Կանանց իրավունքների օր. Ֆեմինիստ պլատֆորմ

08-03-2016
636 դիտում
Կանանց իրավունքների օր. Ֆեմինիստ պլատֆորմ

Մարտի 8-ը, լինելով կանանց իրավունքների պաշտպանության օր, հարթակ է ստեղծում բարձրաձայնելու կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների մասին և պահանջելու պետական մարմիններից և յուրաքանչյուր քաղաքացուց պայքարելու դրա դեմ և արժանապատիվ միջավայր ստեղծելու՝ կանանց լիարժեք կենսագործունեության համար:

Կանանց իրավունքները Հայաստանում լիարժեք պաշտպանված չեն: Կանայք, ներկայացնելով բնակչության 52%-ը, ենթարկվում են բռնությունների և խտրականության՝ սկսած ընտանիքից մինչև հասարակական-քաղաքական տարբեր հարթակներ:

Հայաստանի կանանց 61%-ը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության: Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է՝ ըստ սեռի հիման վրա հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշների, ընդ որում՝ Գեղարքունիքի մարզը՝ աշխարհում առաջին մարզն է ըստ այդ ցուցանիշների: Աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36%-ով ավելի քիչ, քան տղամարդիկ: Կանայք Հայաստանի իշխանությունում ընդհանուր առմամբ ունեն 8.3 % մասնակցություն, որտեղ՝ կին նախարարներ, փոխնախարարներ՝ 9%, բարձրագույն պաշտոններում քաղծառայողներ՝ 14%, պատգամավորներ՝ 10 %,մարզպետներ՝ 0 %, դատավորներ՝ 24 %, դեսպաններ՝ 6.5 %, քաղաքապետներ՝ 0 %, գյուղապետներ՝ 2 %, ավագանու անդամներ՝ 9.5%:

Այս տարի` Կանանց իրավունքների օրվա կապակցությամբ Ֆեմինիստ պլատֆորմը նախաձեռնել է քայլարշավ և երաժշտական ֆեստ: Միջոցառման խորագիրը հետևյալն է՝ «Կանայք տարբեր են», որտեղ մասնակիցներն ընդդիմանում են կնոջը տրված կարծրատիպային և միանշանակ դերերին՝ հնչեցնելով գաղափարը, որ կանայք տարբեր են, նրանց ընտրությունները՝ բազմազան և պետք չէ նույնականացնել կնոջ «դերն» ու «տեղը» սեփական պատկերացումների հետ: Յուրաքանչյուր կին ունի իր սեփական ուղին կերտելու իրավունքն ու ազատությունը:

Հիշեցնենք, որ Մարտի 8-ը առաջին անգամ հռչակվել է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր՝ 1910 թվ-ին Կոպենհագենում տեղի ունեցած «Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային Կոնֆերանս»-ի շրջանակներում: Միջազգային օր ունենալու առաջարկը հնչել է Կլարա Ցետկինի կողմից, որպեսզի այդ օրը կանայք հայտնեն իրենց պահանջները և հասարակությունը իրազեկվի կանանց խնդիրների մասին: 1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր և տոն: Հայաստանի անկախության հռչակումից հետո` 1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև` 2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Ֆեմինիստ պլատֆորմը անկախ հարթակ է ֆեմինիստների և ֆեմինիստական գաղափարախոսությունը կիսողներիհամար՝ հավաքվելու, կանանց իրավուքների պաշտպանությանն ուղղված, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրականության վերացման, ինչպես նաև առհասարակ մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին առնչվող քննարկումներ անցկացնելու և միասնական գաղափարներ կյանքի կոչելու համար: