Նոր իրավիճակ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ. հրադադարի և բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները

08-04-2016
1015 դիտում
Նոր իրավիճակ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ. հրադադարի և բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները

«Ռազմական առումով Ադրբեջանը պարտվել է, քանի որ հարձակվող կողմի խնդիրը պետք է լինի հաղթելը, իսկ պաշտպանվող կողմի խնդիրը չպարտվելն է».- այսօր Մեդիա կենտրոնում «Նորիրավիճակ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ. հրադադարի և բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարեց  Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությանը` քաղաքագետը նշեց. «Չեմ կարծում, որ կրակի դադարեցման այս համաձայնությունը կարող է լինել երկարատեւ եւ ամուր: Ադրբեջանն ի սկզբանե խնդիր չէր դրել լայնամասշտաբ պատերազմի կամ Ստեփանակերտը գրավելու, նրանց խնդիրը  պարտվածի 22 տարվա այս հոգեբանությունից դուրս գալն էր, ցույց տալը, որ իրենք էլ կարող են կռվել, եւ դա  հեռուստատեսությամբ ներկայացնելը: 21-րդ դարում պատերազմները հաղթում են  ոչ միայն եւ ոչ այնքան մարտի դաշտում, որքան «հեռուստացույցի մեջ»,- նշեց Իսկանդարյանը:

Նա հավելեց, որ այդքանն արված է, եւ նաեւ դա է պատճառը, որ արդեն մարտական գործողությունների երկրորդ իսկ օրը Բաքվից խոսեցին կրակը միակողմանիորեն դադարեցնելու պատրաստակամության մասին:

«Հենց այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, ինձ ցույց է տալիս Մոսկվայի դերակատարությունը: Քանի դեռ հետաքրքրությունները և նպատակները չեն բավարարվել, հրադադար լինել չի կարող»,-հայտարարեց քննարկման մյուս մասնակից Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը, որի խոսքով` այս վերջին լարման նախաձեռնողը Ռուսաստանն էր:

«Կան նաև Ադրբեջանի հետաքրքրությունները, բայց ինձ համար ակնհայտ են Ռուսաստանի հետաքրքրությունները ևս: Եթե Ադրբեջանի համար միգուցե այս գործողությունները տվեցին ներքին սպառման տեսանկյունից որոշակի արդյունքներ, ապա ՌԴ-ի նպատակն է ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը, բայց այդ նպատակին չհասան: Այն պատասխանը , որ տվեց հայկական կողմը, դա թույլ չտվեց: Ուստի քանի դեռ այդ նպատակին չեն հասել,  նման միջադեպեր էլի կարող են լինել»-եզրափակեց բանախոսը: 

Քննարկմանը մասնակցող միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` իրավիճակը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը չի կարող առաջ գալ, ավելին, կորցրեց այն, ինչին հասել էր ապրիլի 2-ի դրությամբ:

«Ուստի պատահական չէ, որ նա ապրիլի 3-ին միակողմանի հրադադարի մասին հայտարարություն էր անում, քանի որ ցանկանում էր պահել գրավված Թալիշ, Սեյսուլան և մյուս գյուղերը: Իսկ հայկական կողմը նպատակ չունի հակահարձակման անցնել»:

Սաֆարյանը, թվարկելով այն նպատակները, որոնք դրել էր Ադրբեջանն իր առջեւ` նշեց. «Կարևոր է`արդյոք բավարարվել են նրանց նպատակները, որոնք կանգնած են այս սրման ետևում: Ամենևին էլ այդ իրավիճակը չէ: Ցանկություն է եղել Ադրբեջանի կողմից ազատվել 1994 թվականի համաձայնագրից, որտեղ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը կողմ է: Բայց դա շատ   վտանգավոր է: Եթե հրադադարի պայմանագիր, ապա այն արդեն ստորագրված է, այն պետք է պարզապես պահպանել: Իսկ եթե ուժի չկիրառման պայմանագիր է, դա արդեն այլ խնդիր է եւ այն չպետք է լուծվի Մոսկվայում, դրանով պետք է զբաղվի Մինսկի խումբը»: 

Քննարկմանը Արցախից տեսազանգով միացած ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ  Հայկ Խանումյանը նախ նշեց, որ  Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը Արցախը չի մասնակցել, և ԼՂՀ ՊԲ-ն որևէ կերպ պարտավոր չէ այդ համաձայնությունը կատարել:

«1992-1994 թվականների ընթացքում տասնյակ այդպիսի հրադադարներ են եղել: Ես շատ չեմ վստահում այս կրակի դադարեցմանը: Ուղղակի բանավոր պայմանավորվածություն է, որը համենայն դեպս՝ հնարավորություն կտա կողմերին շունչ քաշել եւ վերադասավորվել»:

Նա նաեւ ընդգծեց, որ տեղեկատվությունը, թե ադրբեջանական զինուժի կողմից գրավված է եղել նաեւ Սեյսուլանը, չի համապատասխանում իրականությանը:

«Սեյսուլանի հետ կապված ոչինչ չի փոխվել: Թեև Թալիշում սկզբից դիրքեր ենք կորցրել, բայց երբեք էլ այդ գյուղը չի եղել ադրբեջանական վերահսկողության տակ: Թալիշի դիրքերը մեծ մասամբ հետ են վերցված և թշնամին հետ է շպրտված»,- նշեց ԼՂՀ Աժ պատգամավորը: 
 
Հայկ Խանումյանը  նաեւ  ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից այս ճեղքումը չհաջողվեց` բացառապես մեր զինվորների եւ սպաների անձնազոհության շնորհիվ:

«Սակայն մենք ունեցանք տեխնոլոգիական լուրջ խնդիրներ եւ բազմաթիվ կորուստներ կրեցինք անօդաչու սարքերի պատճառով: Սա ցույց է տալիս, որ մեր պաշտպանության բանակում տեխնոլոգիաները բավականին թույլ են զարգացած: Եվ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանությունը Բեռլինում ցույց է տալիս, որ մեր բանակի տեխնոլոգիապես արդիականացմանը խոչընդոտած մարդիկ պետք է հեռանան բանակի ղեկավարությունից: Ոչ Յուրի Խաչատուրովը եւ ոչ էլ Սեյրան Օհանյանը այսօրվա պայմաններին չեն համապատասխանում: Այսօրվա բանակի արդիականացման խոչընդոտումը, անգործությունը առնվազն այս երկու անձանց հետ է կապված: Եվ այս երկու անձինք պետք է անպայման հեռանան եւ բանակում հայտնվեն նոր ղեկավարներ, որոնք կփորձեն բանակը տանել տեխնոլոգիական զարգացման ուղիով»,-հավելեց Խանումյանը:

Արևիկ Սահակյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող