«Գեյերին տրորելու եմ, ոտնատակ եմ տալու, պետք է վառենք». Նոր ագրեսիայի ալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ` հայտնի հաղորդումից հետո

24-02-2016
16253 դիտում
«Գեյերին տրորելու եմ, ոտնատակ եմ տալու, պետք է վառենք». Նոր ագրեսիայի ալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ` հայտնի հաղորդումից հետո

Վերջին օրերին հայաստանյան հանրությունում առկա ծայրահեղ հոմոֆոբ տրամադրությունները կրկին վառ կերպով արտահայտվեցին, երբ տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվեց նույնասեռական երիտասարդի մասին հաղորդում, ով իր սեռական կողմնորոշման պատճառով աշխատանք չի գտնում, և երբ Երևանի կենտրոնում ԼԳԲՏ համայնքի հինգ ներկայացուցիչները հարձակման ենթարկվեցին անհայտ անձանց կողմից։

Թեև մի շարք հասարակական կազմակերպություն դատապարտեցին ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հարձակումը և ատելության խոսքը, սակայն հասարակությանը արձագանքը կրկին բավականին բուռն էր ավելի շատ բացասական իմաստով. մի դեպքում մարդիկ սոցցանցերում արդարացնում էին ծեծող երիտասարդներին, մյուս դեպքում էլ ծաղրում ռիալիթի շոուի նույնասեռական հյուրին և ինչպես ընդունված է՝ և հաղորդման ընթացքում, և հետո ԼԳԲՏ համայնքին վառելու, ոչնչացնելու կոչեր հնչեցնում։

Մոսկովյան փողոցում՝ «Առագաստ» սրճարանի մոտակայքում, փետրվարի 15-ին հարձակման ենթարկված երիտասարդը, ով նույնասեռական է, «Մեդիալաբին» պատմում է, որ իր չորս ընկերների հետ հանգիստ զրուցելով քայլում էր, երբ երեք երիտասարդ տղամարդիկ շատ անսպասելի հարձակվել են իր վրա, հայհոյել՝ ասելով՝ «դե զզվցրիք արդեն» ու սկսել հարվածներ հասցնել գլխին, կողերին։

«Ոչ մի առանձնահատուկ բան չունեինք մեր վրա, որ ասեմ յառկի էինք կամ ԼԳԲՏ համայնքի դրոշներ էինք բռնել, նորմալ քայլում էինք, աղջիկներ կային մեզ հետ։ Մինչև հիմա մարմնիս վրա կան էդ այտուցները, չհաշված հոգեբանական սթրեսը»,- «Մեդիալաբին» պատմում է բռնության ենթարկված երիտասարդներից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։

Հարձակման ենթարկված երիտասարդը մինչ օրս չի հասկանում անսպասելիորեն անծանոթ մարդկանց կողմից իր գլխին թափված ագրեսիայի և բռնության պատճառը։

«Ես իմ համար նորմալ քայլում էի, ոչ մի վատ բան չէի անում, եթե անշնորհքություն արած լինեի, կասեի՝ օքեյ, լավ, ինչ ուզեց արեց, բայց չէ, ամեն ինչ նորմալ էր։ Չեմ պատկերացնում, որ կարելի է ոչ մի բանի համար մարդուն ծեծել, ոչ ուշ ժամ էր, ոչ կորած տեղ էր, քաղաքի կենտրոնում էր»,- տարակուսում է նա։

Մոսկովյան փողոցում զբոսնող 5 անձանցից մեկը Ռիմա Սարդարյանն է։ Նա ևս չի հասկացել հարձակման պատճառը, ասում է՝ մինչ օրս անհանգիստ է, ամեն հասարակ աղմուկից վեր է թռնում։

«Միայն իրենց երրորդ ընկերն էր ասում՝ «գործ չունեք, սրանք շառ են», իբր բաժանում էր, երբ ասացինք՝ ոստիկանություն կկանչենք, վախեցան, փախան։ Փաստորեն ուղղակի քայլելով կարող են մոտենալ մարդուն, հարձակվել վրան, ոչ մի բան համար մարդուն կարող են ծեծել, չեմ պատկերացնում։ Ահավոր է, քայլում ես, քեզ թվում է՝ հետևում են, մեկը թարս նայեց, վախենում ես, մի հատ չխկոցից վեր ես թռնում, չեմ կարողանում քնել»,- ասում է 22-ամյա Ռիման։

