«Արցախյան դասեր». ինչո՞ւ այժմ պետք չէ չճանաչել Ղարաբաղի անկախությունը

07-04-2016
268 դիտում
«Արցախյան դասեր». ինչո՞ւ այժմ պետք չէ չճանաչել Ղարաբաղի անկախությունը

Դժվար է ասել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում չորս օրվա ակտիվ ռազմական գործողություններից հետո կրակի դադարեցման պայմանավորվածությունը կլինի տևական, թե՞ ոչ: Այս պահին գոյություն ունի մեկ կարևոր ռազմական խնդիր, եթե ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ դեռ կան հայկական դիրքեր, ապա դրանք պետք է վերադարձվեն:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 6-ին կայացած «Իրավիճակը ԼՂՀհակամարտության գոտում. հետագա զարգացումներ» թեմայով քննարկմանը հայտարարեցին ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը և Վահան Փափազյանը:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Այս պահի դրությամբ հրապարակված տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 29 զոհ և 101 զիրավոր:
Ադրբեջանական կողմն, ըստ ԼՂՀ ՊԲ տվյալների, կորցրել է 29 տանկ, երկու ուղղաթիռ, 12 ռազմական անօդաչու սարք, 6 ԲՄՊ: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանական զինուժի զոհերը գերազանցում են 300-ը: Բաքվի տեղեկությունները սեփական կորուստների մասին, ըստ հայկական կողմի, խիստ նվազեցված են:
 
«Դժվար է այս պահին ասել, թե որքան ամուր կլինի մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունը: Հավանաբար, «Կարմիր խաչն» է միջնորդել, որ ադրբեջանական կողմը վերցնի դիակները, որոնք մնացել են ռազմական գործողությունների նշանակետ դարձած տարածքներում», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը սանձազերծելով ռազմական գործողություններ Ղարաբաղի հյուսիսից ու հարավից, փորձ կատարեց «ճեղքել մեր դիրքերը» և այդ արկածախնդրությունն արդարացնել տարածքային ձեռքբերումներով, ինչը տեղի չունեցավ:
«Սա ուղղակի կրակի դադարեցման մասին պայամանավորվածություն է, այլ ոչ զինադադար, քանի որ այն կնքվել է 1994 թվականին», - հայտարարեց նա:
 
Միակ խնդիրն այս պահին, որ առկա է, ըստ Վահան Փափազյանի, ռազմական է:
 
«Եթե կան հակառակարոդի կողմից օկուպացված տարածքներ, ապա դրանք պետք է վերադարձվեն: Սա է գերխնդիրը, որի իրականացումից հետո կարելի է քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել», - ասաց նա՝ հավելելով, որ եթե անգամ ստորագրվի զինադադարի նոր պայմանագիր, ապա այդ փաստաթղթի կողմերը պետք է հանդիսանան Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: «
 
Հայաստանն այստեղ անելիք չունի։ Դիվանագիտական մակարդակում մեր առաջին խնդիրը պետք է լինի բանակցությունների եռակողմ ձևաչափին վերադառնալը», - ասաց Փափազյանը։
 
Երկու բանախոսներն էլ թեպետ ընդունեցին, որ դիվանագիտությունը փակ գործընթաց է, ուստի դժվար է այդ իրողության պայամաններում գնահատական տալ Հայաստանի ԱԳՆ-ի աշխատանքներին, սակայն մեկ հարցում արտգործնախարարությունը հաստատ թերացել է:
 
«Նման իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ն պետք է բացեր 24-ժամյա ռեժիմով աշխատող մամուլի կենտրոն, հավատարմագրեր միջազգային լրագրողների և ապահովեր նրանց մեկնումը Լեռնային Ղարաբաղ: Պետք է լիներ ակտիվ և շուրջօրյա աշխատանքային ռեժիմ մամուլի և հասարակության հետ, որն օրինակ անում էր Պաշտպանության նախարարությունը», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
 
Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությանը՝ բանախոսներն նշեցին, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:
 
«Այդ քայլը կնշանակի բանակցություններից դուրս գալ, ինչը բխում է Ադրբեջանի շահերից: Քանի որ եթե մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը, դա նշանակում է, որ այլևս նրա ստատուսի վերաբերյալ որևէ քննարկում չենք կարող վարել: Կվերանա բանակցային այս ֆորմատը, իսկ դրան ձգտում է հասնել Ադրբեջանը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում Երևանը պետք է պատգամ հղի ՀԱՊԿ դաշնակիցներին, որ տեղի ունեցածը համարում է որպես հարձակում իր վրա:
 
«Եվ մենք պետք է հորդորենք մեր դաշնակցին՝ Ռուսաստանին, որ Ադրբեջանին նոր և հզոր սպառազինություններ չվաճառի, քանի որ երբ Բաքվին «Սմերչեր» են տալիս, պարզ է, չէ՞ այն ու դեմ պետք է օգտագործվի: Այն նավթ տեղափոխելու համար չէ», - հայտարարեց նա:
 
Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը, ըստ Փափազյանի ճիշտ է, երբ այն դիտարկում ենք միայն հայ-ռուսական հարաբերություների համատեքստում:
 
«Երևի պետք չէ բացատրել, թե Ռուսաստանը ինչ կալիբրի և մեծության պետություն է: Այն ունի իր շահերը տարածաշրջանում և ձգտում է դրանք իրացնել: Թե ինչպե՞ս, այլ հարց է: Ուստի երբ խնդիրը դիտարկում ենք Ռուսաստան-տարածաշրջան համատեքստում, այն այլ կերպ է ընկալվում», - հավելեց նա:
 
Արզումանյանը սխալ է համարում այս պահին որոշ հայաստանցի քաղաքական գործիչների հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական զինուժի հարձակման փաստի առիթով պետք է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
 
«Նախ միշտ Ադրբեջանն է փորձել խնդիրը այլ հարթակներ տեղափոխել, իսկ մենք դրան դեմ ենք դուրս եկել: Բացի այդ ՄԱԿ-ն իր գործն արել է այս հարցում՝ ընդունելով մի քանի բանաձևեր: Այս պահին խնդիրը բարձրաձայնել ՄԱԿ-ում անարդյունավետ քայլ կլինի, քանի որ այն կարող է ուղղվել մեր դեմ: Բավական է, որ ՄԱԿ-ում այս պահին կա ընդգծված բացասական վերաբերմունք Ռուսաստանի վերաբերյալ, ինչը կօգտագործի Թուրքիան այնտեղ հակահայկական բանաձևերի նախագածեր ներկայացնելու համար», - եզրափակեց նա:
 
Այս պահին բանախոսները տեղին համարեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության վերաբերյալ պայամանգրի կնքումը, ինչը սակայն դժվարանում է այն հանգամանքով, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ:
 
«Սակայն ցանկույթան դեպքում հնարավոր կլինի բանաձևեր գտնել այդ խնդրի լուծման համար», - համաձայնեցին բանախոսները:   

Քննարկման տեսագրությունը դիտեք 
այստեղ:
  
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր