարկներում անցկացվում են նաև կրթական ծրագրեր դատապարտյալներին մասնագիտական հմտություններ փոխանցելու կամ զարգացնելու համար: Դրանք լինում են համակարգչային, խոհարարական, խեցեգործության, փականագործության, հաշվետարության, գորգագործության վերաբերյալ կրթական դասընթացներ, որոնցում 2015-ին ընգրկվել է 121 ազատազրկված անձ, իսկ 2014-ին՝ 148:

Ռևազյանը շեշտում է, որ ՔԿՀ-ներում իրականացվող ծրագրերը շատ քիչ են հազարավոր մարդկանց խնդիրը լուծելու համար:   

«Այդ խմբակները դեռևս չեն երաշխավորում, որ դատապարտյալը արդեն դարձել է մասնագետ և ազատություն վերադառնալուց հետո կարող է գտնել աշխատանք: Ենթադրենք համակարգչային ինչ-որ ուսուցում է անցնում, բայց այդ խմբակներում շատ-շատ կարող են համակարգչից օգտվելու կանոնները սովորեցնել, բայց արդյո՞ք բավականին խորացված հմտություններ են իրենց տալու, որ աշխատաշուկայում մրցունակ լինեն իրենց ստացած գիտելիքներով»,-ընգծում է Ռևազյանը:      

Իրավապաշտպանները կարծում են, որ արդյունավետ կլիներ եթե ստեղծվեր  դատապարտյալների մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ բազա, որը կլիներ հասանելի գործատուների համար և ըստ դրա կներկայացվեին աշխատանքային առաջարկներ: Ըստ նրանց, դա համակարգային խնդիր է և պետք է իրականացվի պետական քաղաքականության շրջանակներում:

«Հակառակ դեպքում, ՔԿՀ-ից հասարակություն վերադարձածների  90 տոկոսը չգիտի ում դիմի, ինչ անի: Այդ մարդկանց պետք է տալ հոգեբանական աջակցություն,  համապատասխան խորհրդատվություն և իրազեկում, թե ում կարող են դիմել և ով կարող է աջակցել իրենց, որպեսզի նրանք չհիասթափվեն և  իրենց չզգան ամենավերջին կատեգորիայի մարդը»,-նշում է Զալյանը:

Սավզյանը պարզաբանում է, որ դատապարտյալներին ազատ արձակվելուց 3 ամիս առաջ տրամադրում են հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև իրազեկում, բայց խնդիրը այն է , որ դատապարտյալների մի մասը ցանկություն չունի աշխատելու ինչպես ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո:

Գասպարյանը կարծում է, որ Հայաստանում ներդրվող Պրոբացիայի պետական ծառայությունը մեծապես կարող է նպաստել հասարակությունում վերաինտեգրման վերաբերյալ կարծիքի ձևավորման գործում:

«Բայց դատապարտյալների վարքի շտկման աշխատանքները խիստ ցածր արդյունավետություն կարող են ապահովել, եթե անձը վերադառնալու է հասարակություն՝ առանց այդ հասարակությանը որևէ կերպ պիտանի լինելու հմտությունների ու ընդունակությունների: Համագործակցության մյուս կարևոր ուղղությունը հենց կոնկրետ գործատուներն են։ Ազատազրկման վայրում՝ պատիժը կրելու ընթացքում, դատապարտյալի աշխատելու իրավունքը մեծագույն «գործիք» է, որ լայնորեն պիտի կիրառվի ինչպես դատապարտյալների պահանջով, այնպես էլ ՔԿՀ-ի ողջ անձնակազմի ջանքերով»,-հավելում է Գասպարյանը։   

Ռևազյանն էլ ընդգծում է, որ պետք է հարկային արտոնություններ սահմանել գործատուների համար.

«Եթե նախկին դատապարտյալին վերցնեն աշխատանքի, ապա առաջին մեկ, կամ երկու տարին ազատվեն հարկերից, ինչ-որ խրախուսական մեթոդներ կիրառվեն նրանց համար, որը քիչ քիչ  կնվազեցի նաև այդ խտրական մոտեցումը նախկին դատապարտյալների նկատմամբ ու նրանք կապահովվեն աշխատանքով»:

Լիլիթ Առաքելյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

© MediaLab.am