Խոշտանգում, նվաստացում, սպանություն, սեռական բռնություն. կասկածելի մեղմ դատավճիռները բռնարարների նկատմամբ` անպատժելիության խթան

18-02-2016
11371 դիտում
Խոշտանգում, նվաստացում, սպանություն, սեռական բռնություն. կասկածելի մեղմ դատավճիռները բռնարարների նկատմամբ` անպատժելիության խթան

Վերջին շրջանում կանանց սպանությունների կամ նրանց նկատմամբ բռնությունների գործերով չափազանց մեղմ դատավճիռները մեծ վրդովմունքն են առաջացրել իրավապաշտպանների և հասարակության շրջանում։

Իրավապաշտպանները համարում են, որ կանանց սպանությունների կամ նրանց տարիներով բռնության ենթարկած տղամարդկանց նկատմամբ մինիմալ պատժաչափերը ուղղակիորեն արտացոլում են կանանց իրավունքների վիճակը Հայաստանում, որտեղ, համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Gender Gap 2015» զեկույցի՝ մեծ գենդերային անջրպետ կա կանանց և տղամարդկանց միջև: Հայաստանը, ըստ այդ ուսումնասիրության, 145 երկրների շարքում սեռական խտրականության ցուցանիշով 105-րդ տեղում է աշխարհում։

Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչ Լուսինե Ղաբուզյանը շուրջ 16 տարի պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու՝ Կարեն Խեչոյանի կողմից։ Երբ անցած տարի՝ հերթական ծեծից ու ստորացումից հետո Լուսինեն գիշերով փախավ Վանաձոր՝ մոր մոտ ու հետագայում ամուսնու դեմ դատական հայց ներկայացրեց, դատարանը հունվարի 22-ին ընդամենը 150 հազար դրամով տուգանեց բռնարար ամուսնուն՝ որպես մեղմացուցիչ հանգամանք նշելով անչափահաս երեխաների խնամակալությունը և Խեչոյանի մասին շրջապատի դրական բնութագիրը։   

Ամուսինն, ի դեպ, ոչ միայն կնոջն էր պարբերաբար ծեծել, այն նաև նրանց հինգ երեխաներից ավագին՝ 16-ամյա Մարուսյային։ Մյուս երեխաներին, ինչպես Լուսինեն է պատմում, ամուսինը միայն ապտակել կամ անկյուն է կանգնեցրել։

Տխուր աչքերով 39-ամյա կինը դեռ սարսափով է վերհիշում այն ճակատագրական գիշերը, որից հետո էլ տուն չվերադարձավ՝ հասկանալով, որ ծեծն ու նվաստացումը այլևս հնարավոր չէ տանել։ Այդ օրը՝ անցած տարի մայիսի 25-ին, Լուսինեն արդեն հստակ պատկերացնում էր, որ իրեն սպասում է հերթական ծեծը, քանի որ հարազատի մահվան քառասունքի արարողությանը մասնակցած և հետո ընկերոջ տանը խաշի հրավիրված ամուսինը հարբած էր ու շատ ագրեսիվ։

«Ինձ ուղարկեց դարպասը փակելու, արդեն գիտեի, որ պիտի ծեծի, մտածեցի փախչեմ, բայց հետո ասացի՝ բա երեխեքին ոնց կթողնեմ ու չփախա։ Եկավ դարպասի մոտ, ասավ՝ էս ինչի էսքան ուշացար, դարպասի մոտից մազերիցս քաշելով բերեց տուն, թե սուրճ եփի։ Ես էլ մի բաժակ եփեցի, ճիշտն ասած՝ իմ կողմից երևի կոպտություն էր, որ իրա հետ չեմ ուզում սուրճ խմեմ, բայց դու ինձ ծեծում ես, քո հետ նստե՞մ, սուրճ խմեմ։ Իրա համար եփեցի, տեսավ, որ մի բաժակ է, պատճառը դա էր, սուրճի բաժակը գետնով տվեց, ջարդեց ու ասեց՝ դե գնա չոքեչոք մաքրի, մինչև էդ՝ հետ արի, բան եմ հարցնում քեզ, հին կռիվներից է հիշում՝ էն ինչի՞ համար էիր թողել գնացել, ասում է ու խփում է, ասում է՝ ինչի՞ ես շուտ-շուտ ձերոնց տուն գնում, երևի ընկեր ունես, հետո էլ՝ թե դու ինչ ես, որ ընկեր ունենաս, ախպորդ խաթր ձեն չհանեցի, նստեցիր գլխիս, սկսեց հորս ու եղբորս գերեզմանները հայհոյելը, ձեն չհանեցի»,- պատմում է «Մեդիալաբին» Լուսինեն։

Այնուհետև հարբած ամուսինն ավելի ագրեսիվ է դարձել, պահանջել է, որ Լուսինեն մերկանա ու այդպես հատակը մաքրի, կինը հրաժարվել է, ինչը նոր հարվածների պատճառ է դարձել։

«Երեխու մոտ ասավ՝ պտի լրիվ մերկանաս, պոլի շորը բերես, իմ առաջին կռանաս ու սկսես մաքրելը։ Ես էլ դրանից վիրավորվեցի, որ հերիք չի պիտի չոքած մաքրեմ, մի հատ էլ մերկ, երեխեն էլ ըդտեղ։ Ասի՝ դրա համար սենյակ գոյություն ունի, չէ՝ պտի անես, մազերիցս քաշ տվեց, մայկաս ճղտոտեց, երեխու ներկայությամբ ստորացնելով էդքան տեղը մաքրեցի, հետո մի պահ սթափվեց, երեխեքին ուղարկեց քնելու, ինքն էլ գնաց քնելու, ժամը 1-ին 15 պակաս խոհանոցի նեղ պատուհանով թողել եմ, փախել, անձրևոտ եղանակ էր, երկար ճտքավոր սապոգներ ունեմ, որ հողի գործ անելուց եմ հագնում, հագա ու մի կուրտկա վրաս եմ գցել ու դողալով դարպասի գլխով փախել գնացել եմ, ոտքիս էր խփել, արյուն էր գնում, կիսաշշմած գնացել եմ Վանաձոր գնացող գծերի ուղղությամբ, մինչև հասել եմ քաղաք, արդեն լուսադեմ էր, հասա հարևանի բակ, հարևանի հարսն ա տեսել, ինձ օգնել, տարել մերոնց տուն»։

Լուսինեի մայրը, որ դստերը առաջին անգամ չէր այս վիճակում ընդունում իր տանը, ոստիկանություն է զանգել: Ոստիկաններն եկել են ահազանգի հետքերով, բացատրություն վերցրել, կնոջը դատաբժշկի ուղեգիր տվել։

Այնուհետև կինը հիվանդանոց է պառկել՝ քթի կոտրվածքը, գլխուղեղի ցնցումը և բազմաթիվ կապտուկները բուժելու համար։ Մայրը այդ ընթացքում կապ է հաստատել Երևանում գործող «Կանանց աջակցման կենտրոնի» հետ, որի ապաստարանում էլ մինչ օրս ապրում է Լուսինեն իր երկու ավագ աղջիկների՝ 16-ամյա Մարուսյայի ու 14-ամյա Մարինեի հետ։

Մյուս երեք երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 6 ու 5 տարեկան տղաները մնացել են ամուսնու մոտ։ Կանանց ապաստարան տեղափոխվելիս Լուսինեն չի կարողացել բոլոր երեխաներին վերցնել իր հետ, քանի որ հիվանդանոց նրան այցելելու են եկել միայն ավագ աղջիկները, իսկ փոքրերը մնացել են ամուսնու մոր տանը։

Լուսինեն պատմում է, որ  ղարաբաղյան պատերազմի մասնակից ամուսինը իր վրա սկսեց ձեռք բարձրացնել համատեղ կյանքի հենց առաջին տարում, երբ արդեն 5 ամսական հղի էր։ Իսկ պատճառն այն էր, որ կիթառի լարերը ամրացնելիս ամուսինը վնասել է մատը ու ուժեղ արյունահոսություն է սկսել, որը Լուսինեն չի կարողացել կանգնեցնել ու անզորությունից սկսել է լացել։ Կարենն էլ դրա համար բարկացել է ու սկսել խփել նրան։ 

