«Ի Լուր»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

12-04-2016
719 դիտում
«Ի Լուր»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

«Ի Լուր»- Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։

– Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։

– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։

– Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ Ձեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքների առկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ Սերժ Սարգսյանին։

– Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։

– Դատելով էլեկտրոնային մամուլի եւ ֆեյսբուքյան արձագանքներից, հասարակությունն իսկապես նկատելիորեն հուսադրվել ու դրական է գնահատել Ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, բայց կան նաեւ, մեղմ ասած, կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում են ստվեր նետել այդ փաստի վրա։

– Դավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետեւում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարեւորը հասարակության մեծամասնության կարծիքն է։

– Շատերի ընկալմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ Ձեր կատարած կանխատեսումներն իրականանում են։ Դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին։

– Կանխատեսություն ասվածի մեջ մոգական բան չպետք է փնտրել. դրանք ընդամենը եղել են գնահատականներ, բխած քաղաքական գործընթացների զարգացման միտումների իմ ըմբռնումից։ Եթե ոմանց թվում է, թե ես պետք է բավարարված լինեմ իմ «կանխատեսումների» իրականացման փաստից, ապա այդ մարդիկ մոլորվում են։ Ես շատ ավելի ուրախ կզգայի, որ սխալված լինեի ու դրանք չիրականանային։ «Բա որ ասում էի» տիպի «խորիմաստ» մտքերն ինձ համար անպտուղ տափակաբանություններ են։ Որ ասում էիր, քեզ ժամանակին պիտի լսեին։ Հիմա այդ ասածներդ որեւէ արժեք չունեն։ Ո՞ւմ է պետք հետին խելքը։

Ավելին` սկզբնաղբյուրում