Հարձակման ենթարկված երիտասարդը հաջորդ օրը դիմել է ոստիկանության, սակայն մինչ օրս տեղեկություն չկա, թե ովքեր են հարձակման ենթարկված անձինք և նույնիսկ մինչ օրս դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել։ Ավելին՝ երիտասարդը պատմում է, որ և՛ ոստիկանությունում, և թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ դիմել էր բուժօգնություն ստանալու համար, արժանացել է արհամարհական վերաբերմունքի՝ «քմծիծաղների, էս կաբինետից էն կաբինետը չլվելու»։

«Բժիշկներից մեկն ասաց՝ 40 հազար դրամ պիտի վճարեմ գլխի սոնոգրաֆիայի համար, ես ասացի՝ նման գումար չունեմ, սկսեցին ձեռ առնել՝ կարող ենք արյուն վերցնել, արյան անալիզը անվճար է։ Մի կերպ հետազոտեցին, բայց նույնիսկ էպիկրիզը չտվեցին, որ կարդամ, չթողեցին, որ պատճենեմ, բայց ես իրոք շատ վատ էի, բայց ինչ իմանամ՝ միգուցե գրել են՝ շատ լավ եմ»,- պատմում է նա։

Այն, որ երիտասարդը մինչև հիմա դատաբժշկի փորձաքննություն չի անցել, «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանին թույլ է տալիս եզրակացնել, որ այս գործը հնարավոր է՝ նման շատ այլ գործերի նման ընթացք չստանա կամ արդար քննության չարժանանա։ 

«Սա միանշանակ ատելության հիմքով հանցագործություն է, ուղղակի Հայաստանում չկա այդ՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունների ընկալումը, իսկ իրավապահ դաշտը ունի խիստ նախապաշարմունքային մոտեցում։ Իմ հիմնական անհանգստությունն այն է, որ իրենք բավարար արդար չեն գտնվի այս գործը քննելիս։ Դեպքից մի քանի օր անցել է, դեռ դատաբժշկական փորձաքննություն չեն նշանակել, բնականաբար, շատ լուրջ մարմնական վնասվածքներ չեն ստացել, արտաքին կապտուկները, այտուցները լրիվ կանցնեն, կտանեն միգուցե փորձաքննության, կնայեն, կասեն՝ ոչ մի լուրջ բան չկա, գործը կկորի»,- ասում է Հովսեփյանը։

ԼԳԲՏ համայնքը ևս մեկ անգամ կոշտ վերբալ հարձակման ենթարկվեց  ATV հեռուստաընկերության  «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի ընթացքում:

Շոուի գլխավոր հյուրը նույնասեռական Էդգար Կարապետյանն էր, ով ասում էր՝ չի կարողանում աշխատանք գտնել իր սեռական կողմնորոշման պատճառով։ Սակայն հաղորդմանը հրավիրված հյուրերի մեծ մասը աշխատանքային խտրականության ցցուն օրինակը քննելու փոխարեն, սկսեց ատելությամբ լի խոսքեր հնչեցնել երիտասարդի հասցեին նրա մոր ներկայությամբ։

«Գեյերին տրորելու եմ, ոտնատակ եմ տալու, պետք է վառենք... ես ունեմ երեք երեխա, այո՛, միշտ տրորել եմ ու տրորելու եմ,- դահլիճի բուռն ծափահարությունների ներքո գոռում էր իրավաբան Գարիկ Գալիկյանը.- Իրականում ինձ վատ եմ զգում, որ մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք հանուն միջազգային գրանտների կարող են պաշտպանել համասեռամոլներին»։

Գալիկյանն իր այս դիրքորոշումը պաշտպանեց նաև հաղորդումից հետո՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում  և այլ քննարկումներում կրկնելով սպառնալիքները։

Ռեժիսոր Սարգիս Միքայելյանն էլ առաջարկեց. «Ինչո՞ւ չես զբաղվում անասնաբուծությամբ, անասունների հետ էլ քո հաճույքները կարող ես... , էն մարդը, որ քեզ աշխատանք կտա, էդ մարդու գլուխը ես մուրճով կջարդեմ, որովհետև Երևանի փողոցներով իմ երեխան է քայլում, որը 11 տարեկան է, գնա Հոլանդիա, համ մենք կպրծնենք, համ դու»։

Առավել քան հետաքրքիր էր հոգեբան Մարիամ Մեհրաբյանի ու սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի դիրքորոշումը, նրանք առաջարկեցին երիտասարդին «աշխատել իր վրա, կամքի ուժ դրսևորել, փոխել իրեն, իր սեռական կողմնորոշումը», նույնիսկ իրենց մասնագիտական օգնությունը առաջարկեցին Էդգարին «բուժելու» հարցում։ Երբ երիտասարդը ասաց, որ բուժումը հնարավոր չի համարում, հոգեբանը եզրակացրեց՝ «ուրեմն ցանկություն չունես»։  

Մինչդեռ վաղուց հայտնի փաստ է, որ մարդու սեռական կողմնորոշումը բուժման ենթակա չէ, իսկ նույնասեռականությունը հիվանդությունների շարքին չի դասվում։

Հաղորդման ընթացքում թեժացած կրքերը զարգացում ապրեցին նաեւ հաջորդող օրերին:

Կոչ անելով կարգապահական վարույթ իրականացնել փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ`«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահին։

«Գարիկ Գալիկյանի կողմից հրապարակավ հնչեցրած ատելության կոչերը և սպառնալիքները հակասում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին բոլոր օրենքներին և իրավական նորմերին»,- ասված է դիմումում։

Կազմակերպության ներկայացուցիչ Արման Սահակյանը «Մեդիալաբին» ասում է՝ հարձակումն ու այս հաղորդումը ապացուցում են, որ Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր կարծում են, որ ատելության հիմքով հանցագործություն կատարելու դեպքում անպատիժ են մնալու։ «Հակառակը պիտի ապացուցեն իրավապահ մարմինները՝ կատարելով ճիշտ քննություն և միանշանակ պատժելով մեղավորներին»,- շեշտում է նա։

Սահակյանը չստացված է համարում «Կիսաբաց լուսամուտների» թողարկումը՝ ասելով, թե իր տպավորությամբ՝ մասնակիցները այնտեղ էին հավաքվել ոչ թե Էդգար Կարապետյանի աշխատանք չգտնելու խնդիրը քննարկելու, այլ նրա միջոցով ողջ ԼԳԲՏ համայնքին սպառնալու և ատելության կոչեր հնչեցնելու համար։

«Մենք խոսում ենք մարդու մասին, որը հերոսություն ուներ հեռուստաեթերով իր խնդիրը չթաքցնելու, սակայն խնդիրը այնքան ծավալվեց, որ բարձրացավ նոր ագրեսիայի ալիք ողջ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։ Եվ դա կատարվեց կոնկրետ այնպիսի մասնագետների կողմից, ովքեր պետք է կանգնած լինեին այդ մարդու կողմից՝ նրա իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ատելության խոսքը բավականին շատ տարածվեց, բավականին ագրեսիվ հայտարարություններ և սպառնալիքներ հնչեցին սոցցացներում, և հիմնվելով այս հաղորդման վրա, կարելի է փաստել, որ նման հաղորդումները փաստացի ոչ թե օգնում են անձի խնդիրը լուծելու, այլ միտված են անձի էությունը ծաղրելուն և անձի միջոցով նրա համայնքի նկատմամբ ատելություն տարածելուն»,- ասում է Սահակյանը։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը այս տարի ևս իր տարեկան զեկույցում Հայաստանի մասին նշել է, որ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ 

«Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏ անձանց դեմ ատելության քարոզի կամ խտրականությանը վերաբերող հարցերին: Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության քարոզը կարգավորող օրենքների մեջ` ԼԳԲՏ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների համար սահմանափակելով իրավական ճանապարհը»,- ընդգծում են զեկույցի հեղինակները:

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի տեղեկություններով՝ առաջիկա տարում հնարավոր է Հայաստանում հակախտրական օրենք ընդունվի, սակայն օրենքը, նրա կարծիքով, կլինի դեկլարատիվ բնույթի, ինչպես եղել է Եվրոպական միության հետ ինտեգրվող Վրաստանի և Մոլդովայի պարագայում, և խտրականության ենթարկվող անձանց պաշտպանող մեխանիզմներ չի ունենա։

Նաիրա Գեւորգյան

© MediaLab.am