«Մի կերպ պահում էի փորս, որ գոնե փորիս չխփի, երեսիս խփեց, անկյուն էր կանգնեցրել, հետո մայրն եկավ, դուրս տարավ իրան։ Հետո եկավ ներողություն խնդրեց, թե էդ պահին չի հասկացել, որ ինձ ցավ է պատճառում»։

Տարիների հետ ավելացել է ծեծի հաճախականությունը, վերջին տարիներին ֆիզիկական բռնությանը գումարվել է նաև սեռական բռնությունը։ Լուսինեն ասում է՝ բռնության պատճառ կարող էր դառնալ ցանկացած բան՝ չփայլող լուսամփոփը, ամուսնու հանձնարարությունը մի փոքր ուշ կատարելը, նախկին վեճերից դրվագներ հիշելը։ Ավելին՝ հաճախակի ծեծի է ենթարկվել նաև նրանց ավագ դուստրը՝ Մարուսյան, որին, Լուսինեի ասելով, ամուսինը ծնված օրվանից չի սիրել։

Երբ Մարուսյան յոթ տարեկան է եղել, փոշոտ լուսամփոփի և կոտրված մկրատի պատճառով հայրը երեխային ծեծել ու կապել է անասնագոմում։ Ահաբեկված երեխան կես ժամ կապված է մնացել գոմում, մինչև ամուսինը տնից գնացել է ու մայրը հարևանի օգնությամբ քանդել է երկաթե շղթան, որից հետո առաջին անգամ դիմել է ոստիկանություն։ Լուսինեն ևս մի անգամ ոստիկաններին դիմել է այս դեպքից մեկ տարի անց, բայց երկու դեպքում էլ ոստիկանները պարզապես ամուսիններին կոչ են արել հաշտվել։

«Մեզ բանի տեղ չեն դրել»,- ասում է նա,- «ոստիկանության անչափահասների բաժնի պետի տեղակալը կին էր, ինձ կանգնեց ասավ՝ «էսօր դու բերել ես հոր դեմ, վաղն էլ քո դեմ ա դուրս գալու, հլը սրա լեզվին նայի, ճտպտալով խոսում է», արձանագրեցին, ճանապարհեցին»։

Լուսինեն ասում է՝ տնից փախչելու միջոցով այս տարիների ընթացքում թերևս բազմաթիվ անգամներ փրկել է սեփական կյանքը։

«Ոնց որ մի քիչ թեթևություն է իմ կողմից, որ փախչում էի, բայց ուրիշ հնար չունեմ, մտածում էի՝ կարող է նենց խփի, որ արդեն վերջնական լինի, բա էս էրեխեքին ո՞վ է օգնելու ու ելքը տեսնում էի փախչելու մեջ»։

Բայց, ասում է, ամեն անգամ «խեղճանում, համակերպվում» ու ետ էր գնում ամուսնու մոտ, քանի որ վերջինս անընդհատ սպառնում էր հաշվեհարդար տեսնել իր արդեն հանգուցյալ եղբոր ու հոր նկատմամբ։

«Հիմա մենակ մայրս է մնացել, նա էլ ոստիկանությունում գրություն է թողել, որ եթե իրեն կամ հարազատներին մի բան պատահի, ուրեմն իմացեք, դա Կարենի ձեռքով է, գրել է՝ եթե ես իմ մահով չմեռնեմ, ուրեմն հաստատ նա է»,-«Մեդիալաբին» պատմում է նա։

Լուսինեի առաջնային խնդիրը այժմ Երևանում աշխատանք գտնելն է, որպեսզի կարողանա մյուս երեխաների խնամակալությունը ևս իր վրա վերցնել և դուրս գալ կանանց ապաստարանից։

Ասում է՝ միգուցե Վանաձորում ավելի հեշտ կլիներ իր համար, կբնակվեր մոր մոտ, ստիպված չէր լինի տան վարձ տալ, բայց ինքն ու հատկապես ավագ աղջիկը, վախենալով հորից, համոզված են, որ վերադառնալը ապահով չէ։ Նա պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել՝ ջերմոցներում աշխատել, դերձակություն անել, աման լվալ կամ էլ խոհարարի օգնական աշխատել, որպեսզի կարողանա ինքնուրույն կյանք սկսել։ Առայժմ աշխատանքի փնտրտուքները արդյունք չեն տվել։ 

Դատարանը կարծրատիպային մոտեցում է ցուցաբերում ընտանեկան բռնության գործերում

Կանանց իրավունքների պաշտպանները նշում են, որ ընտանեկան բռնության դեպքերում մեղմ պատիժները արտացոլում են հասարակությունում առկա կարծրատիպային մոտեցումը այս խնդրին։

«Շատ հաճախ, կինը, ով ենթարկվում է բռնության, դիտվում է որպես մեկը, ով պատճառն է հանդիսացել բռնության և ինչ-որ չափով մեղավոր է, որ զուգընկերը նրան բռնության է ենթարկել։ Ուստի այդ պայմաններում արդարադատության համակարգում, ոստիկանությունում, դատարաններում կա նման վերաբերմունք, որ արդարացնում են բռնությունը, ու արդյունքում ավելի մեղմ պատիժներ են նշանակվում, էլ չեմ հաշվում, որ դրանց հետևում կարող է լինել համակարգում առկա կոռուպցիան և այլ գործոններ»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» հկ-ի արագ արձագանքման խմբի համակարգող Սոնա Հովակիմյանը։

Ըստ իրավապաշտպանների՝ այն, որ դատարաններում բռնարար տղամարդկանց համար մշտապես մեղմացուցիչ հանգամանքներ են գտնում, կարծես օրինաչափություն դարձած լինի։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրերի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը մատնանշում է նաև դատարանի կանխակալ վերաբերմունքը, որի պատճառը համարում է կանանց իրավունքների վերաբերյալ երկրի ընդհանուր դրվածքը։

«Տնտեսական իրավունքներով կանայք զիջում են տղամարդկանց, կոնկրետ Լուսինեի գործով տեղի ունեցավ այսպիսի բան՝ խնամակալը ամուսինն է, գույքը պատկանում էր ամուսնուն, այսինքն ամեն ինչը հայրիշխանական համակարգով ամուսնու ենթակայության տակ է, չնայած նրանք համատեղ են ստեղծել դա, բայց տղամարդը գրում է կամ իր կամ իր մոր վրա, կնոջը զրկում են բոլոր իրավական տնտեսական հիմքերից։ Հակառակ պարագայում դատարանը, այդ հիմքերը օգտագործելով, կարողանար կնոջը ավելի լավ իրավիճակի մեջ դնել»,- ասում է Հովհաննիսյանը։

Տարիներով իրենց կանանց բռնության ենթարկված տղամարդկանց գործերը քննվում են հիմնականում դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու (Քրեական օրենսգրքի 117 հոդված, նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով) և ծեծի հոդվածներով (118 հոդված, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով), ոչ թե խոշտանգման, որը նախատեսում է մինչև 3, առանձին դեպքերում մինչև 7 տարվա ազատազրկում։ Իսկ սպանությունների դեպքում շատ հաճախ «փրկության է հասնում» աֆեկտի վիճակը։

Օրինակ, անցած տարի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդամենը 1.5 տարվա ազատազրկման դատապարտեց և համաներմամբ ազատ արձակեց Հասմիկ Խաչատրյանին 9 տարի շարունակ խոշտանգման մեջ մեղադրվող ամուսնուն` Սարգիս Հակոբյանին։ Դատարանում սկզբնական՝ խոշտանգման մեղադրանքը վերաորակվեց առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով։

Իսկ դանակի 21 հարվածով կնոջը՝ Դիանա Նահապետյանին անչափահաս երեխաների աչքի առաջ սպանած Վոլոդյա Մուրադյանը բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 24-ին դատապարտվեց ընդամենը 3 տարի 6 ամիս ազատազրկման։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», կասկածելի մեղմ որակելով այս դատավճիռը, հայտարարում է, որ դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը, որի արդյունքում նախապես  «առանձին դաժանությամբ սպանություն» որակված և 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածը դատախազի կողմից փոխարինվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտող մեղադրանքով։

«Դատավորի կողմից նշված սպանության համար նվազագույն պատիժ սահմանելու հիմքում ընկած էր դեպքից երեք տարի անց Էլդա Գրինի կողմից իրականացված երրորդ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը՝ հիմնված միայն դատապարտյալի ցուցմունքների և գործի հանգամանքների վրա, որոնք ևս հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Հատկանշական է, որ դատավարության սկզբում իրականացված առաջին փորձաքննության արդյունքում ամբաստանյալի վարքը չի բնութագրվել որպես աֆեկտիվ: Եվ միայն ըստ երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կումուլյատիվ աֆեկտ»,- նկատում է Կոալիցիան։

Սոնա Հովակիմյանը համոզված է, որ նման դատավճիռները կարող են ոչ միայն ընտանեկան բռնությունների դեպքերի ավելացման պատճառ դառնալ, այլ «միանշանակ նման դեպքերի շատացման գործոն են հանդիսանում»։

«Անպատժելիության ինչ-որ մթնոլորտ է ստեղծվում հասարակությունում, քանի որ բռնարարքները, ովքեր տեսնում են, թե որ արարքի համար ինչ պատիժներ են սահմանվում, կամ ինչպես է դա ընկալվում հասարակությունում, բնականաբար, հանգիստ են լինում, կաշկանդված չեն»,- ասում է բռնության զոհերի հետ անմիջականորեն աշխատող Սոնա Հովակիմյանը՝ քննադատելով նաև ոստիկանության աշխատակիցներին, որոնք հիմնականում իրենց պարտքն են համարում բացատրական զրույցներ վարել, հաշտեցնել ամուսիններին, խոսել ամուսնու հետ ու բաց թողնել նրան։

«Բռնարարը այս դեպքերում հասկանում է, որ իր նկատմամբ ոչինչ չի ձեռնարկվելու և ինքը շարունակում է իր վարքը»,- շեշտում է Հովակիմյանը։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, ով զբաղվում է անչափասների և ընտանեկան բռնության խնդիրներով, ի պատասխան այս քննադատության, ասում է, որ ոստիկանները «առանձնակի ուշադրություն, յուրովի մոտեցում» են ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերին։

«Բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքներ իրականացնում են առանձնացված սենյակներում, բռնության առթիվ վարույթն իրականացնող աշխատակցի կողմից, իսկ ոստիկանության այլ ծառայողների մուտքը այդ աշխատասենյակ սահմանափակ է։ Սա հնարավորություն է ընձեռնում հետաքննություն իրականացնող մարմնին անցկացնել օբյեկտիվ հետաքննություն, որի ընթացքում բռնության ենթարկված կինը առանց կաշկանդվելու կարող է բացատրություն տալ դեպքի մանրամասների վերաբերյալ»,- ասում է պաշտոնյան։

Համաձայն Դուրյանի տրամադրած տվյալների՝ անցած տարի գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից միայն 150-ով են հարուցվել քրեական գործեր (այս թիվը արտացոլում է նաև կնոջ կողմից ամուսնուն, ծնողի կողմից զավակին, զավակի կողմից ծնողին բռնության ենթարկելու դեպքերը)։

Իրավապաշտպանները այս դեպքում կրկին շեշտում են «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի օր առաջ ընդունման անհրաժեշտությունը, որը նրանց պնդմամբ, կանխարգելիչ լավ հնարավորություններ է սահմանում։ 2007-ից քննարկվող օրինագիծը անընդհատ փոփոխվում է, սակայն այդպես էլ չի քննարկվում Ազգային ժողովի կողմից։

«Օրենքի ընդունումը անմիջականորեն կապված է նաև համապատասխան միջոցների ձեռնարկման հետ, որ պետությունը պետք է հատկացնի, դա կլինի ապաստարանների ստեղծում և այլ ծառայությունների տրամադրում։ Դա մեծ աշխատանք է պահանջում, պետությունն էլ մեկնաբանում է, որ չունի այդ ռեսուրսները, բյուջեում գումար չկա համապատասխան փոփոխության համար»,- ասում է Սոնա Հովակիմյանը։

Նաիրա Գեւորգյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյան

© MediaLab.am